Լրահոս
Օրվա լրահոսը

Համահայկական խաղերը՝ մրցասպարեզներից դուրս

Օգոստոս 24,2015 14:30

Գրեթե տասն օր է, ինչ Համահայկական 6-րդ ամառային խաղերն ավարտվել են, սակայն այդ առիթով Հայաստան ժամանած մեր հայրենակիցներից շատերը չեն շտապում իրենց երկրներ վերադառնալ:

«Առավոտի» տեղեկություններով, պատվիրակություններ կան, որոնց մի մասը դեռ Հայաստանում է: Նրանք մնացել են, որպեսզի ավելի մոտիկից ու ավելի լավ ճանաչեն Մայր Հայրենիքը:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարուն համընկած Համահայկական համաշխարհային խաղերը բոլոր առումներով ռեկորդներ սահմանեց: Մասսայականության տեսանկյունից Համահայկական խաղերը գրեթե հավասարվում են ՄՕԿ-ի հովանու ներքո անցկացվող ամառային օլիմպիական խաղերին:

Համահայկական խաղերին այս տարի մասնակցեցին աշխարհի մոտ չորս տասնյակ երկրների 175 քաղաքներ:

Միայն մարզիկների թիվը 6352 էր: Սրան ավելացնենք պատվիրակությունների կազմերի մյուս անդամներին, մարզիչներին, նրանց հետ ժամանած հարազատներին, բարեկամներին, երկրպագուներին, զբոսաշրջիկներին, որոնք նույնպես մի քանի հազար էին:

Համահայկական 6-րդ խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձեւերի թիվն ավելացել էր 7-ով՝ հասնելով 17 մարզաձեւի:

Առաջին անգամ Համահայկական խաղերին մասնակցեցին Պատմական Հայրենիքի 8 քաղաքներ՝ շուրջ 900 մարզիկներով: Իսկ ժամանածների ընդհանուր թիվը անցնում էր 1300-ի սահմանը:

Վիճակագրական այս տվյալները կարելի է էլի շարունակել: Կարելի է արձանագրել նաեւ, որ անհամեմատ մեծացել է մրցակցության մարզական մակարդակը:

Սակայն Համահայկական խաղերի գլխավոր խորհուրդը Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունն է, հայապահպանության կազմակերպումը աշխարհի բոլոր ծայրերում, հատկապես Հայրենիքից հեռու ծնված երիտասարդ սերնդին Հայաստանի հետ կապելը: Այս առումով, Խաղերի դերակատարությունն անգնահատելի է: Հենց այնպես չէ, որ դեռ Հայաստանում մնացած եւ իրենց երկրներ վերադառնալ չշտապողների ճնշող մեծամասնությունը հենց արտասահմանում ծնված ու մեծացած հայ երիտասարդ սերունդն է: Այս օրերին նրանք շրջել են ամբողջ Հայաստանով մեկ, մի քանի օր եղել Արցախում, հյուրընկալվել Հայաստանի սահմանները պաշտպանող զինվորներին, սահմանամերձ գյուղեր ու քաղաքներ, ծանոթացել մեր պատմամշակութային բացառիկ ժառանգությանը:
Խաղերի ընթացքում, սակայն, եղան նաեւ որոշ իրադարձությունների թյուր մեկնաբանություններ, որոնց տողատակերում այլ ենթատեքստեր էին դրվում: Խոսքը, մասնավորապես, այն մասին է, որ որոշ թիմեր, որոնց մրցումները նշանակված էին Գյումրիում, հրաժարվել են բնակվել հանրապետության երկրորդ քաղաքում: «Առավոտը» հետաքրքրվել եւ պարզել է, որ այո, այդպիսի թիմեր եղել են ու դրանք Կանադայից էին: Սակայն նրանք ցանկացել են մնալ Երեւանում ոչ թե այն պատճառով, որ Գյումրիում բնակության կամ մրցումային պայմաններն են վատը եղել, գյումրեցիներն անհյուրընկալ են գտնվել, այլ այն, որ առաջին անգամ ժամանելով Հայրենիք, ցանկացել են այդ տասն օրն ավելի շատ անցկացնել մայրաքաղաքում: Իսկ Գյումրիում մրցելուց ամենեւին էլ չեն հրաժարվել:

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
22.08..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31