«Երևանյան ամառ 2015» եռամսյա միջոցառումների շրջանակում, Երևանի քաղաքապետարանի հրավերով, առաջին անգամ հյուրախաղերով մայրաքաղաք է ժամանել Սանկտ Պետերբուրգի «ԻՄՊԵՐԻԱԼ» շապիտո կրկեսը, որի երևանյան ներկայացումները նվիրված կլինեն աշխարհահռչակ ծաղրածու Լեոնիդ Ենգիբարյանի ծննդյան 80 ամյակին:
Կոմիտասի անվան զբոսայգում`նախկին դելֆինարիումի տեղում հատուկ կահավորված տարածքում կայացել է կրկեսի անդրանիկ ներկայացումը: Երևանյան կրկեսի գեղարվեստական ղեկավար Սոս Պետրոսյանը շնորհակալություն է հայտնել Երևանի քաղաքապետարանին, ի դեմս Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի` «ԻՄՊԵՐԻԱԼ» շապիտո կրկեսը հրավիրելու և երևանյան հյուրախաղերին մեծապես աջակցելու համար: Երկու ժամից ավելի տևած կրկեսային ծրագրի ընթացքում ինչպես երեխաների, այնպես էլ նրանց ծնողների համար բարձր տրամադրություն են ապահովել ծաղրածուների զվարճալի համարները, օդային ակրոբատները և աճպարարները: Ներկայացվել են շուրջ մեկ տասնյակ համարներ՝ կրկեսային կենդանիներով:
Երկմասանոց հագեցած ներկայացման ավարտից հետո ներկաներն իրենց երախտիքի խոսքն են հղել Երևանի քաղաքապետարանին` ուրախ և անմոռանալի ակնթարթներ պարգևելու համար:
Կրկեսը երևանյան կանոնավոր ներկայացումները կսկսի օգոստոսի 29-ից մինչև հոկտեմբերի 4-ը ներառյալ` ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն