Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Առանձնատներում տեղադրված վերելակների տեխնիկական անվտանգության սպասարկումն իրականացվում է արտոնագրված կազմակերպությունների կողմից

Օգոստոս 22,2015 15:25

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռք բերված ապացույցների հիման վրա կարճվել է 5-ամյա երեխայի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի վարույթը:

2015 թվականի հունիսի 4-ին՝ ժամը 12:20-ին, «Արմենիա» բժշկական կենտրոնից ահազանգ էր ստացվել, որ «Պոլիտրավմա» ախտորոշմամբ բուժօգնության տեղափոխված, 2009 թվականի օգոստոսին ծնված երեխան, գիտակցության չգալով, մահացել է:

Նախնական քննության տվյալներով՝  երեխան վնասվածքն ստացել է իրենց տան վերելակով երրորդ հարկից չորրորդ հարկ բարձրանալու ընթացքում. երեխայի ստորին ծնոտը մնացել է նշված  հարկերը բաժանող բետոնե հատվածի և վերելակի մեջտեղում:

Դեպքի առթիվ Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում 2015 թվականի հունիսի 12-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի 2-րդ մասով (աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ):

Հաշվի առնելով քրեական գործի նկատմամբ հասարակական մեծ հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ  ձեռնարկվել են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ պարզելու երեխայի մահվան հանգամանքները,  ֆիզիկական անձանց առանձնատներում տեղադրված վերելակների տեխնիկական անվտանգության և անվտանգ շահագործման սպասարկման կարգը, պայմանները, պատասխանատու անձանց շրջանակը։

Նշանակված դատաբժշկական փորձաքննության  թիվ 613 եզրակացության համաձայն՝ Լ.Բադասյանի մահը վրա է հասել սուր շնչական անբավարարությունից, որն էլ առաջացել է պարանոցի, կրծքավանդակի, որովայնի օրգանների բութ առարկաներով սեղմման-ճնշման հետևանքով զարգացած հիպօքսիկ էնցեֆալոպիայով:

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ դեպքի օրը՝  2015 թվականի հունիսի 4-ին՝ ժամը 11-ի սահմաններում, յոթնամյա տղան, վերջինիս հինգուկեսամյա քույրիկը եւ նրանց դայակը նստել են առանձնատան վերելակը՝ 4-րդ հարկ բարձրանալու համար: Դայակը կանգնել է դռների դիմաց, իսկ երեխաները՝  ձախ եւ աջ կողմերում։ Հանկարծ վերելակը կանգ է առել եւ նկատել են, որ փոքրիկ աղջնակը մարմնի վերևի հատվածով թեքված է դեպի առաջ, իսկ գլուխը՝  վերելակի աջ կողմից դուրս՝  վերելակի կողային երկաթի և երրորդ ու չորրորդ հարկերը բաժանող բետոնե հատվածի միջև: Դայակը գրկել է  երեխայի որովայնի հատվածից, որպեսզի չշարժվի և չվնասվի, ու զանգահարել  երեխաների մորը, ապա՝ 911: Փրկարար ծառայության աշխատակիցները ժամանել են, դուրս բերել փոքրիկին ու տեղափոխել հիվանդանոց, որտեղ նա մահացել է:

Պարզվել է, որ դիտարկվող առանձնատանը վերելակը տեղադրվել է մոտ 2 տարի առաջ եւ պատրաստվել է բանվորների կողմից։  Ընտանիքի հայրը հայտնել է, որ վերելակը գտնվել է սարքին վիճակում, վերելակի հետ կապված երբեք որևէ խնդիր չի առաջացել։

Նախքան տեղադրվելը  վերելակը որևէ կազմակերպության կողմից տեխնիկական ստուգման չի ենթարկվել,  վերելակը որևէ կազմակերպությունում գրանցված չի եղել և երբեք վերելակը որևէ կազմակերպության կողմից տեխնիկական անվտանգության ստուգման չի ենթարկվել, չի սպասարկվել:

Քննությամբ պարզվել է, որ առանձնատներում տեղադրված վերելակների տեխնիկական անվտանգության սպասարկումն իրականացվում է արտոնագրված կազմակերպությունների կողմից՝ պայմանագրային հիմունքներով: Նշված առանձնատան սեփականատերը տեղադրված վերելակի տեխնիկական անվտանգության սպասարկման համար պայմանագիր չի կնքել և վերելակի շահագործման ողջ ընթացքում այն որևէ կազմակերպության կողմից տեխնիկական անվտանգության ստուգման չի ենթարկվել, այսինքն` որևէ կազմակերպություն պատասխանատվություն չի կրում նշված տանը գործող վերելակի տեխնիկական անվտանգության համար: ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածը պատասխանատվություն է նախատեսում. տեխնիկայի անվտանգության կամ աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու համար՝ դրանց համար պատասխանատու անձի կողմից…:

Դրանից բացի՝ նախաքննության ընթացքում հիմնավորվել է, որ աղջնակը մարմնական վնասվածքներն ստացել և մահացել է անզգուշաբար գլուխը վերելակի կողային հատվածից դուրս հանելու արդյունքում գլուխը վերելակի կողային երկաթի և տան երրորդ ու չորրորդ հարկերը միմյանցից բաժանող բետոնե հատվածի միջև հայտնվելու հետևանքով:  Այսինքն՝ քրեական գործի նյութերում բացակայում է հանցագործության դեպքը:

Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ քննիչը որոշում է կայացրել կարճել քրեական գործի վարույթը՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով։

ՀՀ Քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31