Կիրակի՝ օգոստոսի 23-ին լրացավ Անկախության հռչակագրի 25-րդ ամյակը: Այդ կապակցությամբ «Օգոստոս 23 ազգային դաշինք» իրավաբանական միությունը Անկախության հռչակագրի հուշաքարի մոտ միջոցառում էր կազմակերպել: Միջոցառմանը ներկա էին ՀՀԿ կուսակցության անդամներ, տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, արվեստագետներ:
Միության նախագահ Պուշկին Սերոբյանը հայտարարեց, որ օգոստոսի 23-ը տոն է բառի լայն իմաստով. «Ցավոք սրտի, այսօր մեր ժողովրդի երեւի միայն մի մասն է, որ կարողանում է ճիշտ ընկալել, եւ անտարբերությունն է խեղդում: Այսօր միայն կառավարող կուսակցությունն է ներկա այս միջոցառմանը, մնացած քաղաքական ուժերը կարծես թե հեռու են քաշվել՝ ինչո՞ւ, չգիտեմ»:
Միջոցառմանը ներկա էր նաեւ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հերմինե Նաղդալյանը նշեց, որ հայ ժողովրդի դարավոր նպատակն է եղել անկախություն ունենալ. «Օգոստոս 23-ը մեր օրացույցի մեջ մի յուրահատուկ օր է, օր որ մենք կարողացանք կանգնել վեր մեր պատմության բոլոր դժվարություններից, մենք կարողացանք կանգնել վեր մեր սեփական թուլություններից, անհամախոհությունից, անմիաբանությունից, երբ կարողացանք բռունցք դառնալ եւ աշխարհին ասել, որ կա հայ ժողովուրդը եւ կառուցելու է իր անկախ պետականությունը»:
Կարդացեք նաև
Ըստ նրա՝ ամեն մարդ պետք է զգա անկախ Հայաստանի քաղաքացի լինելու հանգամանքը. «Փոխվել է այն, որ մենք ունենք երիտասարդ սերունդ, որոնք իսկապես անկախ պետության, անկախ Հայաստանի զավակներ են: Եվ այդ պետության անկախության օդը շնչած զավակներին ոչինչով չես կարող վախեցնել ալիեւյան քարոզչությամբ, չես կարող վախեցնել զինված, գերզինված ալիեւյան բանակներով: Ես ուզում եմ շեշտել՝ տեսե՛ք մեր երիտասարդ տղաները սահմանում ինչպիսի քաջություն, ինչպիսի հերոսություն են ցուցաբերում, անհավասար ուժերի պայմաններում անգամ, գիշերային այդ ներխուժումների ժամանակ ինչպիսի հերոսություն են ցուցադրում մեր տղաները, որ անգամ փորձառու եւ կայացած երկրապահերը հիանում եւ հպարտանում են: Եվ իսկապես դա անկախ ոգին է, անկախ պետության զավակի ոգին է, որ թույլ է տալիս եւ պարտադրում է սահմանում կանգնած հավատարիմ լինել քո պետության, քո անկախության, քո ազատության երեւույթին»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ