Լրահոս
Օրվա լրահոսը

Մաքսիմ Սարգսյան. Անկախ ծառայողական քննության արդյունքներից ոստիկանը պարտավոր է ներողություն խնդրել

Օգոստոս 22,2015 21:55

«Ոչ թալանին» նախաձեռնությունը օգոստոսի 22-ին ոստիկանության գլխավոր վարչության շենքի առջեւ շտապ հավաք էր հայտարարել, որպեսզի  իր բողոքը արտահայտի տարեց տղամարդուն ապտակած ոստիկանի նկատմամբ: Նրանց էին միացել նաեւ «Ոտքի՛, Հայաստան» նախաձեռնության անդամները:

Հիշեցնենք՝ ուրբաթ՝ օգոստոսի 21-ին, երբ «Ոտքի՛, Հայաստան» նախաձեռնությունը քաղաքացիական անհնազանդություն էր կատարում՝ նստելով Ամիրյան-Սարգսյան փողոցների հետիոտնային անցումին, ոստիկանները փորձում էին ազատել անցումը: Այդ ընթացքում լեյտենանտ Վարդգեսյանը ապտակել է տարեց տղամարդուն՝ Հակոբ Նազարյանին: Դեպքից հետո ոստիկանությունը հայտարարություն է տարածել, թե լեյտենանտ Վարդգեսյանի լիազորությունները դադարեցվել են:

Ակտիվիստներին հանդիպեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը եւ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը:

«Չենք բացառում բազմահազարանոց համակարգ է եւ հնարավոր է, որ ծառայողներից մեկը սխալ անի: Ամենակարեւորը, որ այսօր ոստիկանությունը ցանկացած սխալի, ոստիկանության ոչ իրավաչափ, ոչ համարժեք գործողության արձագանքում է: Մենք լրատվամիջոցներին հայտարարություն տվել ենք, որ ծառայողական քննություն է նշանակվել, նշված ոստիկանի լիազորությունները դադարեցվել են: Քաղաքացին, որը հաղորդում էր տվել երեկ ոստիկանության Կենտրոնի բաժնում, նախապատրաստված նյութերը Կենտրոնի բաժնից ուղարկվել ենք դատախազություն, այսինքն՝ բոլոր իրավական ընթացակարգերը արվել են, չկա մի բան, որը բաց է թողնվել: Մտահոգությունը ձեր գուցե հասկանում եմ, բայց վստահեցնում եմ ձեզ, որ ոստիկանությունը, դուք տեսել եք, որ ցանկացած իր աշխատակցի գործողություններին համարժեք գնահատական է տալիս»,- ասաց Աշոտ Ահարոնյանը:

«Ոչ թալանին» նախաձեռնության համակարգող խորհրդի անդամ Մաքսիմ Սարգսյանն ասաց, որ իրենք պահանջում են, որ այդ ոստիկանը անձամբ գա ու ներողություն խնդրի. «Կարծում եմ՝ դուք ինքներդ էլ կընդունեք իր արարքը անկախ ծառայողական քննության արդյունքներից ինքը պարտավոր է ներողություն խնդրել: Ավել որեւէ բան, կարծում եմ, չենք պահանջում»:

Աշոտ Ահարոնյանը պատասխանեց, որ կարեւորը իրավական գնահատականն է. «Եկեք իրավական գնահատականին սպասենք, հետո նոր խոսենք բարոյականի մասին»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31