Անցած ուրբաթ օրն Ամստերդամ-Փարիզ գնացքում տեղի ունեցած միջադեպի ընթացքում Այուբ Էլ-Խազանին դիմադրել է Փարիզի Սորբորնի համալսարանի աշխատակից Մարկ Մուգալյանը։ Այս տեղեկությունը հրապարակել է «The Telegraph»-ը։
Մուգալյանը փորձել է Էլ-Խազանի ձեռքից խլել ԱԿ-47 տեսակի ինքնաձիգը։ Նա օգնության է հասել ֆրանսիացի 28-ամյա բանկի մի աշխատակցի, որը նույնպես փորձում էր դիմադրել Էլ-Խազանիին։ Դասախոսը ցանկացել է այդպիսով պաշտպանել կնոջը՝ Իզաբելա Ռիսաչերին:
«The Telegraph»-ը նշում է, որ երբ Մուգալյանը ցանկացել է վերցնել ինքնաձիգը, Էլ-Խազանին մեկ այլ զենքով կրակել է նրա վրա։ Փամփուշտը դիպչել է Մուգալյանի պարանոցին։ Այդ պահին գնացքի 3 ԱՄՆ-ի քաղաքացի ուղեւորներ, որոնցից 2-ը զինծառայողներ են եղել, եւ բրիտանացի գործարար Քրիս Նորմանն օգնության են հասել և զինաթափել հարձակվողին։
Մուգալյանի քույրը «The Telegraph»-ին ասել է, որ Ֆրանսիայի նախագահը կապվել է նրա հետ եւ հրավիրել ճաշի, երբ վերջինս ապաքինվի։
Կարդացեք նաև
Միջադեպից հետո Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բերնար Կազնովը հայտարարել է, որ հարձակվողը 26-ամյա մարոկկացի է, որը կապված է ծայրահեղ իսլամիստական շարժման հետ:
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ