Լրահոս
Օրվա լրահոսը

Հստակեցվում է նաեւ բուժօգնության որակի սահմանումը, ստեղծվում են բուժօգնության որակի գնահատման չափորոշիչներ

Օգոստոս 24,2015 15:00

Բժշկական ծառայությունների որակը եւ անվտանգությունը բարելավելու, բնակչության առողջությունը պահպանելու նպատակով՝ առողջապահության նախարարի նախաձեռնությամբ, բացի արդեն գործող չափորոշիչներից, հստակեցվում է նաեւ բուժօգնության որակի սահմանումը, ստեղծվում են բուժօգնության որակի գնահատման չափորոշիչներ:

Այս մասին «Առավոտի» հետ զրույցում ասաց առողջապահության նախարարի տեղակալ Գագիկ Միրիջանյանը: Ըստ նրա, այս ամենով փորձ է արվում կարգավորել դաշտը. «Բուժօգնության որակն, ինքնին, շատ բարդ հասկացություն է: Այն տրիադայի համագումար է՝ գործընթաց, վերջնական արդյունք, վերլուծություն: Միայն այս շղթայի շրջանակում կարելի է կատարել բուժօգնության որակի գնահատում: Եվ եթե այս տեսանկյունից նայենք համակարգում իրականացված աշխատանքներին, ապա կփաստենք, որ որակի ապահովման նպատակով տարբեր ուղղություններով բավականին աշխատանքներ են կատարվել»:

Պարոն Միրիջանյանը, որպես օրինակ, նշեց վերջին տարիներին կառուցված եւ նորագույն բուժտեխնիկայով վերազինված հիվանդանոցները, ներկայացրեց դաշտը կարգավորող օրենսդրական փոփոխությունները, որում բավականին մեծ ուշադրություն է դարձվել բժիշկների մասնագիտական որակավորման բարձրացմանը: Ըստ մեր զրուցակցի, հինգ տարին մեկ բժիշկը պետք է վերապատրաստվի, սակայն, շատ դեպքերում, հենց բուժհաստատությունները չեն հետեւում իրենց իսկ կադրերի վերապատրաստմանը. «Ի ուրախություն մեզ, ՀՀ Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունվել է «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը։ Այս նախաձեռնության նպատակը առողջապահության համակարգում գործող բժիշկների եւ բուժքույրերի մասնագիտական որակների եւ նրանց գիտելիքների բարձրացումն է։ Կարծում ենք, որ օրենսդրական այս փոփոխությամբ կծածկվի այս ոլորտում առկա բացը: Մեր մասնագետները, բժիշկները անհատական լիցենզիա չեն ստանում, բայց տարիների ընթացքում անհրաժեշտ կրեդիտները հավաքելու համար պետք է շարունակաբար զարգացնեն եւ արդիականացնեն իրենց գիտելիքները, նոր գործնական հմտություններ ձեռք բերեն, ծանոթանան ժամանակակից բժշկագիտության զարգացման տենդենցներին ու նորամուծություններին: ՀՀ առողջապահության նախարարությունը Հայաստանում կներդնի միջազգային փորձին համահունչ շարունակական մասնագիտական զարգացման (ՇՄԶ) կրեդիտային համակարգ»:

Փոխնախարարը նաեւ ասաց, որ բուժօգնության որակի չափորոշիչները մշակելու համար առողջապահության նախարարի հրամանով կստեղծվի հանձնաժողով, որը կուսումնասիրի ընդհանուր դաշտը եւ հաշվի առնելով միջազգային փորձը՝ կմշակի համապատասխան գործելակարգեր եւ չափորոշիչներ:

«Տպավորություն չստեղծվի, որ ներկայումս դաշտը կարգավորող գործելակարգեր եւ չափորոշիչներ չկան: Գրեթե ամբողջությամբ կանոնակարգված են պետական պատվերի տեղադրման, մանկաբարձագինեկոլոգիական ծառայության, մանկաբուժության եւ այլ ոլորտները, որոնցում գործում են համապատասխան գործելակարգեր ու չափորոշիչներ, նախարարի նորմատիվային հրամաններ եւ այլ փաստաթղթեր: Բայց քանի որ բժշկությունն ու բժշկագիտությունը բավականին արագ զարգացող ուղղություններ են, իսկ առողջապահական համակարգը՝ բազմաշերտ, պետք է մեր գործունեությունը համահունչ դարձնենք աշխարհի զարգացումներին: Հնարավոր է նաեւ, որ նոր ուղղություններ լինեն, որոնք բժշկական պրակտիկայում համարվում են բժշկական օգնության տեսակ, սակայն մեզ մոտ դեռ դա չի ներդրվել»,- ասաց Գագիկ Միրիջանյանը:

Նրա ներկայացմամբ, սոցհարցման մեթոդների ներդրման գործում եւս կօգտվեն միջազգային պրակտիկայից. «Եթե անհրաժեշտություն լինի, կհրավիրենք փորձագետներ, որոնց հետ կմշակենք բուժօգնության որակի գնահատման մեթոդաբանությունը: Նշեմ, որ այս ուղղությամբ բավականին մեծ անելիքներ ունեն նախարարության ենթակայությամբ գործող երեք ինստիտուտները՝ Ս. Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտը, Ա. Ալեքսանյանի անվան համաճարակաբանության, վիրուսաբանության եւ բժշկական մակաբուծաբանության գիտահետազոտական ինստիտուտը, Ն. Բ. Հակոբյանի անվան ընդհանուր հիգիենայի եւ մասնագիտական հիվանդությունների գիտահետազոտական ինստիտուտը: Նրանք արդեն իսկ ընդգրկված են չափորոշիչների մշակման աշխատանքներում»:

Գագիկ Միրիջանյանի խոսքերով, բուժօգնության որակի վերահսկողությունը պետք է իրականացնի նախարարության ենթակայությամբ գործող Առողջապահական պետական տեսչությունը. «Արդեն իսկ գործող 58 ստուգաթերթ կա: Նախարարի հանձնարարականով մշակվել է եւս 20 ստուգաթերթ, որոնք համապատասխան գործընթաց անցնելուց հետո՝ կներդրվեն համակարգում:

Ստուգող մարմնի կողմից հայտնաբերված թերությունների շտկման արդյունքում եւս ոլորտում դրական փոփոխություններ կունենանք»:

Մեր զրուցակիցը վստահեցրեց, որ մեծ ուշադրություն է դարձվելու կադրերի մասնագիտական շարունակական զարգացման հարցերին: Նշեց, որ կրեդիտները տրամադրվելու են 3 հիմնական ուղղություններով՝ տեսական գիտելիքների զարգացում, գործնական հմտությունների զարգացում եւ ինքնակրթում. բժիշկը պարտավոր է լինելու 5 տարվա ընթացքում կրեդիտներ հավաքել բոլոր 3 ուղղություններով: Այդ նպատակով կազմակերպվելու են վարպետության դասեր, մասնակցություն միջազգային համաժողովներին եւ այլն. «Այս տարվա հոկտեմբերին առողջապահության նախարարության հովանու ներքո Հայկական լյարդաբանական ֆորումը Հայաստանում է կազմակերպվելու: Հեպատիտներին նվիրված լյարդաբանների միջազգային համաժողով է, որին մարզերի բժիշկներն անվճար մասնակցելու հնարավորություն կունենան: Նմանատիպ միջոցառումներ շատ են կազմակերպվելու, որպեսզի մեր բժիշկներն ու բուժքույրերը լինեն ավելի պատրաստված, ավելի մասնագիտացված, իսկ վերջնական արդյունքի գնահատականը պետք է տա մեր հասարակությունը»:
Խոսելով համակարգի խնդիրներից՝ պարոն Միրիջանյանն ասաց. «Ողջ աշխարհում առողջապահության համակարգում մշտապես խնդիրներ կան, քանի որ այն անընդհատ գործող եւ զարգացող համակարգ է: Մենք այժմ մեծ հաստատակամությամբ ենք լցված եւ ուղիղ աշխատանքներ ենք տանում առկա խնդիրները շտկելու համար: Մենք աչք չենք փակում ոչ մի խնդրի վրա, ընդհակառակը, անընդհատ հետեւողական ենք: Բոլոր քննարկումների ժամանակ բավական խիստ մոտեցումներ են ցուցաբերվում։ Մեր նպատակը բացերը լրացնելն ու խնդիրներին լուծումներ տալն է, որպեսզի համակարգն անխափան գործի»: Գագիկ Միրիջանյանի խոսքերով, մոտ ապագայում բոլոր բժշկական հաստատություններն ունենալու են որակի հսկման մասնագետներ. «Եթե բուժհիմնարկները մեծ են, ունենալու են նաեւ որակի հսկման բաժին, բուժօգնության որակի մասնագետ: Այսինքն՝ մարդիկ, ովքեր գնահատելու եւ անմիջապես պատասխանատվություն են կրելու բուժօգնության որակի ապահովման գործում: Այս քայլով եւս փորձում ենք բժշկական ծառայություններն ավելի որակյալ եւ չափելի դարձնել:

Ամեն մի ժամանակահատված իր հստակ քայլերն է պահանջում»:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
22.08..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31