Լրահոս
Օրվա լրահոսը

Ցմահ դատապարտված վատառողջ Սողոմոն Քոչարյանի ազատման գործընթացը սկսվել է

Օգոստոս 24,2015 13:19

«Սողոմոն Քոչարյանն անազատության 20 տարիների ընթացքում կորցրել է իր ընտանիքը. կինը մահացել է ծանր հիվանդությունից տարիներ առաջ, աղջիկը ինքնասպանություն է գործել անցյալ տարի՝ մարտի 1-ին՝ չունենալով հորը տեսնելու հույս, թողնելով այսպիսի երկտող. «Մենակ եմ ես: Կա երկու ճանապարհ՝ կամ թողնել քաղաքը կամ ընտրել կյանքին վերջ տալը», եւ նա գրել էր, որ ընտրում է երկրորդը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատմեց «Հետքի» լրագրող Զարուհի Մեջլումյանը, որն էլ բազմիցս իր հրապարակումներով անդրադարձել է ցմահ դատապարտվածների խնդրին:

Այսօր էլ նա, «Հետքի» խմբագիր Էդիկ Բաղդասարյանը, Սողոմոն Քոչարյանի հրամանատար Հայկազ Թամրազյանը, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը մամլո ասուլիս էին հրավիրել՝ կրկին բարձրացնելու ցմահ դատապարտյալի հարցը. Սողոմոնի կյանքին վտանգ է սպառնում. նա արդեն կորցրել է ապրելու ցանկությունը:

Զարուհի Մեջլումյանը հիշեց, որ Սողոմոնը լաց է եղել իր հետ հարցազրույցի ժամանակ, երբ խոսում էր իր ընտանիքի մասին. «Նա լաց էր լինում, եւ ասում էր՝ չորս անգամ եմ տեսել իմ աղջկան, եւ եթե ավելի շատ տեսներ, գուցե Սյուզին նման բան չաներ: Այդ մարդը կորցրել էր մոտիվացիան ապրելու, վերադառնալու ազատություն: Սողոմոնը մորն ասում էր՝ ինձ կթաղեք զինվորի շորերով»:

Avetik_Ishxanyan-2

Զարուհի Մեջլումյանը պատմում է, որ ինքը եւ իր խմբագիրը անցյալ տարի եղել են դեռ այն ժամանակ նորանշանակ քրեակատարողական վարչության պետի մոտ հարցազրույցի՝ Արթուր Օսիկյանի եւ հարցազրույցից հետո «շատ մարդկային» ներկայացրել են, որ Սողոմոն Քոչարյանը շատ վատառողջ է: «Նա երկու անգամ հանդիպումների ժամանակ ասել է՝ ես վատ եմ ինձ զգում: Այդ մարդը երկրորդ կարգի հաշմանդամ է, 20 տարիների ընթացքում պատիժ կրելով ամենասարսափելի պայմաններում, խցային պայմաններում, 1995-2003 թվականներին դատապարտված մահապատժի կարգավիճակում, հիմա ցմահի, չի անցել հետազոտություններ, չի եղել հիվանդանոցային պայմաններում: Մենք խնդրում էինք, որ աղջկա մահից հետո կա անհրաժեշտություն, օրինակ՝ պահելու դատապարտվածների հիվանդանոցում, բայց այն համառությունը, որով Սողոմոն Քոչարյանին չէին տեղափոխում հիվանդանոց, եւ այն ջանասիրությունը, որով օրինակ՝ Սյունիքի մարզպետի որդուն՝ Տիգրան Խաչատրյանին տեղափոխել են հիվանդանոցում, մեզ հիմք է տալիս ասելու, որ այստեղ ինչ-որ բան այն չէ:

20 տարվա մեջ կարելի էր այս մարդուն պահել հիվանդանոցային պայմաններում: Պարբերաբար վիճակը վատացել է: Նրան տարել են հիվանդանոց, երեք ժամ հետո բաց են թողել: Բազմաթիվ «ինչուներ» կան, որոնց պատասխանները չունենք»,- ասաց Զարուհի Մեջլումյանը:

Վերջերս լրագրողը պարզել է, որ Սողոմոն Քոչարյանն ունի սրտի իշեմիկ հիվանդություն՝ չորրորդ կարգի սրտային անբավարարվածության. «Կարողացա ձեռք բերել այդ ախտորոշման թուղթը: Պարզ է դառնում, որ այդ հիվանդությամբ նման պատժի առկայությունն անհամատեղելի է: Այս հիվանդությունը շատ հմտորեն թաքցնում էին մեզանից»:

Զարուհի Մեջլումյանը կարծում է, որ այստեղ քաղաքական խնդիր կա, իշխանությունները որեւէ կերպ չեն ուզում լուծել ցմահ դատապարտվածների խնդիրը:

«Հետքի» խմբագիր Էդիկ Բաղդասարյանն էլ պատմեց, որ մի քանի րոպե առաջ իրեն զանգել են քրեակատարողական վարչությունից ու տեղեկացրել, որ սկսվել է ազատման գործընթացը՝ հիվանդության հիման վրա:

Պարոն Բաղդասարյանը նկատեց, որ ընդհանրապես քաղաքական որոշում պետք է կայացվի ցմահների վերաբերյալ: «Այդ որոշումը չի կայացվում: Դա պետք է համակարգից մեկը որոշումը կայացնի, չվախենա Սերժ Սարգսյանից, ասենք՝ Օսիկյանը նման որոշում կայացնի ինչ-որ մեկի նկատմամբ, ասի, որ այս մարդը պետք է ազատվի, որովհետեւ օրենքն այսպիսին է, բայց Հայաստանում այսքան ժամանակ չի եղել մի պաշտոնյա, որ համակարգի դեմ դուրս գա, եւ եթե չի ստացվում, հրաժարական տա: Իրենք չեն անում, որովհետեւ վախենում են նախագահի ռեակցիայից: Սերժ Սարգսյանը կարող է նրանց աշխատանքից հանի, բայց այդ փորձը պետք է կատարի»:

Անդրադառնալով ցմահների խնդրին՝ «Հետքի» խմբագիրը հույս հայտնեց, որ մի օր, երբ խնդիրը հասարակական հնչեղություն ստանա, գուցե պատը փլվի, եւ խնդիրը համակարգային լուծում ստանա. «Ցմահների գործեր կան, որ անպայման պետք է վերանայվեն, որովհետեւ ապացույցներ գրեթե չկան: Մարդիկ կան, որոնք առանց ապացույցների կամ իրենց ինքնախոստովանականների հիման վրա դատապարտված են»,- ասաց նա:

 

Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31