Լրահոս
Օրվա լրահոսը

«Այդ մարդկանց մանկության երազանքն է եղել նախագահ լինել, հիմա էլ նախագահի պաշտոնը վերացել է». Ռուստամյան

Օգոստոս 24,2015 13:37

«Ինչու էինք մենք լռում՝ որովհետեւ աշխատում էինք: Այս ամբողջ ընթացքում մենք վերլուծական, ուսումնասիրական գործ ենք արել, բազմաթիվ քննարկումներ ենք ունեցել մասնագիտական խմբի հետ, ՀՀ նախագահի հետ: Երբ հրապարակվեց նախագիծը երկու փուլով, դարձյալ աշխատանքները շարունակել ենք: Հրապարակելուց հետո մենք մոտ 20 կետով առաջարկներ ենք ներկայացրել աշխատանքային խմբին»,- այսօր հրավիրած ասուլիսում ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը:

Ըստ նրա, ՀՅԴ-ն երեք սկզբունք ուներ՝ անցում կառավարման խորհրդարանական համակարգի, 100 տոկոս համամասնական ընտրակարգ, ընդդիմությանը իրական լծակներ տալ՝ ազդելու իշխանության վրա. «Այս երեք սկզբունքներն արտացոլված են ներկա Սահմանադրության տեքստում: Իբրեւ քաղաքական ուժ, որն իր պատկերացումներն ունի երկրի ապագայի հանդեպ, մեր մոտեցումները հաղթանակել են: Որեւէ քաղաքական ուժի համար ավելի մեծ հաղթանակ դժվար է պատկերացնել, որ 5 հոգանոց պատգամավորական խմբով իր մոտեցումներն առաջ տանի: Քաղաքական ուժը նրա համար է, որ իր ծրագրերը, իր պատկերացումներն առաջ մղի: Այս փաստաթուղթը մեզ բավարարում է: Ամեն ինչ անելու ենք, որ ժողովուրդն ընտրի նոր Սահմանադրությունը, եւ մենք գնանք բոլորովին նոր ուղղությամբ»:

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի խոսքերով՝ շատ են խոսում այն մասին, որ հասարակական պահանջ չկա Սահմանադրությունը փոխելու. «Չգիտեմ որտեղից այս ձեւակերպումը: Մենք այդ պահանջն ունեցել ենք 25 տարի: 25 տարի պայքարել ենք: ՀՀ-ում բոլոր պրոբլեմների հիմքը քաղաքական է: Այս համակարգը մենիշխանություն ծնող եւ մենիշխանության տանող համակարգ է, թիվ մեկ խնդիրն էր ազատվել այդ համակարգից, որպեսզի գնանք իշխանության ապակենտրոնացման:

Մենիշխանություն չի լինի այս համակարգում: Հաղթողը ստանում էր ամեն ինչ, պարտվողը՝ ոչինչ: Խորհրդարանական կառավարման համակարգում այդ ամենը բացառվում է: Եթե առաջ 51 տոկոս մեկն էր ստանում, 49 տոկոս՝ մյուսը, 49 տոկոս հավաքածը միանգամից վերանում էր քաղաքական դաշտից: Այս ընթացքում լսում ենք տարբեր քաղաքական ուժերի մեկնաբանությունները եւ զարմանում ենք: Մեկն ասում է՝ ԱԺ նախագահն է ամենամեծ լիազորությունները տերը, մյուսն էլ ասում է՝ չէ, վարչապետն է: Ամեն մեկը իր հայացքով է նայում: Պետք է խոսել ապակենտրոնացման մասին, բաշխված են լիազորությունները»:

Արմեն Ռուստամյանը նշեց, որ հետեւում է քաղաքական ուժերի, պաշտոնյաների հայտարարություններին՝ նախագծի մասին, եւ նրանց 3 մասի է բաժանում. «Չեմ հավատում այն քաղաքական ուժին, որը 200 էջանոց փաստաթուղթ է հրապարակվում՝ կես ժամ հետո հարցազրույց է տալիս: Մենք անլուրջ եւ անպատասխանատու ենք համարել չծանոթանալով տեքստին՝ հարցազրույցներ տալ: Բա կես ժամ հետո հարցազրույց տվող ղեկավարը ո՞նց կարող է լուրջ համարվի: Մարդիկ կան, որ չեն կարդացել, խոսում են, մարդիկ կան, որ կարդացել են, բայց չեն հասկացել, մարդիկ կան, որ լավ էլ կարդացել են, լավ էլ հասկացել են, բայց իրենց ձեռնտու չի: Ես լուրջ կասկածներ ունեմ, որ այդ մարդկանց մանկության երազանքն է եղել նախագահ լինել, հիմա էլ նախագահի պաշտոնը վերացել է»:

Հարցին՝ պատրա՞ստ եք նպաստել Սերժ Սարգսյանի վերարտադրությանը՝ Ռուստամյանը պատասխանեց. «Այս Սահմանադրությունը վերարտադրությունը էապես նվազեցնում է»:

Իսկ Աղվան Վարդանյանը հավելեց, որ որեւէ անձի վերարտադրության խնդիր չեն ունեցել՝ կլինի Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան, Աղվան Վարդանյան՝ պետք է համակարգը փոխել, ոչ թե անձը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31