Լրահոս
Օրվա լրահոսը

Փրկարարին անհրաժեշտ է երիկամի փոխպատվաստում

Օգոստոս 22,2015 10:45

Գրեթե մեկ տարի է անցել այն օրվանից, երբ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի բնակիչ, 32-ամյա Արմեն Մելքոնյանի մոտ ախտորոշեցին անհայտ բնույթի խրոնիկ երիկամային անբավարարություն և 2-րդ աստիճանի զարկերակային հիպերտենզիա։ Մեր զրուցակցի խոսքով՝ մինչ բանակ գնալը չգիտեր՝ ցավն ինչ է։ Ծառայության ընթացքում մրսածությունից ոտքերն սկսել են այտուցվել, նկատվել է արյան բարձր ճնշում։ Զինվորական հոսպիտալում մեկ ամիս բուժում ստանալուց հետո այլևս գանգատներ չի ունեցել։ «Զորացրվելուց երկու տարի անց նորից գլխացավեր ունեցա, հետազոտվեցի Հրազդանի բժշկական կենտրոնում, բարձր ճնշման դեմ դեղեր նշանակեցին։ 2008 թ Երևանում անալիզներ հանձնեցի։ Բժիշկները կասկածում էին, որ մակերիկամի խնդիրներ ունեմ կամ երևանյան հիվանդություն»,- մանրամասնում է Արմենը։

IMG_20150821_132137

Երիկամի բիոպսիան հերքեց կասկածները, սակայն տղայի ինքնազգացողությունը շարունակում էր կտրուկ վատանալ։ Նախորդ տարվա հոկտեմբերին, տան բազմոցին պառկած, Արմենի մոտ հանկարծակի շնչահեղձության նոպա էր սկսվել, և նրան շտապօգնության մեքենայով տեղափոխել էին Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ պարզվել էր, որ հիվանդի արյան մեջ ազոտի մնացորդային քանակը տասնապատիկ բարձրացել է։ «Ոչ մի դիրքի չէի հարմարվում։ 15 օր պառկեցի հիվանդանոցում։ Անընդհատ ուզում էի մենակ մնալ, ներշնչանքից  25 կիլոգրամ նիհարեցի»,-վերհիշում է երիտասարդը։

Փետրվարից Արմենն «Արաբկիր» բժշկական համալիրում հեմոդիալիզի սեանս է անցնում՝ շաբաթական երեք անգամ, 4 ժամ տևողությամբ։ Արմենի հայրը՝ Վարդանը, պատմում է, որ սեանսից հետո որդին ստիպված է լինում միջքաղաքային տաքսիով երկար ճանապարհ կտրել, ինչի արդյունքում հաճախ թույլ է զգում, և տաքսու վարորդները նրան տուն են հասցնում։ «Չեմ կարողանում արևի տակ մնալ։ Երեկոյան դուրս եմ  գալիս, թաղի ժողովրդի հետ զրուցում։ Տան փոքր երեխան եմ դարձել, բոլորը խնամում են»,- դառնությամբ ժպտում է Արմենը։

Տան բոլոր անդամները հատուկ սննդակարգ ունեն՝ հաց, պանիր, թեյ, մակարոն, կարտոֆիլ։ «Ես նստեմ, ուտեմ, իմ երեխեն նայի, ո՞նց կլինի», -զարմանում է հայրը։

Մելքոնյանները 4 հոգով են ապրում, երիտասարդ ընտանիքը՝ ծնողների հետ։ Արմենը մի քանի ամիս է՝ գործազուրկ է։ Նախկինում աշխատել է Հրազդանի հրշեջ-փրկարարական ջոկատում՝ որպես հրշեջ, ապա՝ վարորդ։ «Երբ աշխատում էի, չէի նեղվում։ Մեքենա ունեի, վաճառեցի բուժման համար։ Ամեն դուռ ծեծելը 10-15 հազար արժեր։ Ամեն անգամ մի հարևանից գումար խնդրելով՝ ծերը ծերին ենք հասցնում»,- ասում է նախկին փրկարարը։

Հաշմանդամության կարգ ձեռք բերելուց հետո դեղերն ու հեմոդիալիզն անվճար է ստանում։ Ընտանիքն իր 51000 դրամ կենսաթոշակի և կնոջ 47000 դրամ աշխատավարձի հույսին է։ Հավելյալ եկամուտ չունեն․ այգում լոբի և կարտոֆիլ են ցանում, որը ձմռան պաշարն է։ Պետական մարմիններին օգնության խնդրանքով չի դիմել ․ամաչել է։

Թեպետ վստահ է, որ «դիալիզը փրկություն չի», սակայն հույսը չի կորցնում․ պատրաստ է տարիներ սպասել, միայն թե ապաքինվի։

«Արաբկիր» բժշկական համալիրի նեֆրոլոգիական ծառայության ղեկավար,  նեֆրոլոգ Աշոտ Սարգսյանի խոսքով՝ երիկամի փոխպատվաստումը Հայաստանում կատարվում է կենդանի դոնորից, որը կարող է լինել հիվանդի բարեկամը։  Մասնագետը մանրամասնում է, որ փոխպատվաստման ընդհանուր արժեքը  7.5 մլն դրամ է, որից 2.5 միլիոնը վճարում է պացիենտը, մյուս մասը հավասարաչափ կիսում են պետությունն ու «Արաբկիր» բարեգործական հիմնադրամը։ «Բացի դրանից՝ մոտավորապես 1000 դոլար է անհրաժեշտ դոնորի մանրակրկիտ հետազոտության համար»,- նշում է նեֆրոլոգը։

IMG_20150821_131755 IMG_20150821_132024 IMG_20150821_132057

Ի պատասխան հարցին՝ արդյոք, ըստ ՀՀ օրենքի, չի՞ թույլատրվում մահացած մարդուց օրգաններ և հյուսվածքներ վերցնել՝ փոխպատվաստման նպատակով, Աշոտ Սարգսյանը պարզաբանում է, որ օրենքը գործնականում կիրառելի չէ։ «Դոնոր կազմակերպություններից որևէ օրգան ստանալու դիմաց պետք է փոխադարձը տալ։ Հայաստանն այդ ցանցի մեջ չի մտնում, քանի որ նման ծրագիր չունի»,- ասում է բժիշկը և հավելում, որ եթե հիվանդը, օրինակ, Գերմանիայում ապրելու իրավունք ստանա, հնարավոր է՝ 4-5 տարում պետությունը նրան երիկամի փոխպատվաստում անի։ «Դիալիզն ավելի թանկ է, քան փոխպատվաստումը․ այն ամբողջ կյանքի համար է»,- ամփոփում է Աշոտ Սարգսյանը։

Տեղեկացնենք, որ Արմեն Մելքոնյանի հայրը հանդես է եկել որպես դոնոր, սակայն հետազոտության արդյունքում պարզվել է, որ հայր և որդի անհամատեղելի են։ Արմենի մյուս հարազատները պատրաստակամություն են հայտնել օգնել գումարով, որպեսզի նա բուժումն անցնի արտերկրում։

Արմեն Վարդանի Մելքոնյանի անունով Հայաստան-ՎՏԲ բանկում գործում են հետևյալ հաշվեհամարները՝ 16025083660000 ՀՀ դրամ, 1602583660001 ԱՄՆ դոլար, 16025083660002 Եվրո, 16025083660003 ՌԴ ռուբլի, SWIFT CODE: ARMJAM22։

Հետաքրքրված անձինք կարող են զանգահարել (+374) 98 002 556, (+374) 96 233 205 հեռախոսահամարներով։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31