Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է լռում ՀՅԴ-ն

Օգոստոս 24,2015 10:43

Ստեփան Գրիգորյանի հարցը ՀՅԴ-ին եւ խնդրանքը՝ քաղաքական գործիչներին

«Չգիտեմ, ընդդիմությունը կարո՞ղ է միավորվել, թե՞ ոչ: Փորձը ցույց է տալիս, որ ավելի հաճախ ընդդիմությունը չի կարողանում միավորվել, քան միավորվում է»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց «Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը՝ պատասխանելով հարցին՝ կհաջողվի՞ ընդդիմադիրներին միավորվել ու սահմանադրական բարեփոխումների գործընթացը իշխանափոխության վերածել: Այժմ տարբեր ընդդիմադիրներ, այդ թվում նաեւ ՀԱԿ առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, դեռ առանձին-առանձին են քննադատում իշխանության նախաձեռնությունը՝ ակնկալելով, որ աշնանը կմիավորվեն եւ համատեղ ջանքերով կտապալեն սահմանադրական հանրաքվեն, որ ի դեպ, տեղի է ունենալու աշնան վերջին: Նախօրեին այդ մասին, «Բազեում» լրագրողների հետ զրույցում ասել էր ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:

Երեկ արդեն սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը սահմանադրական բարեփոխումների նախագծի վերջնական տարբերակը ներկայացրել է նախագահին, նախագահն էլ նախագիծն ուղարկել է Ազգային ժողով: Բայց այս բարեփոխումների գլխավոր դրդապատճառը շարունակում է անհասկանալի մնալ: Որքան էլ ընդդիմադիր քաղաքական գործիչները հայտարարեն, թե այսպիսով Սերժ Սարգսյանը փորձում է իր եւ իր վարչակարգի վերարտադրությունն ապահովել, տվյալ պարագայում, կարծես ավելի անկեղծ են հենց իշխող կուսակցության ներկայացուցիչները, ովքեր հայտարարում են, որ իրենք գործող Սահմանադրությամբ եւ նախագահական համակարգով էլ կարող են վերարտադրվել:

Ընդունել իշխանության ներկայացուցիչների պնդումը, որ այս բարեփոխումներին գնացել են ընդառաջելով ընդդիմադիրների ցանկություններին, որոնք ՀՀԿ-ի միահեծան իշխանությունից ազատվելու, նրան քաղաքական մենաշնորհից զրկելու միակ տարբերակը տեսնում էին խորհրդարանական կառավարման համակարգին անցելու մեջ, նույնպես միամտություն է: Հանրությունն ընդհանրապես հետաքրքրված չէ այս գործընթացով, մարդկանց իրենց սոցիալական հոգսերն էլ բավարար են: Ինչո՞ւ է ի հեճուկս բոլորի, իշխանությունը նախաձեռնել ու փորձում է ավարտին հասցնել այս գործընթացը: Մեր զրուցակից Ստեփան Գրիգորյանը դժվարանում է հարցին պատասխանել. «Ես պնդում եմ, որ այս ամենում ես տրամաբանություն չեմ տեսնում, մանավանդ, որ Ղարաբաղի խնդիր ունենք: Եթե այս իրավիճակում որոշում կայացնելու իրավասություն է տրվում ինչ-որ մի խորհրդի՝ լուրջ մտածելու բան կա: Պատերազմական վիճակում գտնվող պետությունը չի կարող առանց միանձնյա լիդերի լինել: Աստված մի արասցե, եթե հանկարծ պատերազմ սկսվեց, մենք պետք է իմանանք, թե ո՞վ է պատասխանատվություն կրողը: Այսօր դա նախագահն ու պաշտպանության նախարարն են: Չի կարող լինել այնպես, որ ինչ- որ մի պահի մեկն է պատասխանատու, հետո, կախված իրավիճակից, պատասխանատուն փոխվում է»:

Դիտարկմանը՝ գուցե այս ամենը արվում է հենց առաջիկայում կայացվելիք որոշումների պատասխանատվությունից խուսափելու համա՞ր, մեր զրուցակիցը պատասխանեց. «Ընդունում եմ այդ հարցադրումը, բայց չեմ ուզում հավատալ: Այո, դա պատասխանատվությունից խուսափելու փայլուն ձեւ է, ամեն դեպքում, նման միտում չեմ տեսնում»: Քաղաքագետը ընդունում է նախագծի այն տրամաբանությունը, որ անհրաժեշտություն կա հորիզոնական կառավարման համակարգի անցում կատարելու, բայց հարց ունի ՀՅԴ-ին. «Պառլամենտական համակարգը, որը հիմա առաջարկվում է, դա այն համակարգն է, որն իրե՞նք են ուզում: Դա շատ կարեւոր հարց է, քանի որ ՀՅԴ-ն այսօր չէ, որ պառլամենտական համակարգի մասին է խոսում»:

Ըստ մեր զրուցակցի, Հայաստանի խնդիրը նրանում չէ, թե մեր Սահմանադրությունը, օրենքները լա՞վն են, թե՞ վատը: Մեր գլխավոր խնդիրն այն է, որ դրանք հաճախ չեն կիրառվում: Օրինակ, մեծ գաղտնիք չէ, որ մեր պատգամավորների մի մասը զբաղվում է ձեռնարկատիրական գործունեությամբ, թեեւ Սահմանադրությունն արգելում է: Այնուամենայնիվ, քաղաքագետը դեմ չէ, որ սահմանադրական բարեփոխումների տարբերակներ քննարկվեն: Բայց, նախապայմաններ ունի. «Դա անպայման պետք է լինի ազատ, չկանխորոշված, ինչպես հիմա է եւ իշխանությունը պետք է անպայման լսի թե ընդդիմությանը, թե փորձագետների՝ մարդկանց, ովքեր քաղաքական դաշտում չեն, կարծիքները: Նաեւ՝ անձնական խնդրանքս է, որ այժմ լռեն մարդիկ, ովքեր 1995-ին ասում էին, թե այդ տարբերակը լավն է, հետո 2005-ին էին ասում, թե այդ տարբերակն է լավը: Մարդիկ, ովքեր 1995-ին եւ 2005-ին հեղինակում եւ գովերգում էին նախագահական համակարգով սահմանադրության նախագծերը, այժմ նույն ջերմեռանդությամբ հեղինակում եւ գովում են խորհրդարանական համակարգով նախագիծը: Այնուհանդերձ, քաղաքական գործընթացում բարոյական շեշտադրումները շատ կարեւոր են: Եթե այս դրույթներին մի փոքր հետեւենք, սահմանադրական բարեփոխումների գործընթացն ու քննարկումները հնարավոր է նաեւ օգտակար լինեն պետության համար»:

Ի հեճուկս իշխանության ներկայացուցիչների, նախագծի հեղինակների, ովքեր պնդում են, որ այս նախագծում էականորեն բարելավվել են մարդու իրավունքներին վերաբերվող դրույթները, քաղաքագետը եւս հայտարարում է, որ սա փորձ է «ինձնից իմ ձայնի իրավունքը խլելու»: Խոսքը նախագահի անուղղակի ընտրության մասին է եւ խորհրդարանի ձեւավորման: Քաղաքագետը տրամաբանական է համարում, որ կառավարման խորհրդարանական համակարգին անցնելով ուղղակի հանվեր նախագահի ինստիտուտը: Այլապես, ճիշտ է համարում նախագահի ուղղակի ընտրությունն ու այդ ինստիտուտի ուժեղացումը, ինչը արվեց Բալթյան երկրներում, Ռումինիայում, Չեխիայում, Մոլդովայում, Վրաստանում: Ստեփան Գրիգորյանին մի բան էլ է մտահոգում՝ այն, որ նախագծով նախատեսվում է հեշտացնել Սահմանադրության փոփոխությունները՝ այդ իրավունքը վերապահելով խորհրդարանին. «Դա կբերի անկայունություն պետության ներսում: Դա միայն քաղաքական խնդիր չէ, ազգային անվտանգության խնդիր է ու լուրջ քննարկման արժանի: Այսօր մենք տեսնում են, որ այն երկրները, որտեղ Սահմանադրությունը հնարավոր է փոխել խորհրդարանում, անկայուն վիճակում են: Օրինակ, Ուկրաինան, Վրաստանը: Այդ հեշտացումը դեմոկրատիա՞ է, թե՞ քայլ դեպի ապակայունացում»:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
22.08..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31