Կիրակի՝ օգոստոսի 23-ին, Անկախության հռչակագրի 25-ամյակն է: Այդ առթիվ ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը միջոցառում էր կազմակերպել, որի ընթացքում նրանք կարդացին Անկախության հռչակագիրը, այնուհետեւ՝ միջոցառումը շարունակվեց ազգային երգ ու պարի ներքո:
«Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության վարչության ատենապետ Ռուսլան Բարսեղյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենց կարծիքով Անկախության հռչակագիրը խարիսխ է պետականության կերտման համար. «Բավականին կարեւոր է, որ հենց հռչակագրի տոնը նշվի հայ ժողովրդի առօրյայում ընդհանրապես, եւ ամբողջ ժողովուրդն իմանա, որ հռչակագրով սկսվեց երրորդ հանրապետության կյանքը: Մեր խորին համոզմամբ՝ երրորդ հանրապետությունում ամեն ինչ սկսվել է Անկախության հռչակագրի ընդունումով»:
Կարդացեք նաև
Ըստ Ռուսլան Բարսեղյանի՝ հայ ժողովուրդը սովոր է նշել սեպտեմբերի 21-ը եւ այդ պատճառով էլ Անկախության հռչակագրի ընդունման օրն անտեսվում է. «Հասարակության մեծամասնությանը, եթե հիմա հարցնենք, թե ե՞րբ է ընդունվել Հայաստանի երրորդ Հանրապետության Անկախության հռչակագիրը, մոտավորապես՝ 10 տոկոսը իմանա, թե չիմանա: Ավելի շատ հասարակության տեղեկատվության հետ է կապված, որ չեն նշում կամ համարում են, որ երրորդ հանրապետության հիմնաքարը սեպտեմբերի 21-ն է, ոչ թե օգոստոսի 23-ը»:
Այդպիսով՝ «Նիկոլ Աղաբաբյան» ուսանողական միության անդամները նպատակ ունեն նաեւ հանրությանը իրազեկել. «Նաեւ կոչ ենք անելու, որ կոնկրետ երեւույթին տարեթվերով նայենք, ոչ թե սեպտեմբերի 21-ով սկսվեց, այլ՝ օգոստոսի 23-ով»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ