Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկական մետալ՝ ռոմանտիկ, դեպրեսիվ եւ ցինիզմի հասնող տեքստերով

Օգոստոս 24,2015 14:00

UNAESTHETIC խմբի կիթառահար Ռուբեն Արեւշատյանը՝
մետալ ուղղության հայաստանյան դժվարությունների մասին

Հայաստանում մետալ երաժշտության խմբեր սկսեցին կազմավորվել 1970-ականներին։ Իսկ միջազգային փառատոներ անցկացվում են 2000-ականների կեսերից՝ «ZHESHT» կազմակերպության շնորհիվ։ Հայաստանում մեզ հայտնի է տարբեր ուղղվածության 5 մետալ խումբ` INFECTED CINEMA, որը ներկայացնում է պրոգրեսիվ մետալ, AYAS՝ սիմֆո մետալ, DIVAHAR՝ բլեք մետալ, UNAESTHETIC՝ դարք մետալ  եւ DOGMA՝ ֆոլք մետալ։ Մետալ խմբերի երկրպագուները, որոնք պետք է ասել՝ այնքան էլ մեծ թիվ չեն կազմում, սակայն մշտապես ցանկություն են հայտնում, որ աշխարհում մեծ պահանջարկ ունեցող մետալ խմբերի օրինակով Հայաստանում էլ նրանց հանդեպ լինի պետական հոգածություն եւ անցկացվող միջազգային փառատոների շրջանակներն էլ լայնացվեն։

Ժամանակին «Առավոտի» հետ զրույցում UNAESTHETIC մետալ խմբի կոմպոզիցիաների եւ տեքստերի հեղինակ, կիթառահար ու վոկալիստ Վլադիմիր Մելիքյանն ասել էր, որ իրենք առաջարկում են սեւհումորային, ռոմանտիկ, դեպրեսիվ, նույնիսկ ցինիզմի հասնող, ինչպես նաեւ փիլիսոփայական տեքստեր՝ DOON/INDUSTRIAL մետալ ուղղվածությամբ՝ մեղեդային, ծորուն, հագեցած երաժշտությամբ։ Այս խմբի առաջին արտերկրյա համերգը կայացել է 2013 թ. Վրաստանում անցկացվող ամենամյա PLUS ONE OPEN փառատոնում, այս տարվա գարնանն էլ մասնակցել են Ֆինլանդիայում եւ Էստոնիայում կայացած փառատոներին, իսկ վերջերս՝ հուլիսին, լեհաստանյան INNE BRZMIENIA փառատոնին։ Խմբի անդամներն են Ռուբեն Արեւշատյանը՝ կիթառ, Գեորգի Փիրումովը՝ բաս կիթառ եւ Հարութ Քեշիշյանը՝ հարվածային գործիքներ։

Ruben_Arevshatyan-2

«Առավոտի» հետ զրույցում Ռուբեն Արեւշատյանը նշեց, որ իրենք տպավորված են Լեհաստանում մեկ շաբաթ տեւած փառատոնից, հատկապես նշելով, որ կազմակերպիչը Լեհաստանի մշակույթի նախարարությունն էր, որը հոգացել էր բոլոր ծախսերը։ Հետաքրքրությանը՝ իսկ Ֆինլանդիայում կամ Մերձբալթիկայում ովքե՞ր էին կազմակերպիչները, մեր զրուցակիցը հայտնեց միայն, որ այդ փառատոներից, իհարկե, ստացել են հրավերներ, սակայն մասնակցել են սեփական միջոցներով։ Իսկ թե՝ այդ նպատակով ինչո՞ւ չեն դիմել մեր մշակույթի նախարարությանը հարցին, կիթառահարը պատասխանեց. «Անկեղծ ասած, ուզում էինք դիմել նախարարություն, գոնե ճանապարհածախսը հոգալու նպատակով, բայց քանի որ Հայաստանում մետալը այնքան էլ տարածված չէ, համոզված էինք, որ կմերժեն…»։

Մետալ խմբերի համերգները, ասենք՝ Երեւանում, հիմնականում տեղի են ունենում Տիկնիկային թատրոնում։ Մեր զուցակցից հետաքրքրվեցինք՝ արդյոք նման երաժշտություն մատուցելու համար նախընտրելի՞ չեն բացօթյա տարածքները, քան դահլիճները։ «Հենց Տիկնիկային թատրոնում ձայնային սարքավորումների շնորհիվ ստանում ենք հիանալի ակուստիկա, իսկ ընդհանրապես ճիշտ եք՝ արտասահմանում մետալ խմբերը հանդես են գալիս բացօթյա բեմահարթակներում»,- հայտնեց երաժիշտը։

Հարցին էլ, թե՝ ինչո՞ւ մեզանում չի ձեւավորվում մետալ երաժշտության մեծ լսարան, Ռուբեն Արեւշատյանը դժվարացավ պատասխանել: Քիչ անց ասաց. «Հայ ունկնդիրը մետալ երաժշտություն ասելով՝ առաջին հերթին ռիթմ է ընկալում, մինչդեռ մեր խումբը, եւ վստահ եմ՝ մյուսներն էլ նույնպես, ուշադրություն ենք դարձնում ե՛ւ մեղեդային գծին, ե՛ւ, անշուշտ, տեքստերին»։

Մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ սեպտեմբերին Երեւանում կկայանա հերթական միջազգային փառատոնը՝ «Պրոգրեսիվ Երեւան» խորագրով։ Նշեց, որ կմասնակցեն մետալ խմբեր միայն Երեւանից ու Նորվեգիայից, քանի որ նախորդների նման այս միջոցառումը նույնպես չունի պետական աջակցություն, կազմակերպիչն էլ դարձյալ «ZHESHT» կազմակերպությունն է, համերգներն էլ կկայանան ինչպես միշտ՝ Տիկնիկային թատրոնում։

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
22.08..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31