Ծեծի ենթարկված «Պանտեռա» անվտանգության ծառայության հերթափոխի պետ Վարազդատ Խոցանյանի վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր: Այս մասին Aravot.am-ին ասաց Երեւանի պետական բժշկական համալսարանի մամուլի խոսնակ Ալեկսանդրա Հարությունյանը: Նրա փոխանցմամբ՝ այսօր օրվա մեջ պարզ կլինի՝ կվիրահատե՞ն նրան, թե՝ ոչ, առայժմ բժիշկները սպասում են, որ նրա վիճակն ավելի կայունանա, որպեսզի վիրահատեն:
Նշենք, որ Վարազդատ Խոցանյանը գտնվում է համալսարանական թիվ 1 հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում: Նա ունի դիմածնոտային համակարգի վնասվածք, դիմային ոսկորի կոտրվածք, ուղեղի ցնցում, սալջարդեր:
Հիշեցնենք, որ ըստ շրջանառվող լուրերի, օգոստոսի 21-ին, ժամը 03.30-ի սահմաններում, Ալեք Մանուկյան փողոցի վրա գտնվող «Մուզ կաֆե» սրճարանի մոտ Խոցանյանի վրա հարձակվել են մի խումբ անձինք եւ դաժան ծեծի ենթարկել:
ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից Aravot.am-ին ասացին, որ հետաքննությունը շարունակվում է, առայժմ մանրամասներ չեն կարող ասել: Ինչ վերաբերում է ձերբակալված անձինք կա՞ն, թե՝ ոչ, եւ ծեծկռտուքի գլխավոր մասնակից 26-ամյա Հարություն Թանգամյանին, որն օրեր առաջ ներկայացել էր բաժին եւ ինքնախոստովանական բացատրություն տվել, ոստիկանությունից ասացին, որ այս անձին ձերբակալելու կամ այլ որոշում կայացնելու վերաբերյալ էլ նորություն չկա: Դեռ պետք է որոշվի՝ գործն ուղարկելու են քննչական կոմիտե՞, թե՞ դատախազություն: Հիշեցնենք, որ Թանգամյանը «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանության բաժնի նախկին պետ, ոստիկանության գնդապետ Վանիկ Թանգամյանի որդին է:
Aravot.am-ը փորձեց զրուցել «Պանտեռա» անվտանգության ծառայության ղեկավար Վահե Դարբինյանի հետ, սակայն նրա գործավարուհին վստահեցրեց, որ նա տեղում չէ, այսօր չի էլ լինելու, եւ ղեկավարի անունից փոխանցեց, որ ավելին չեն կարող ասել, ինչ գրված է մամուլում:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ