«Ինտերպոլը հետախուզում չի հայտարարում այն անձանց նկատմամբ, որոնք քաղաքական նպատակներով են հետապնդվում, քանի որ դա հակասում է կանոնադրությանը: Ինտերպոլի հանձնաժողովն Ադրբեջանի կողմից Ստերլիգովի նկատմամբ հետախուզումը հենց քաղաքական է համարել»,- «Русская служба новостей»-ի հետ զրույցում այս հայտարարությունն արել է Ստերլիգովի փաստաբան Արթուր Հայրապետովը:
Հիշեցնենք, որ հուլիս ամսվա վերջում Ադրբեջանի Գերման Ստերլիգովին Ինտերպոլի միջոցով միջազգային հետախուզում էր հայտարարել: Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Հիքմեթ Հաջիեւը հայտարարել էր, որ Ստերլիգովի նկատմամբ քրեական գործ է հարուցվել այն բանի համար, որ «նա հանցագործություններ է գործել Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխան տարածքում»:
Ստերլիգովի փաստաբանը նշել է, որ իր պաշտպանյալը 10-15 օր է գտնվել Ինտերպոլի հետախուզվողների ցուցակում, սակայն օգոստոսի 21-ից նրա նկատմամբ հայտարարված հետախուզումը դադարեցվել է: Հայրապետովի խոսքերով՝ մինչեւ օգոստոսի 29-ը Ստերլիգովը մնալու է Լեռնային Ղարաբաղում:
«Օգոստոսի 29-ին նա պատրաստվում է բավականին մեծ միջոցառում անցկացնել այնտեղ. ծրագրված է նաեւ նրա կնոջ՝ Ալյոնա Ստերլիգովայի, նորաձեւության տան ցուցադրությունը եւ վազք Ղարաբաղի ձիերով»,- հստակեցրել է փաստաբանը:
Կարդացեք նաև
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ