Լրահոս
Օրվա լրահոսը

Հանդիպե՞լ Սերժ Սարգսյանի հետ, թե՞ ոչ

Օգոստոս 22,2015 15:30

Քաղաքական ուժերը դեռ կողմնորոշվում են

Սահմանադրական բարեփոխումների նախագիծն, ամենայն հավանականությամբ, խորհրդարանում կքննարկվի հերթական, ոչ թե արտահերթ նիստում: Այս մասին «Առավոտի» հետ զրույցում կարծիք հայտնեց ԲՀԿ կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանը: Ինչպես հայտնի է, եկող շաբաթ Հայաստան են այցելելու Վենետիկի հանձնաժողովի փորձագետները, հանդիպելու եւ որոշ քննարկումներ են ունենալու սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի հետ: Խոսակցություններ են շրջանառվում, որ սահմանադրական բարեփոխումների նախագիծը էական փոփոխությունների կենթարկվի: Եկող շաբաթ նախատեսվում է նաեւ նախագահ Սերժ Սարգսյանի հերթական հանդիպումները կուսակցությունների ներկայացուցիչների հետ` սահմանադրական բարեփոխումների նախագծի վերաբերյալ վերջնական կարծիք լսելու համար: ԲՀԿ-ն նախկինում մասնակցել էր Սերժ Սարգսյանի հետ հանդիպումներին, առաջարկներ էին ներկայացրել, մտահոգություններն ու մտավախությունները բարձրաձայնել: Միեւնույն ժամանակ, ԲՀԿ նախագահը խիստ բացասական տեսակետ էր հայտնել նախագծի` շրջանառության մեջ դրված հատվածների, մասնավորաբար, խորհրդարանում կայուն մեծամասնության եւ երկփուլ ընտրական համակարգի վերաբերյալ:

Արդյոք ԲՀԿ-ն վերջնական տեսակետ ձեւավորե՞լ է նախագծի վերաբերյալ, կգնա՞ն նախագահի հետ հանդիպման`«Առավոտի» հարցերին Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ ներկայացված փաթեթը որոշակի փոփոխություններ է կրելու: Արդեն գիտեք, որ եկող շաբաթ Հայաստանում կլինեն Վենետիկի հանձնաժողովի փորձագետները, որոնք մեր մասնագիտական հանձնաժողովի հետ միասին աշխատել են տեքստի վրա եւ իրենք էլ ունեն շատ սկզբունքային առարկություններ, մասնավորապես, կայուն մեծամասնության եւ երկրորդ փուլի վերաբերյալ: Հաջորդ շաբաթ պարզ կլինի` սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովն այդ առաջարկներն ընդունելո՞ւ է, թե՞ ոչ: Ես կարծում եմ, որ նախագծի տեքստը խորհրդարանում կքննարկվի հերթական քառօրյայով` 14-ի նիստին. ընթացակարգի համաձայն, կներկայացվի նախագիծը, մի քանի օր ընդմիջում կտրվի` առաջարկների ներկայացման, բովանդակային քննարկումների համար: Որոշակի փոփոխություններ այդ ժամանակ եւս կլինեն եւ վերջնական տեքստի առկայության պարագայում, կարծում եմ, տրամաբանական կլինի, որ քաղաքական ուժերն իրենց վերջնական որոշումը հայտնեն: Ասել մի բան` հետո պարզվի, որ տեքստում դա չկա կամ մեկ այլ բան կա, ճիշտ չի լինի»: Ներկայացված փաթեթի բովանդակային քննարկում ԲՀԿ-ն դեռ չի արել: Տիկին Զոհրաբյանն ասաց, որ ինքը դիմել է Վենետիկի հանձնաժողովին` հանդիպում խնդրելով ԲՀԿ-ի ներկայացուցիչների հետ, որպեսզի որոշ սկզբունքային հարցադրումների վերաբերյալ լսեն հանձնաժողովի փորձագետների կարծիքը: Վենետիկի փորձագետների այցերի օրակարգում, սովորաբար, քաղաքական ուժերի հետ հանդիպումներ չեն նախատեսվում:

Փաստորեն, եթե իշխանությունները վերանայեն կայուն մեծամասնության եւ ընտրությունների երկրորդ փուլի մասին դրույթը, ԲՀԿ-ն կարող է կողմ լինել փոփոխություններին:

ՍԴ անդամ Ֆելիքս Թոխյանն անցած շաբաթ հայտարարել էր, որ նախագիծը խորհրդարան կներկայացվի օգոստոսի վերջին, իսկ նոյեմբերին, հավանաբար, հանրաքվեն կանցկացվի: ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խորհրդի անդամ Հովհաննես Սահակյանը ժամկետներից տեղյակ չէ: «Առավոտի» հետ զրույցում նա ասաց, որ դրանք երկրի նախագահի իրավասության շրջանակի հարցեր են` գործող Սահմանադրությամբ եւ օրենքներով կարգավորվող ընթացակարգերով: Հստակեցնող հարցին` կուսակցությունում այդ թեմայով քննարկումներ եւ խոսակցություններ չե՞ն եղել, մեր զրուցակիցը պատասխանեց. «Քննարկումներ եւ խոսակցություններ կարող են շատ ու տարբեր լինել, բայց եւ նախագիծն ԱԺ ուղղարկելու, եւ հանրաքվեի օր նշանակելու ժամկետները բացառապես երկրի նախագահի լիազորությունների տիրույթում է, որովհետեւ երկրի նախագահն է նախաձեռնել այս բարեփոխումները»:

Հովհաննես Սահակյանը սկզբունքորեն դեմ չէ, եթե շրջանառվող նախագծի որոշ դրույթներ, որոնք թե Վենետիկի հանձնաժողովի փորձագետները, թե հայրենի ընդդիմադիրները ոչ ճիշտ են համարում` բարելավվեն: Նա չի լսել եւ չի մեկնաբանում խոսակցությունները, որ Վենետիկի հանձնաժողովի փորձագետների այցից հետո նախագծից հանվելու է խորհրդարանական կայուն մեծամասնության եւ ընտրությունների երկրորդ փուլի դրույթը:

Այդ առաջարկը հանձնաժողովը դեռ շաբաթներ առաջ էր ներկայացրել` նշելով, որ այդ հարցը Ընտրական օրենսգրքում պետք է ներառել: Մասնագիտական հանձնաժողովի անդամները շտապեցին հայտարարել ու պնդել, որ դրույթը Սահմանադրության նախագծից չի հանվելու: Եթե կլինեն նոր առաջարկներ, հիմնավորումներ կամ համոզիչ փաստարկներ, իշխող կուսակցությունը ներկայացնող պատգամավորը վիճելու եւ սեփական խոսքն առաջ տանելու խնդիր չի տեսնում. «Մենք միշտ ասել ենք, այժմ էլ ասում ենք, որ այս նախագիծը դոգմա չէ: Ընդհակառակը, մշտապես կոչ ենք արել, հրավիրել, համոզել ու հորդորել ենք քաղաքական ուժերի ներկայացուցիչներին, որպեսզի մասնակցեն քննարկումներին ու ավելի լավ նախագիծ կարողանանք ներկայացնել հանրության դատին»: Նախագիծը խորհրդարանում հերթակա՞ն, թե՞ արտահերթ կարգով կքննարկվի, այս պահին Հովհաննես Սահակյանն էական հարց չի համարում. «Չգիտեմ, այս պահին չեմ կարող ասել, գործընթաց է, որը պետք է կազմակերպենք եւ անցկացնենք, բայց կարեւորը, որ նախագիծը բոլորի համար հասանելի եւ ընկալելի դառնա, քննարկվի, բոլոր հարցերի պատասխանները հնչեն, հարց հնչեցնողները ստանան պատասխանները, եթե փոփոխությունների անհրաժեշտություն լինի` արվի ու բոլորի համար առավելագույնս ընդունելի նախագիծը հասնի իր տրամաբանական ավարտին»:

«Ժառանգություն» կուսակցությունը, որի ներկայացուցիչները նախկինում հանդիպել էին Սերժ Սարգսյանի հետ ու ինչն էլ ներկուսակցական կրքերի բորբոքման պատճառ էր դարձել, դեռ հստակ մոտեցում չունեն: Սերժ Սարգսյանի հետ հերթական հանդիպման մասին մեզ հետ զրույցում կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն ասաց. «Կառաջարկեն` կքննարկենք: Ջուրը չտեսած՝ բոբիկանա՞նք: Ես, կոնկրետ, դեմ եմ մասնակցությանը, որովհետեւ նախկինում, որ մասնակցել ենք, որեւէ արդյունք չունեցանք. հիմա գնանք, որ ի՞նչ անենք: Մեր տեսակետն այն ժամանակ չընդունվեց, հիմա ինչի՞ գնանք: Իմաստը չեմ տեսնում: Մեկ անգամ քաղաքավարությունից, քաղաքական զարգացումների տրամաբանությունից ելնելով գնացինք, քննարկեցինք, բայց մեր մոտեցումը չընդունվեց»:

ՀԱԿ-ը ի սկզբանե հայտարարում էր, թե չի պատրաստվում բովանդակային քննարկման մասնակցել, քանի որ չի տեսնում սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտություն: Սերժ Սարգսյանի հետ նախորդ հանդիպումներին ՀԱԿ-ին հրավեր չէր էլ ուղարկվել: Այժմ էլ, հավանաբար, չի ուղարկվի, մանավանդ, որ Տեր-Պետրոսյանը պատրաստվում է հանրությանը փողոց դուրս բերել ընդդեմ այս բարեփոխումների: ՕԵԿ-ը նույնպես դեմ է սահմանադրական փոփոխություններին: Ավելին, ՕԵԿ-ականներն առավել անողոք են իրենց քննադատություններում: Պատճառն, ըստ շրջանառվող լուրերի, իշխանությունից ստացած «քարտ բլանշն» է: Կգնա՞ն ՕԵԿ-ականները հերթական հանդիպմանը նախագահի հետ, երեկ չհաջողվեց ճշտել: Չհաջողվեց ճշտել նաեւ ՀՀՇ-ի ու Ազատ դեմոկրատների մոտեցումները: ՀՅԴ-ն արդեն հաստատել է, որ իրենք պատրաստվում են հանդիպման եւ ներկայացնելու են իրենց այն առաջարկները, որոնք ներկայացրել են սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովին: ՀՅԴ-ն, հավանաբար, փորձելու է իշխանությունից հստակ երաշխիքներ ստանալ` հաջորդ խորհրդարանում իր ներկայացվածության մասով:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
21.08..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31