Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկնարկը սկսվեց Բերձորից

Օգոստոս 22,2015 21:00

Օգոստոսի 21-ից սկսվել է ՀՀ ԵԿՄ ամենամյա ուխտագնացությունը դեպի Արցախ, որի հիմքը դրել է Նազիկ մայրիկը՝ Զորավար Մանվել Գրիգորյանի մայրը 22 տարի առաջ: Ուխտագնացությունը նվիրված է Արցախի անկախության հռչակմանը, Գիտելիքի օրվան: Մեկնարկն Արցախում սկսվեց Քաշաթաղի շրջկենտրոն Բերձորում: Մեկ օր առաջ ուխտագնացներն Արցախի ճանապարհին արդեն այցելել են Գորիսի տարածաշրջանի հուշարձաններ, տարբեր երգչախմբերի, պարախմբերի մասնակցությամբ համերգային ծրագիր են ներկայացրել Գորիսի զորամասում և քաղաքում։

IMG_9725

Օրեր առաջ Բերձորի Արցախյան գոյամարտի նահատակներին նվիրված հուշահամալիրում, որտեղ երեք խոնարհված բարձր պատերին Քաշաթաղի տարածքում նահատակված հերոսների անուններն են փորագրված, կանգնեցվեց հերթական խաչքար-հուշակոթողը, որը Նախիջևանի Ջուղայի՝ թուրք-բարբարոսների կողմից ոչնչացրած հազարավոր խաչքարերից մեկի կրկնօրինակն է: Հուշակոթողի հարևանությամբ կանգուն են Սպարապետ Վազգեն Սարգսյանին, Շուշիի ազատագրման համար նահատակված քաջորդիներին, «Հատուկ Գնդի» մարտիրոսներին նվիրված և մոտ մեկ տասնյակ այլ հուշակոթողներ:

Առավոտյան այս հուշակոթողների մոտ պատվոպահակ էին կանգնել պատանի երկրապահները: Քաշաթաղի հոգևոր հովիվ Հայր Աթանաս Վարդապետը կատարեց խաչքարի օծման արարողություն, որին ներկա էին ՀՀ ԵԿՄ վարչության, Սյունիքի, Վայոց Ձորի մարզային խորհրդների, Երևանի վարչական շրջանների բաժանմունքների, Քաշաթաղի ԵԿՄ և շրջվարչակազմի ներկայացուցիչներ: Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Արտուշ Մխիթարյանը, ողջունելով ուխտագնացներին, կարևորեց ՀՀ ԵԿՄ դերը մեր ժողովրդի կյանքում՝ հավելելով, որ հերթական ուխտագնացության արդյունքում կատարվող բազում ծրագրերից է առաջին դասարանցիներին պայուսակներ ու գրենական պիտույքներ տրամադրելը: Շնորհակալություն հայտնեց խաչքարի տեղադրման համար՝ ասելով.

-Այսօր կայացավ գեղեցիկ արարողություն՝ օծվեց Ջուլֆայի ոչնչացված խաչքարերից մեկի կրկնօրինակը, հազարավոր այդպիսիներ են ոչնչացվել. Ուստի պետք է նույնքան էլ կրկնօրինակվեն և տեղադրվեն մեր երկրի տարբեր վայրերում: ԵԿՄ-ի տղաներն ազատագրական պայքարից հետո այսօր էլ օժանդակում են Արցախին:

Այնուհետև Հայր Աթանասն օգնական հոգևորականի հետ մյուռոնված ջրով ու կարմիր գինով օծեց խաչքարը: Դիմելով ներկաներին՝ Սուրբ հայրն ասաց.

-Այս սուրբ վայրում խաչ-նշան հաստատվեց, որը դարերի ընթացքում ձուլվել է մեր հոգուն: Մենք Խաչի ժողովուրդ ենք, քանի որ հավատացել ենք Խաչյալին: Խաչը հուշում և հիշեցնում է, որ մեր հոգու մի մասնիկն է՝ օտարի կողմից ոչնչացվեց, բայց հիշողությունը կա, և խաչը վերստին շունչ առավ:

Այնուհետև հոգևոր հայրը կարևորեց Խաչի դերը մեր ժողովրդի համախմբման գործում՝ այն համարելով թիվ 1 նեցուկը՝ մաղթելով, որ այն պահապան լինի մեր ազգին: ՀՀ ԵԿՄ վարչության ներկայացուցիչ Օհան Գևորգյանն իր ողջույնի խոսքում շնորհավորեց ներկաներին սուրբ արարողության առթիվ և ներկայացրեց ուխտագնացության նպատակները: Նշեց, որ յուրաքանչյուր տարի ուխտագնացությունն սկսվում է Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը՝ մարտի 5-ին և շարունակվում ՀՀ մարզերում: Առաջին օրը կայանում է նաև պատանի երկրապահների երդման արարողություն: Օ. Գրիգորյանը նշեց, որ միշտ էլ կարևորն Արցախյան օրերն են: Այդ ընթացքում ուխտագնացները լինում են հանրապետության բոլոր շրջաններում, այցելում նահատակ-հերոսներին նվիրված հուշարձաններ, ծաղիկներ խոնարհում, կազմակերպում տոնական միջոցառումներ: Կարևոր է հատկապես այցելությունները զորամասեր, զինվորներին ոգևորելը, որ Երկրապահը միշտ զինվորի կողքին է:

-Այս տարվա ուխտագնացության առանձնահատկությունն այն է, որ նվիրված է նաև Մեծ Եղեռնի սրբադասված զոհերի հիշատակին։ Այս առիթով Արցախի բոլոր տարածքներում ընդհանուր թվով 10 խաչքար է տեղադրվել, որոնց օծումները կկատարվեն ուխտագնացության ծրագրի շրջանակներում։ Ընդ որում՝ տեղադրվել են Ջուղայի խաչքարերի կրկնօրինակները։ Խաչքարերի տեղադրումը նախաձեռնել է ԵԿՄ նախագահ, զորավար, Արցախի հերոս գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը: Այստեղ հուշակոթողի տեղադրումն իրականացավ Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի տարածքային բաժանմունքի նախագահ Վարազդատ Զատիկյանի(Վահան Զատիկյանի եղբայրը) օժանդակությամբ, -ասաց Օ. Գևորգյանը:

Այնուհետև Բերձորի Վ. Թեքեյանի և Վ. Զատիկյանի անվ. միջն. դպրոցներ այս տարի հաճախող առաջին դասարանցիներին հատկացվեցին պայուսակներ՝ գրենական պիտույքներով լեցուն: ՀՀ ԵԿՄ Սյունիքի մարզային խորհրդի փոխնախագահ Սուրեն Բաղդասարյանը շնորհավորեց մանուկներին՝ մաղթելով, որ լավ սովորոն, մեր ազգին պիտանի զավակներ դառնան: Միջոցառումից հետո շրջվարչակազմի կրթության բաժնին տրվեցին առաջինդասարանցիների համար նախատեսված 200-ից ավելի պայուսակներ, որոնցում բացի գրենական պիտույքներից, կան Զորավարի շնորհավորական ուղերձն ու բարեմաղթանքն արցախցի դպրոցականներին:

Օրվա ընթացքում ԵԿՄ ներկայացուցիչները ծաղիկներ խոնարհեցին Երկրապահի պուրակում տեղադրված խաչքարի մոտ: Այցելեցին նաև Վահան Զատիկյանին նվիրված պուրակ, որը գտնվում է իր անվան թիվ 2 դպրոցի մոտ: Ծաղիկներ խոնարհեցին մեր ժողովրդի լավագույն զավակներից մեկի կիսանդրու մոտ, հարգեցին հիշատակը: Վահանի եղբայրը՝ Վարազդատը, հպարտորեն ընդունեց մարտական ընկերների խոսքը եղբոր մասին և կարևորեց, որ Բերձորի դպրոցներից մեկը կրում Վահանի անունը:

Վայոց Ձորի մարզի ԵԿՄ խորհրդի նախագահ Թառոն Ավետյանը և փոխնախագահ Արմեն Սեդրակյանը բարձր գնահատեցին Վահան Զատիկյանի դերը նորօրյա մեր գոյապայքարում: ՀՀ ԵԿՄ Երևանի Ավանի տարածքային բաժանմունքի նախագահ Պետրոս Ամիրյանը տեղեկացրեց, որ ուխտագնացության շրջանակներում իրենք այցելելու են նաև Քաշաթաղի հարավային Կովսական, Որոտան քաղաքներ և հարևան համայնքներ: ԵԿՄ ուխտագնացությունն Արցախում կշարունակվի մի քանի օր:

Զոհրաբ Ըռքոյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31