Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հանրաքվեն՝ դեկտեմբերի 6-ից փետրվարի 14-ի միջակայքում

Օգոստոս 24,2015 11:16

Եվ այսպես, օգոստոսի 21-ին Հանրապետության Նախագահը Ազգային ժողով ուղարկեց Սահմանադրության փոփոխությունների նախագիծը, որը մշակվել և նույն օրն իսկ իրեն էր ներկայացվել Սահմանադրության փոփոխությունների նախագծի մշակման մասնագիտական հանձնաժողովի կողմից (նկատենք, որ Նախագահն այս դեպքում անգամ մեկ օր չսպասեց և իսկույնևեթ սկիզբ դրեց Սահմանադրության փոփոխությունների գործընթացին արդեն իրավական տեսակետից)։ Արդ՝ փորձենք հասկանալ, թե ինչ բաղադրիչներ ունի այդ գործընթացը և ինչ ժամկետներում այն պետք է տեղի ունենա։

Ամենաուշը

Համաձայն ՀՀ դեռևս գործող Սահմանադրության 111-րդ հոդվածի 5-րդ պարբերության՝ «Եթե նախաձեռնությամբ հանդես է գալիս Հանրապետության Նախագահը, ապա Ազգային ժողովը Սահմանադրության կամ դրանում փոփոխություններ կատարելու նախագիծն ստանալուց հետո՝ եռամսյա ժամկետում, նախագիծը հանրաքվեի դնելու հարցը ներկայացնում է քվեարկության։ Եթե Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի մեծամասնությունը կողմ է քվեարկում նախագծին, ապա վերջինս համարվում է ընդունված, և այն Հանրապետության Նախագահը հանրաքվեի է դնում իր սահմանած ժամկետում»։ Նման դրույթ առկա է նաև «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 78-րդ հոդվածի 1-ին մասում։ Այս դրույթի հիման վրա կարող ենք եզրակացնել, որ այն առավելագույն ժամկետը, երբ Ազգային ժողովում նախագիծը կքվեարկվի երրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ, ս.թ. նոյեմբերի 21-ն է։ Սա նշանակում է, որ Ազգային ժողովը պետք է տեղավորվի այդ ժամկետում և քվեարկությամբ արտահայտի իր դիրքորոշումը նախագծի վերաբերյալ։

Եթե Ազգային ժողովը նշված ժամկետում ընդունի որոշում նախագծին հավանություն տալու և այն հանրաքվեի դնելու համաձայնություն տալու մասին (իսկ դրա համար, համաձայն Սահմանադրության 111-րդ հոդվածի և «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 74-րդ հոդվածի 3-րդ մասի, անհրաժեշտ է, որ կողմ քվեարկի պատգամավորների ընդհանուր թվի կեսից ավելին, ինչն առկա պայմաններում առավել քան հավանական է), ապա Ազգային ժողովի նախագահը, համաձայն նույն օրենքի 78-րդ հոդվածի 5-րդ մասի, Սահմանադրության կամ դրանում փոփոխություններ կատարելու նախագիծը հանրաքվեի դնելուն համաձայնություն տալու մասին Ազգային ժողովի որոշումը 7-օրյա ժամկետում (այսինքն՝ ոչ ուշ, քան ս.թ. նոյեմբերի 28-ին) ուղարկում է Հանրապետության Նախագահին: Հանրապետության Նախագահը, համաձայն «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 6-րդ մասի, «հանրաքվեն նշանակում է Հանրապետության Նախագահը` Ազգային ժողովի համաձայնությունն ստանալուց հետո` յոթնօրյա ժամկետում»: Այսինքն՝ հանրաքվե նշանակելու մասին Հանրապետության Նախագահի հրամանագիրը պետք է հրապարակվի ոչ ուշ, քան ս.թ. դեկտեմբերի 5-ին։

Դե իսկ հանրաքվեի անցկացման ժամկետները սահմանվում են «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 7-րդ մասով։ Ըստ այդմ՝ «Հանրաքվեն պետք է անցկացվի հանրաքվե անցկացնելու մասին Հանրապետության Նախագահի հրամանագրի պաշտոնական հրապարակման օրվանից ոչ շուտ, քան 55, և ոչ ուշ, քան 65 օր հետո» (պաշտոնական հրապարակումը, որպես կանոն, իրականացվում է հաջորդող չորեքշաբթի՝ նախագիծը ստանալուց հետո տասնօրյա ժամկետում, այսինքն՝ դեկտեմբերի 9-ին կամ 16-ին): Այսինքն, տվյալ դեպքում հանրաքվեն պետք է անցկացվի 2016թ. փետրվարի 10-ից 20-ը։ Եվ եթե նկատի ունենանք, որ հանրաքվեները, որպես կանոն, անց են կացվում կիրակի օրերին, ապա կարող ենք փաստել, որ հանրաքվեի անցկացման հնարավոր ամենաուշ ժամկետն է 2016թ. փետրվարի 14-ը։

Ամենաշուտը

Ինչ վերաբերում է հնարավոր ամենավաղ ժամկետին, ապա այստեղ հաշվարկը մի փոքր ավելի բարդ է։ Առավել քան հավանական է, որ ինչպես Ազգային ժողովը, այնպես էլ Հանրապետության Նախագահը, հաշվի առնելով Ազգային ժողովում ՀՀԿ բացարձակ մեծամասնության առկայությունը և ձևավորված պրակտիկան, չեն օգտագործի իրենց օրենքով հատկացված ժամկետներն ամբողջությամբ և կաշխատեն, պատկերավոր ասած, «գերակատարել պլանը»։ Այդ պարագայում, եթե նկատի ունենանք, որ ԱԺ աշխատակազմը և կառավարությունը, ինչպես նաև ԱԺ գլխադասային (տվյալ դեպքում՝ պետական-իրավական հարցերի) հանձնաժողովը չեն սպառի եզրակացություն տալու համար սահմանված համապատասխանաբար 30- և 40-օրյա ժամկետները («Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենք, հոդված 76) և կփորձեն առաջանցիկ տեմպերով հասցնել ավարտել իրենց անելիքը մինչև ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի նախանշած ժամկետը՝ ս.թ. սեպտեմբերի 14-ը, ապա նախագիծը կքննարկվի ԱԺ աշնանային նստաշրջանի առաջին իսկ քառօրյայում (որը մեկնարկելու է հենց սեպտեմբերի 14-ին)։

Եթե նկատի ունենանք, որ նման կարևորության փաստաթղթի պարագայում մեծ թիվ կկազմեն հարցեր տվողներն ու ելույթ ունեցողները, ապա հավանական է, որ առաջին ընթերցմամբ փաստաթուղթը կքվեարկվի սեպտեմբերի 17-ից ոչ շուտ։ Պատգամավորներն այդ պահից իրավունք կստանան 14-օրյա ժամկետում (եթե ԱԺ որոշմամբ այլ ժամկետ չի սահմանվում), այն է՝ մինչև հոկտեմբերի 1-ը ներառյալ, ներկայացնել իրենց առաջարկությունները հիմնական զեկուցողին։ Թեև վերջինս պետք է դրանք ընդունի կամ չընդունի 30-օրյա ժամկետում, սակայն չի բացառվում, որ նրան կբավարարի և 4 օրը, ու հոկտեմբերի 5-ին մեկնարկելիք քառօրյայում հարցը դրվի քննարկման երկրորդ ընթերցմամբ՝ քվեարկվելով հոկտեմբերի 8-ին։ Այդ պահից սկսած սկսվում է նախագիծը երրորդ ընթերցմանը ներկայացնելու գործընթացը, որը թեև կարող է տևել առավելագույնը 30 օր, սակայն հավանական է, որ այն ևս կիրականացվի առաջանցիկ տեմպերով։ Այս պարագայում հոկտեմբերի երկրորդ տասնօրյակում կարող է հրավիրվել արտահերթ նստաշրջան, որում և նախագիծը կքվեարկվի երրորդ ընթերցմամբ ու կընդունվի ամբողջությամբ։ Ու եթե նկատի ունենանք, որ ԱԺ նախագահը և Հանրապետության Նախագահը կարող են չսպասել և 1 օրվա ընթացքում իրականացնել իրենց վերապահված գործառույթները, ապա կարող ենք փաստել, որ այդ պարագայում հանրաքվեն, հաշվի առնելով օրենքի դրույթները և պրակտիկան, կանցկացվի դեկտեմբերի 20-ին։

Սակայն, քանի որ Ազգային ժողովը կարող է նախագծի 2-րդ ընթերցման համար սահմանել ավելի կարճ ժամկետ, ապա չի բացառվում, որ հանրաքվեն տեղի կունենա դեկտեմբերի 6-ին:

Իհարկե, տեսականորեն հնարավոր է, որ նախագիծը չընդունվի Ազգային ժողովի կողմից, սակայն դրա հավանականությունը առավել քան ցածր է… Բոլոր դեպքերում, աներկբա է, որ հանրաքվեն տեղի կունենա գալիք ձմռան ընթացքում։

Կարեն Վարդանյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31