Լրահոս
Օրվա լրահոսը

Ռեկտորը, որ չխաղաց «վերեւների» կանոններով

Օգոստոս 24,2015 13:30

Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիայի ռեկտոր Միխայիլ Գանտվարգին
հեռացրել են աշխատանքից

Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիայի ռեկտոր, ճանաչված ջութակահար, Պագանինիի անվան միջազգային մրցույթի դափնեկիր Միխայիլ Գանտվարգը օրերս հեռացվել է աշխատանքից՝ ՌԴ մշակույթի նախարարի հրամանով: Նա այդ պաշտոնը ստանձնել էր 2011-ի հուլիսից, իսկ նախորդ ռեկտորը՝ դարձյալ ճանաչված ջութակահար Սերգեյ Ստադլերը, ողջ ռեկտորատի հետ միասին հեռացվել էր աշխատանքից, քանի որ խառնված էր կոռուպցիոն սկանդալի մեջ: ՌԴ ներկայիս մշակույթի նախարարի մեկ այլ հրամանով՝ Գանտվարգին հեռացնելուց հետո, Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիայի ռեկտորի պաշտոնակատար է նշանակվել Ռիմսկի-Կորսակովի անվան երաժշտական ուսումնարանի տնօրեն Ալեքսեյ Վասիլեւը:

Ռուսական ԶԼՄ-ների փոխանցմամբ, Գանտվարգը միակ ռեկտորն է, որ հեռանում է առանց սկանդալի, ավելին, ըստ մամուլի՝ կոնսերվատորիայում նա սիրված կերպար է ու անչափ համեստ մարդ: Գանտվարգը պատմել է, որ ինքը ստիպված է եղել ընդհատել Կալիֆոռնիայի իր համերգները եւ վերադառնալ Ռուսաստան, քանի որ զանգ էր ստացել նախարարությունից: Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիայի արդեն նախկին ռեկտորը հավելել է, որ մշակույթի նախարարն իրեն աշխատանքից ազատելու կոնկրետ եւ հստակ պատճառներ չի նշել, ընդամենն ասել է, որ թերի թղթարարություններ ունի, ապա պահանջել է սեփական ցանկությամբ աշխատանքից ազատվելու դիմում գրել, ինքն էլ չի համաձայնել: Ըստ Գանտվարգի, ինքը պարզապես չի «խաղացել» նախարարության կանոններով, հետեւաբար իր պաշտոնավարելը ձեռնտու չի եղել «վերեւներին»:

«Երբ ինձ նախարարությունից զանգեցին Կալիֆոռնիա՝ պահանջելով ընդհատել արձակուրդս եւ համերգներս, ես պատասխանեցի, որ եթե աշխատանքից ազատման դիմումի համար եք զանգել, կարող եմ այն ֆաքսով ուղարկել: Ինձ ասացին՝ ոչ, ոչ, այլ բանի համար ենք զանգել եւ ձեր գալն անհրաժեշտ է… Հիմա շատ ուրախ եմ, որ այն ժամանակ չտաքացա ու անմիջապես աշխատանքից ազատման մասին դիմում չուղարկեցի: Ինչ վերաբերում է կոլեկտիվին, նա՛ է ինձ ընտրել, կոլեկտիվից որեւէ անհաճո խոսակցություն ականջիս չի հասել, ու իմ դուռն էլ միշտ բաց է եղել բոլորի առաջ՝ սկսած ուսանողից ու դոցենտից՝ վերջացրած պրոֆեսորով ու ժողովրդական արտիստով: Եթե ես դիմում գրեի, նրանց առաջ ամոթով կմնայի: Այնպես որ՝ ավելի լավ էր հեռացնեին աշխատանքից: Կարծում եմ, որ իմ պաշտոնավարման 4 տարիների ընթացքում կոնսերվատորիայում խաղաղ, նորմալ աշխատանքային մթնոլորտ է ապահովվել: Ես ժամանակին թույլ չտվեցի ոտնձգություն կատարվի կոնսերվատորիայի հանդեպ, երբ ցանկանում էին այն միավորել Մարիինյան թատրոնի հետ, իմ պաշտոնավարման օրոք նշեցինք կոնսերվատորիայի 150-ամյակը, Գլինկայի փողոցի վրայի մասնաշենքը իմ օրոք վերանորոգվեց՝ առանց ընդհատելու դասերը: Երեւի դրա համար են հիմա շնորհակալություն հայտնում: Պարզապես կոնսերվատորիան եմ ափսոսում»,- ասել է ջութակահարը:

Անդրադառնալով այն հարցին, որ, այնուամենայնիվ, ուներ որոշ թերացումներ, օրինակ, կոնսերվատորիան չի անցել հավատարմագրում, որովհետեւ չունի էլեկտրոնային գրադարան, Միխայիլ Գանտվարգը անհեթեթություն է որակել այդ պատճառը, ասելով, որ կոնսերվատորիան ունի հարուստ մասնագիտական գրադարան, իսկ էլեկտրոնային գրադարանն ավելի անհրաժեշտ է պատմական, մաթեմատիկական եւ այլ ֆակուլտետներին: Նաեւ նշել է, որ էլեկտրոնային գրադարաններին միանալու համար պետք է տարեկան վճարեին 150 հազար ռուբլի, իսկ դա այս պահին շռայլություն է բուհի համար:

Միխայիլ Գանտվարգը մի հարցազրույցում նշել է, որ շարունակելու է դասավանդել հարազատ կոնսերվատորիայում, որի պրոֆեսորն է հանդիսանում. «Հուսամ՝ նոր ռեկտորն ինձ աշխատանքից չի ազատի: Իմիջիայլոց, հիմա ավելի հանգիստ կլինեմ, մանավանդ պաշտոնավարման 4 տարիների ընթացքում որեւէ հանգիստ օր չեմ ունեցել»:

Ըստ classicalmusicnews.ru-ի եւ «Իզվեստիայի», ռեկտորի ազատման համար առիթ է հանդիսացել կառավարման ճգնաժամը եւ մի խումբ մշակույթի գործիչների նամակը՝ ուղղված մշակույթի նախարարին: Նամակի տակ ստորագրել են Գնեսինների անվան երաժշտական ակադեմիայի, Նովոսիբիրսկի՝ Գլինկայի անվան կոնսերվատորիայի եւ Հյուսիսկովկասյան արվեստի ինստիտուտի ռեկտորները, Ժողովրդական արտիստներ Ալեքսանդր Շիլոն, Անատոլի Կրոլը եւ ուրիշներ:

Ըստ ռուսական ԶԼՄ-ների՝
պատրաստեց Գ. ՀԱԿՈԲՅԱՆԸ

Լուսանկարը՝ interpress-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31