Լրահոս
Օրվա լրահոսը

Բարեկամական խմբի ղեկավարի նշանակումը բացառապես ԱԺ նախագահի լիազորությունն է

Օգոստոս 22,2015 11:43

Պարզաբանում է ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը:

Տիկին Նաղդալյան, օրերս մամուլում չճշտված տեղեկատվություն հրապարակվեց, իբրև Դուք հրաժարվել եք Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի ղեկավարումից` ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզի հորդորով, ինչը տարաբնույթ մեկնաբանությունների ու հանրային քննարկումների առիթ դարձավ: Իրականությանը համապատասխանու՞մ են արդյոք նման շշուկները:

-Առհասարակ, ճիշտ կլիներ, որ մեր հանրային քննարկումները և լրատվական դաշտը զերծ մնային չճշտված տեղեկատվությունների, հորինված վարկածների հրապարակումից, առավել ևս, երբ դրանք վերաբերում են միջպետական հարաբերություններին, կամ երկրի համար կարևոր այլ հարցերի: Ինչ վերաբերում է կոնկրետ այս հրապարակմանը, ապա ասեմ, որ այն բացարձակապես չի համապատասխանում իրականությանը:

Հայ-ամերիկյան բարեկամական խմբի ղեկավարի փոփոխության համար միակ պատճառ է հանդիսացել իմ բազմազբաղությունը, քանի որ հանդիսանում եմ ՝ Հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ, Հայաստան-Չինաստան, Հայաստան-Վրաստան, Հայաստան-Իսպանիա բարեկամական խմբերի ղեկավար, ունեմ բավական մեծ ծանրաբեռնվածություն ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովում և այլ խորհրդարանական և կուսակցական պարտականություններ:

2014 թվականի ամռանից ղեկավարում եմ նաև ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակությունը և այդ իմաստով, իսկապես, աշխատում եմ մեծ ծանրաբեռնվածությամբ: Այդ համատեքստում` իմ գործրնկեր Սամվել Նիկոյանի հետ իմ աշխատասենյակում, մի քննարկման ժամանակ, իր կողմից եղավ առաջարկ` աշխատելու որպես Հայ-ամերիկյան խմբի ղեկավար, որը ինձ համար շատ ընդունելի էր: Մենք միասին այդ թեման քննարկեցինք ԱԺ նախագահի հետ և ստացանք նրա համաձայնությունը:

Դրա արդյունքում ԱԺ նախագահի կողմից կայացվեց համապատասխան որոշում և ս.թ. ապրիլի 17-ին ստորագրվեց բարեկամական խմբի ղեկավարի փոփոխության մասին կարգադրությունը, որը հանդիսանում է բացառապես ՀՀ ԱԺ նախագահի լիազորությունը: Մնացած բոլոր դատողությունները՝ թե´ ԱՄՆ դեսպանի միջամտության մասին /որը այդ օրերին նոր-նոր էր սկսում իր պաշտոնավարումը Հայաստանում /, թե´ «Գրիբոյեդով» ակումբի մասին, /որին ես չեմ անդամակցում / և թե մնացած թեմաներով` բացարձակ անհիմն են և անտեղի: Բարեկամական խմբի ղեկավար եղած ժամանակ ունեցել եմ հրաշալի աշխատանքային և բարեկամական հարաբերություններ թե ԱՄՆ դեսպանի և թե դեսպանության աշխատակազմի հետ:

Հայաստանն ինքնիշխան պետություն է, իր խնդիրները լուծում է իր պետական շահերին համապատասխան, վարել և վարում է պետականամետ և հավասարակշռված քաղաքականություն միջազգային ասպարեզում, և դա նկատվում ու գնահատվում է ինչպես գործընկեր-պետությունների, այնպես էլ միջազգային կազմակերպությունների կողմից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31