Լրահոս
Օրվա լրահոսը

Վիլեն Խաչատրյան. «Աշխարհը վալյուտային պատերազմի մեջ է»

Օգոստոս 22,2015 15:56

«Արտարժութային տատանումները կանխատեսելը ամենադժվար գործերից մեկն է, հայերին հետաքրքրում է կոնկրետ դոլարի հետ ի՞նչ է տեղի ունենալու եւ արդյոք դոլարը արժեւորվելու է, թե՝ դրամը արժեզրկվի»,-այսօր «Զարկերակ» մամուլի ակումբում ասաց տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը: Նա նշեց, որ այդ ամենի հիմքում կա մի հանգամանք, այն է, որ սովորաբար մեր խնայողությունները հիմնականում պահում ենք դոլարով եւ մեր վարկային պորտֆելի 1 տրիլիոն 4 հարյուր միլիարդի հասնող գումար արտարժույթով է, այսինքն` այդքան վարկատու կարող է ունենալ խնդիր, եթե դրամը արժեզրկվի:

Երկրորդ հանգամանքը, ըստ տնտեսագետի, պայմանավորված է ռուբլու գործոնով. «Մտահոգված ենք ռուբլու արժեզրկման հանգամանքով, քանի որ գիտենք Հայաստանից մի շարք միգրանտներ գնում են Ռուսաստան եւ նրանց եկամտի աղբյուրը ռուբլով է: Նրանք հարազատներին ուղարկում են տրանսֆերտներ, որոնք Հայաստան են հասնում արժեզրկված»:

Ռուբլու արժեզրկումը, ըստ պարոն Խաչատրյանի, պայմանավորված է նրանով, որ Ռուսաստանի ռուբլուն համարժեք արժեզրկվում էր Ղազախստանի կողմից, որպեսզի նրանց առեւտրային հարաբերությունները չխախտվեն:

«Այս պահի դրությամբ 1 դոլարը Ռուսաստանում արժե 68.7, իսկ ինչ վերաբերում է եվրոյին, ապա այն կազմել է 78 ռուբլի: Կա այսպիսի հասկացողություն՝ երկվալյուտային կամ երկարժութային զամբյուղ, որտեղ եթե մենք գումարում ենք իրար մոտավորապես 10 ռուբլով այս երկու արժույթները մի քանի օրերի ընթացքում արժեզրկվել են»,-ասաց Վիլեն Խաչատրյանը՝ ավելացնելով, որ սա հանգեցնելու է նրան, որ Հայաստան ուղարկվող տրանսֆերտների վրա ունենալու է մեծ ազդեցություն, որովհետեւ, եթե 20 տոկոսով որեւէ արժույթ արժեզրկվում է, ապա այս երեւույթը հայտնի է որպես արտարժութային ճգնաժամ:

Այժմ, ըստ տնտեսագետի, Ղազախստանում եւ Ռուսաստանում գրանցվել է արտարժութային ճգնաժամ, սակայն Հայաստանում հարաբերական որոշակի առումով դոլարի կուրսը տատանումների չի ենթարկվել:

«Առաջացել է կարծես մի իրավիճակ, որ աշխարհի զարգացող երկրների  վալյուտաները արժեզրկվում են, իսկ դոլարը արժևորվում: Այդ տեսանկյունից աշխարհի դրամավարկային քաղաքականությունը համահունչ չէ. քաշում է մի կողմ դոլարը, մյուս կողմ՝ մյուս արժույթները»,-նշեց պարոն խաչատրյանը: Ըստ նրա կանխատեսումների տարվա վերջի դրությամբ նվազելու են 8 հարյուր միլիոնից մոտ 1 միլիարդ դոլարի շրջանակներում տրանսֆերտներ եւ եթե մեր առեւտրաշրջանառությունն էլ նվազեց՝ ունենալու ենք տնտեսության մեջ որոշակի թուլացում:

Տնտեսագետը նշեց, որ աշխարհի ճգնաժամերի գրեթե 60-70 տոկոսը բաժին է ընկնել հենց սեպտեմբեր ամսվան եւ եթե մեր արտահանման ծավալներով կարողացանք ունենալ դոլարային մուտք, մի քիչ ավելի թեթեւ կտանենք այդ շոկը. «Եթե արտահանման ծավալները, այսինքն` ռուսական տնտեսության՝ ռուբլու արժեզրկման պատճառով կորեցին վնասներ կարող է մեր արտահանման սեկտորը տուժել»:

Ըստ տնտեսագետի՝ աշխարհը վալյուտային պատերազմի մեջ է. «Ամերիկան թանկացնում է դոլարը, Չինաստանը՝ արժեզրկում է եւ տեղի է ունենում մի գործընթաց, որ արտադրություն կազմակերպելու համար Ամերիկան նախընտրում է վալյուտան թանկացնել, ձեռք բերել աշխարհի մյուս վալյուտաներով ապրանքները եւ տեղափոխել Ամերիկա: Տեղի է ունենում արտադրական կենտրոնների տեղափոխման գործընթաց: Չինաստանը, հակառակ քայլ է անում՝ արժեզրկում է իր վալյուտան, որպեսզի ավելի շատ ապրանքներ արտահանի, քանի որ, հենց Ամերիկայի շնորհիվ կորցրել է եվրոպական շուկան»:

Առաջին 6 ամիսների ընթացքում, ըստ տնտեսագետի, Չինաստանը դարձել է մեր արտահանման համար առաջին գործընկերը, իսկ մինչ այդ Ռուսաստանն էր: «Հիմա Չինաստան ավելի շատ ենք արտահանում, քան ամբողջ ԱՊՀ, իսկ Ռուսաստանը հայտնվել է երրորդ հորիզոնականում, իսկ երկրորդ տեղում է Գերմանիան, չնայած Ռուսաստանը ներմուծման առումով առաջ է անցել:

Տեղի է ունեցել այնպես, որ մենք կորցրել ենք մեր արտահանման շուկան, իսկ Ռուսաստանը ընդլայնել է իր ներմուծման շուկան»,-ասաց պարոն Խաչատրյանը:

Հարցին, թե Որոտանի կասկադի եւ Երեւանի մարզահամերգային համալիրի վաճառքը ինչպես կանդրադառնա մեր տնտեսության վրա, պարոն Խաչատրյանը պատասխանեց, որ, քանի որ տնտեսական աճը ապահովում են 3 գործոնների հաշվին՝ տրանսֆերտ, որը նվազել է, պարտք, որը վերցնում են եւ գույք, որը ծախում են: «Որոտանի կասկադը վաճառել են, որպեսզի սուբսիդավորեն էլեկտրաէներգիայի պարտքը, այսինքն` մեր տունը ծախում ենք, որ էլեկտրաէներգիայի վարձը տանք»,-նշեց տնտեսագետը:

Ինչ վերաբերում է համալիրի գործարքին՝ Վիլեն Խաչատրյանն ասաց, որ այստեղ գոյություն ունի ազգային եւ տնտեսական շահերի բախման հակասություն. «Եթե այդ երկուսի մեջ նախընտրությունը տալիս ենք տնտեսական գործոնին, որը չի վնասի ազգային գործոնին, ապա ես խնդիր չեմ տեսնում, բայց եթե դա վնասում է ազգայինին եւ ավելի մեծ վնաս է հասցնում միջազգային ընդհանուր դիվանագիտական հարցերի տեսանկյունից, ապա ես կգնահատեի բացասական»:

Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31