«Gallup international»-ը նոր հարցում է հրապարակել՝ «Բաղրամյան Պողոտա VS Ազատության Հրապարակ»: Հարցումը կատարվել է հուլիսի 6-13-ն ընկած հատվածում, հարցմանը մասնակցել է 1106 քաղաքացի:
Հարցին, թե ինչպես կգնահատե՞ք ցուցարարների գործողությունները, որոնք դուրս էին եկել Բաղրամյան պողոտա, հարցվածների 73 տոկոսը պատասխանել է՝ լիովին դրական, 22 տոկոսը՝ ավելի շուտ դրական: Հարցվածներից 90 տոկոսը համարում է, որ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմանն ուղղված բողոքի ցույցը ինքնակազմակերպված սոցիալական շարժում է, որն ուղղված է միայն էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ, մինչդեռ 2 տոկոսը համարում է, թե այն կազմակերպել էին իշխանությունները, որ հանրության ուշադրությունը այլ խնդիրներից շեղեն, 2 տոկոսը կարծում է, թե ցույցի կազմակերպիչները քաղաքական ուժերն են: Իսկ որ ցույցը կազմակերպել են արտաքին ուժերը, կարծում է 2 տոկոսը:
Նշենք, որ հարցվածների միայն 15 տոկոսն է մասնակցել էլեկտրաէներգիայի սակագի բարձրացման դեմ ցույցերին, որոնցից 73 տոկոսը մասնակցել են հենց Բաղրամյան պողոտայում կայացած բողոքի ակցիային:
Հարցին, թե ինչպե՞ս եք վերաբերվում ոստիկանների աշխատանքին հունիսի 23-ին, ընդհանրապես բացասական պատասխանել է 67 տոկոսը, ավելի շուտ բացասական՝ 26 տոկոսը, այսինքն՝ ընդհանուր առմամբ բացասական է վերաբերվում քաղաքացիների 93 տոկոսը: Մինչդեռ 3 տոկոսը պատասխանել է, թե լիովին դրական է վերաբերվում, իսկ ավելի շուտ դրական է վերաբերվում հարցվածների եւս 3 տոկոսը: Իսկ ընդհանուր առմամբ բողոքի ակցիայի ընթացքում ոստիկանների աշխատանքը հարցվածների 34 տոկոսն է գնահատում բացասական, 38 տոկոսը ավելի շուտ բացասական, 22 տոկոսն ավելի շուտ դրական, իսկ դրական է գնահատում 1 տոկոսը:
Կարդացեք նաև
Հարցվածների 52 տոկոսը ընդհանրապես բացասական է գնահատել նախագահ Սերժ Սարգսյանի արձագանքը բողոքի ցույցի ընթացքում, եւս 52 տոկոս ընդհանրապես բացասական է գնահատել ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի արձագանքը: Նրանց հաջորդում է վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ում արձագանքը ընդհանրապես բացասական է գնահատել 51 տոկոսը, որին հաջորդում է ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը՝ 46 տոկոսով: Իսկ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի արձագանքին ընդհանրապես բացասական գնահատական է տվել՝ 43 տոկոսը:
Հարցին, թե ինչպե՞ս եք վերաբերվում նախագահի՝ աուդիտ հայտարարելու որոշմանը, 37 տոկոսը պատասխանել է ավելի շուտ դրական, 30 տոկոսը՝ ավելի շուտ բացասական: Ընդհանրապես բացասական է վերաբերվում հարցվածների 14 տոկոսը, իսկ միանշանակ դրական՝ 7 տոկոսը:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ