Արձակագիր Արամ Պաչյանը ֆրագմենտալ վեպ է գրում, որը բաղկացած է առանձին պարբերություններից, տողերից, նախադասություններից: Այստեղ չկա ընդգծված սյուժե, ակնհայտ կապ տեքստերի միջև: Նոր վեպը լրիվ տարբերվում է նախորդ երեք գրքերից («Ռոբինզոն և 13 պատմվածք», «Ցտեսություն, ծիտ», «Օվկիանոս»): Արձակագիրը ստեղծագործելու նոր տարածություն է գտել. «Ինձ միշտ հմայում են նոր ճանապարհները արձակի մեջ, և ես չէի ուզում նախորդ գրքերում արածներս կրկնել կամ դրանց նույնիսկ մոտիկ մի բան անել»,- օգոստոսի 21-ին իր ընթերցողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ա. Պաչյանը:
Այդպես նա որոշել է գրքի վերածել այն, ինչ զգում, ապրում, մտածում է օրվա ընթացքում. «Ինչ-որ առումով ինքս ինձ, իմ գեղագիտական նախասիրություններին դեմ էի գնում, իսկ ֆրագմենտները գրվում էին ու գրվում, կարելի է ասել՝ ինքնագրվում էին, և ես մտածում էի՝ ինչո՞ւ չվերարտադրել գիտակցության իրական պատկերը: Ֆրագմենտները, իմ կարծիքով, մեր գիտակցության իրական պատկերն են: Եվ շատ ավելի հետաքրքիր է խորասուզվել ամեն մի ֆրագմենտի բնույթի մեջ, քան այդքան կենտրոնանալ սյուժետային գծի վրա»,- նկատեց արձակագիրը:
Պաչյանն իր ֆրագմենտալ արձակն ինչ-որ առումով անձնական է համարում և դեռ վստահ չէ՝ ուզո՞ւմ է նոր գիրքը հրատարակել, թե՞ ոչ…
«Ես սիրելի զբաղմունք եմ գտել. գնում եմ մարդաշատ սրճարան ու բարձր, անհեթեթ երաժշտության տակ պատկերացնում եմ իմ ու քո մահը. քոնը՝ ավելի դաժան, իմը՝ ավելի թեթև: Հետո փոխում եմ տեղերը. իմը՝ ավելի դաժան, քոնը՝ ավելի թեթև: Ես չգիտեմ՝ ում կողմից եմ»:
Կարդացեք նաև
«Ես խաբում եմ հայրիկին: Նա կռանում է, կապում կոշիկներիս թելերը: Ես ինքս կարող եմ կապել, բայց խաբում եմ: Հայրիկը գիտի, որ խաբում եմ, բայց կռանում է»:
Սրանք հատվածներ են Արամ Պաչյանի անտիպ վեպից:
Արձակագիրն արդեն մոտ 500 այսպիսի հատվածներ է գրել, բայց ընթացքում դրանց թիվը կրճատելով հասցրել է 134-ի:
Պաչյանի վեպի հատվածներն արդեն մաս են դարձել երաժշտական ստեղծագործության: Շվեյցարաբնակ կոմպոզիտոր Արամ Հովհաննիսյանը դրանց հիման վրա հեղինակել է «Pachyan Fragments» ստեղծագործությունը՝ գրված վոկալի, ջութակի և հարվածայինների համար:
Ստեղծագործության համաշխարհային պրեմիերան կայացել է փետրվարին՝ Լոս Անջելեսի «Zipper Hall» սրահում՝ «Dilijan Chamber Music»-ի շրջանակներում:
«Pachyan Fragments»-ը կատարել են հանրաճանաչ երաժիշտներ Տոնի Առնոլդը, Կունիկո Կատոն և Մովսես Պողոսյանը:
Հայաստանում ստեղծագործությունը ներկայացվել է մայիսին:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Իբր ի՞նչ: