Ինչպես արդեն տեղեկացրել էինք «Ոչ թալանին» նախաձեռնությունը օգոստոսի 22-ին ոստիկանության գլխավոր վարչության շենքի առջեւ շտապ հավաք էր հայտարարել, որպեսզի իր բողոքը արտահայտի տարեց տղամարդուն ապտակած ոստիկանի նկատմամբ: Նրանց էին միացել նաեւ «Ոտքի՛, Հայաստան» նախաձեռնության անդամները:
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանին եւ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին հանդիպելուց հետո «Ոչ թալանին» նախաձեռնության համակարգող խմբի անդամ Մաքսիմ Սարգսյանը հայտարարեց, թե ոստիկանությանը տալիս են 4 աշխատանքային օր՝ ծառայողական քննությունը ավարտելու համար:
«Հայտարարվեց, որ ծառայողական քննությունը շատ սեղմ ժամկետներում է ավարտվելու, ու հարցին, թե արդյոք կտեւի՞ մի ամիս, պատասխան եղավ՝ ո՛չ: Տալիս ենք մինչեւ ուրբաթ օրը ժամանակ, այսինքն՝ 4 աշխատանքային օր՝ ծառայողական քննությունը ավարտելու համար: Չավարտելու դեպքում՝ ուրբաթ օրը հավաքվում ենք, բայց թե որտեղ եւ ինչ պլանով, դա բնականաբար, այստեղ այս պահին չենք հայտարարի: Հավաքվում ենք ուրբաթ օրը, եթե չեն ավարտում ծառայողական քննությունը ու պահանջ ենք դնում այս պահին ոստիկանությանը, որ երկուշաբթի օրը տեսանյութ տարածեն, որտեղ նա ներողություն կխնդրի իր արարքի համար»,- ասաց Մաքսիմ Սարգսյանը:
Հիշեցնենք՝ ուրբաթ՝ օգոստոսի 21-ին, երբ «Ոտքի՛, Հայաստան» նախաձեռնությունը քաղաքացիական անհնազանդություն էր կատարում՝ նստելով Ամիրյան-Սարգսյան փողոցների հետիոտնային անցումին, ոստիկանները փորձում էին ազատել անցումը: Այդ ընթացքում լեյտենանտ Վարդգեսյանը ապտակել է տարեց տղամարդուն՝ Հակոբ Նազարյանին: Դեպքից հետո ոստիկանությունը հայտարարություն է տարածել, թե լեյտենանտ Վարդգեսյանի լիազորությունները դադարեցվել են:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ