Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում կատարվող պեղումներով հետաքրքրված են նաև օտարերկրացի մասնագետները

Օգոստոս 22,2015 19:21

Հայ հնագետները միջազգային գործընկերների հետ պեղումներ են իրականացնում Հայաստանի տարբեր վայրերում՝ փորձելով բացահայտումներ անել բրոնզեդարյան նախնիների և Առաջավոր Ասիայի հին շրջանի հասարակությունների, քաղաքակրթությունների ձևավորման ժամանակների վերաբերյալ:

Հայաստանում կատարվող պեղումներով այսօր հետաքրքրված են և նույնիսկ մասնակցում են դրանց մասնագետներ ԱՄՆ-ից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Իսրայելից ու Ավստրիայից:

Հնագիտության և ագգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ վերջին երեք ամիսներին ընթացող պեղումների ամենատպավորիչ արդյունքներից մեկը կապված է Վիշապ քարակոթողների ուսումնասիրության հետ: Այդ պեղումներն ընթանում են Արագածի գագաթամերձ հատվածներում: Իսկ յուրահատկությունն այն է, որ Վիշապ քարակոթողները Հայկական լեռնաշխարհի սահմաններում մոնումենտալ քանդակագործության ամենահին նմուշներից են. «Հայկական լեռնաշխարհից դուրս մշակութային այս ֆենոմենը չի հանդիպում. բրոնզեդարյա բացառիկ նմուշներ են»,- տեղեկացրեց Պ. Ավետիսյանը և հավելեց, որ Վիշապ քարակոթողների և դրանց հարևանությամբ առկա դամբարանների ու դամբարանատիպ կառույցների վերաբերյալ հստակ գնահատականներ չկան, քանի որ մինչև այժմ դրանք պեղված, հանված, չափագրված և նույնիսկ հաշվառված չեն եղել: «Եթե այդ ամենը կարողանանք ի մի բերել, ամենայն հավանականությամբ, բրոնզի դարի մեր նախնիների պատկերացումների համակարգի մասին մի նոր էջ կբացենք հնագիտության մեջ»,­- ասաց նա:

Հայաստանում անցկացվող հնագիտական ուսումնասիրությունները նախորդ տարվանից մտել են նոր փուլ. գտածոների տարատեսակ ուսումնասիրություններին ավելացել է նորը՝ ԴՆԹ անալիզը. «Բրոնզեդարյա բնակատեղիներից գտնված մարդկանց ԴՆԹ-­ն և մեր տարածքում ապրած մարդկանց ԴՆԹ-­ն գրեթե չեն տարբերվում: Դա նշանակում է, որ մենք նրանց կենսաբանական ժառանգներն են»,- ասում է Հնագիտության և ագգագրության ինստիտուտի տնօրենը:

Նրա փոխանցմամբ՝ այս աշխատանքները դեռ նոր են սկսվել, և անելու շատ բան կա. «Մենք ոչ միայն ժամանակակից հայ մարդու, այլև Հայկական լեռնաշխարհում ապրած մարդկանց պատկերը կունենանք: Նրանց կարող ենք համեմատել այս տարածաշրջանի մյուս մարդկանց հետ՝ մեր տեղն ու դերը հաստատելու համար: Դրանով կպատասխանենք այն խեղաթյուրումներին, որոնց հաճախակի բախվում ենք»,­- ընդգծեց Պ. Ավետիսյանը:

Դառնալով պետական հոգածությանը՝ նա հավատացրեց, որ 2007 թվականից կառավարությունը դաշտային հետազոտական աշխատանքներ իրականացնելու համար լուրջ գումարներ է հատկացնում, բայց դրան զուգահեռ ավելացել է նաև ուսումնասիրվող նյութը, իսկ Ինստիտուտի շենքային պայմանները չեն բարելավվել:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31