Լրահոս
Օրվա լրահոսը

Ստյոպա Սաֆարյան. Սահմանադրական փոփոխությունների նախագծում իշխանության ճյուղերի ճշգրիտ տարանջատման խնդիրը լուծված չէ (Տեսանյութ)

Օգոստոս 24,2015 14:27

«Ես երբեւէ չէի եղել գործող Սահմանադրության կողմնակիցներից»,- օգոստոսի 24-ին «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի նախագահ Ստյոպա Սաֆարյանը:

Նա նշեց, որ գործող Սահմանադրության գործելու դեպքում նման իրավիճակ չէր ստեղծվի. «Կարծում եմ՝ հավելյալ ճիգեր պետք չէ գործադրել հասկանալու համար, որ Սահմանադրությունն ավանդաբար խախտվել է, խաթարվել է սահմանադրական կարգը, դա ընտրությունների ժամանակ է եղել, դա ամենակրիտիկական ժամանակ է եղել»:

Ստյոպա Սաֆարյանի կարծիքով՝ բազմակուսակցական համակարգի կայացման ամենակարճ ուղին խորհրդարանական կառավարումն է. «Այս համակարգն այն համակարգն է, որտեղ փոքրամասնության տեսակետը ներկայացնելու կամ որոշումներում արտացոլելու պարտադրող նորմերը, հնարավորությունները քիչ են, եւ որի պատճառով մենք ունենք մի համակարգ, որտեղ եթե մի քաղաքական ուժ հաղթում է, ապա նա միանձնյա տնօրինում է եւ կայացնում է որոշումներ: Բազմաթիվ առիթներ են եղել Ազգային ժողովում, երբ մեզ ասվել է՝ մենք ենք ստացել վստահություն եւ մենք էլ պիտի որոշենք, կոալիցիա կազմելու եւ մյուս հարցերը մնացել են կուսակցության, այսպես ասած, խղճի եւ նպատակահարմարության վրա»:

Ըստ նրա՝ առաջարկված նախագծում իշխանության ճյուղերի ճշգրիտ տարանջատում խնդիրը լուծված չէ. «Առաջարկված նախագծում մենք ընդամենը ունենք ուժային կենտրոնի տեղափոխություն: Եթե գործող Սահմանադրությամբ ուժային կենտրոնը գտնվում է Բաղրամյան 26-ում՝ նախագահի ինստիտուտի ներքո, ապա այժմ այդ ուժային կենտրոնն ենք տեղափոխում, այլ ոչ թե իշխանությունը տարալուծում եւ բաժանում գործադիր, օրենսդիր եւ դատական իշխանության միջեւ, որպեսզի մենք ունենանք միմյանց հակակշռող»:

Ստյոպա Սաֆարյանն առանձնացրեց դատական իշխանության խնդիրը. «Մենք այս գործող Սահմանադրությամբ ունեցել ենք բավական խորամանկ ձեւով  դատական իշխանությունը գործադիրից եւ հանրապետության նախագահից կախման մեջ դնող մեխանիզմ, որի պատճառով մեզ մոտ իշխանության երրորդ ճյուղ երբեւիցե կամ, ընդհանուր առմամբ, գոյություն չի ունեցել. մի ճյուղ է եղել, որը ձեւավորվել է եւ որի անդամները՝ դատավորները, հրաշալի գիտեն, թե ով է իրենց նշանակում, ում առջեւ են իրենք հաշվետու, եւ նրանց համար այդ մեխանիզմը դեպի վերեւ ավելի  որոշիչ է, քան իրենց պատասխանատվությունը օրենքի կիրառման առումով: Արդյոք այդ խնդիրը լուծվա՞ծ է նոր Սահմանադրության մեջ, ցավոք՝ ոչ, հուսամ, որ քննարկումների ընթացքում արմատապես կվերանայվի ճիշտ այնպես, ինչպես շատ վտանգավոր կետեր հանվեցին»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31