Լրահոս
Օրվա լրահոսը

Արեւմուտք, թե՝ Ռուսաստան

Օգոստոս 24,2015 12:00

Վերնագրիցս անմիջապես գլխի եք ընկնում, որ խոսքը վերաբերում է Հայաստանին: Որովհետեւ ուրիշները վաղուց իրենց դիրքորոշումը պարզել են: Ճիշտ թե սխալ՝ իրենց դիրքորոշումը ճշտել են: Մանավանդ՝ Վրաստանը: Եվ մանավանդ՝ Ուկրաինան: Դժվար է միանշանակ ու սպառիչ պատասխան տալ հետեւյալ հարցին. Վրաստանն ու մանավանդ Ուկրաինան արեւմտյան կողմնորոշումն ընտրելով՝ շահե՞լ, թե, ընդհակառակը, տուժել են, եւ եթե հակառակ դիրքորոշումն ու կողմնորոշումն ընտրեին, այդ երկու երկրների վիճակն այսօր ավելի լա՞վ կլիներ, թե, ընդհակառակը, ավելի վատ:

Առաջին հայացքից թվում է թե՝ այս հարցում երկու կարծիք լինել չի կարող: Բայց, այնուամենայնիվ, երկու կարծիք կա՝ մեկը մյուսից չափազանց տարբեր: Այս հարցում արեւմտամետներն այլ կարծիքի են, ռուսամետները՝ միանգամայն այլ: Սովորաբար երկուսն էլ ծայրահեղ հակառակ կարծիքներ են հայտնում՝ իրականությունից կտրվելով, իրադարձություններն իրենց ուզած ձեւով ներկայացնելով եւ իրադարձություններն իրենց ուզած ձեւով մեկնաբանելով:

Այսուհանդերձ, մեզանում կան մրդիկ, որոնք դժվարանում են կարծիք հայտնել՝ հատկապես Վրաստանի ու Ուկրաինայի իրադարձությունների հետ կապված: Դրանք այն մարդիկ են, որոնք ոչ արեւմտամետ են եւ ոչ էլ՝ ռուսամետ, եւ նույնիսկ Հայաստանի հարցում են դժվարանում կարծիք հայտնել:

Որովհետեւ իրականությունը շատ ավելի բարդ է, քան արեւմտամետներին ու ռուսամետներին է թվում, եւ նմանապես Հայաստանի դիրքորոշման հարցն է շատ ավելի բարդ, քան մեր արեւմտամետներին ու մեր ռուսամետներին է թվում:
Մեր արեւմտամետներն ու մեր ռուսամետները հավասարապես տրաֆարետային ու անգիր արած ֆրազներ են արտաբերում մեր ու Արեւմուտքի եւ մեր ու Ռուսաստանի հարաբերությունների վերաբերյալ:

Մեր արեւմտամետները մոռանում են, որ մենք Ռուսաստանի ռազմավարական գործընկերն ու դաշնակիցն ենք, եւ, բնականաբար, մեր դաշնակցից ոչ միայն սպասելիքներ պիտի ունենանք, այլեւ պարտավորությունների հարցում պիտի հետեւողական լինենք:
Մեր ռուսամետներն էլ պակաս մոռացկոտ չեն. նրանք մոռանում են, որ Հայաստանը, Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցը հանդիսանալով հանդերձ, միաժամանակ նաեւ հանդիսանում է Եվրախորհրդի անդամ երկիր եւ, բնականաբար, եվրոպական մի շարք կառույցների հանդեպ էլ ունի պարտավորություններ, որոնց պիտի սկզբունքորեն ու հետեւողականորեն հետամուտ լինի:

Բայց վերադառնանք Ուկրաինային ու Վրաստանին:

Վրաստանը Ռուսաստանի հետ իր հարաբերությունները փչացնելով՝ շահե՞ց, թե, ընդհակառակը, տուժեց:

Ռուսամետները գտնում են, որ նախագահ Սահակաշվիլու պատճառով Վրաստանը վերջնականապես կորցրեց Աբխազիան եւ Օսեթիան: Արեւմտամետների կարծիքով՝ Սահակաշվիլու նախագահության օրոք Վրաստանում արմատախիլ արվեց կոռուպցիան, եւ Վրաստանը դարձավ եվրոպական տիպի քաղաքակիրթ ու նորմալ երկիր:
Ուկրաինայի հարցում էլ, բնականաբար, կարծիքներն իրարամերժ ու իրարից կտրականապես տարբեր են, բայց փաստը մնում է փաստ, որ Ռուսաստանի հետ կոնֆլիկտից հետո Ուկրաինան ամբողջությամբ կորցրեց Ղրիմը, եւ այս պահի դրությամբ Ուկրաինայի մի որոշակի մասը գտնվում է կիսաքանդ վիճակում: Գումարած՝ հազարավոր զոհերը, ընդ որում՝ երկկողմանի: Այսինքն, ռուս-ուկրաինական կոնֆլիկտի պատճառով ոչ միայն Ուկրաինան է տուժել, այլեւ Ռուսաստանը, որը միջազգային բացասական վերաբերմունքից բացի՝ նաեւ հազարավոր գաղթականներ ստացավ, որոնց խնդիրներով պարտավոր է զբաղվել:

Եվ, ինչքան էլ խաղաղասիրական նախաձեռնություններ հանդես բերվեն, ռուս-ուկրաինական պատերազմն արդեն սկսված է, եւ վերջն էլ չի երեւում: Իսկ պատերազմում, ինչպես ասում են, փլավ չեն բաժանում: Դա մենք շատ լավ գիտենք, որովհետեւ, չնայած մեր ու ադրբեջանցիների պատերազմը ցանկալի դադարի փուլում է, այնուամենայնիվ, վերսկսման վտանգը միշտ կա ու կա, եւ չնայած Ադրբեջանն ու անձամբ Ալիեւը շարունակաբար հոխորտում են, ներքուստ իրենք էլ են հասկանում, որ պատերազմի վերսկսման դեպքում դժվար թե շահեն: Ահա այս պարզ ճշմարտության գիտակցումն է, որ շարունակաբար Ադրբեջանին ու անձամբ Ալիեւին հետ է պահում ավելորդ ու անհաշվենկատ գործողություններից, այլապես որեւէ Մինսկի խումբ դժվար թե կարողանար նրանց ագրեսիվ ախորժակը զսպել:

Ղարաբաղյան պատերազմի վերսկսման վտանգը նաեւ մեր արեւմտամետներին է զսպում, եւ եթե մեր ներքաղաքական կյանքում ընդդիմադիրների գործողությունների արդյունքում «մայդան» չի առաջանում, դա նաեւ մեր արեւմտամետների զսպվածության շնորհիվ է, որովհետեւ մեր արեւմտամետներն ինչքան էլ արեւմտամետ լինեն, հասկանում են, որ ղարաբաղյան պատերազմը ոչ թե ավարտված, այլ ընդամենը սառեցված է, եւ Հայաստանում ցանկացած անկայուն իրավիճակ կարող է զգալիորեն մեծացնել ադրբեջանցիների ու անձամբ Ալիեւի ախորժակը:

Մեր ռուսամետներն էլ առաջվանը չեն. առաջվա համեմատ անհամեմատ զուսպ են եւ ռուս- հայկական հավերժ բարեկամության կարգախոսներն ու շեփորները համարյա չեն հնչեցնում, եւ եթե հնչեցնեն, ծիծաղելի վիճակում կհայտնվեն, որովհետեւ հավերժական ու տրաֆարետային կարգախոսների ժամանակներն անցել են՝ հավասարապես ռուսամետների ու արեւմտամետների համար, եւ քաղաքական նորանոր իրադարձությունները կարող են նորանոր կարգախոսներ առաջ բերել:

ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑԻ

«Առավոտ» օրաթերթ
22.08..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31