Լրահոս
Օրվա լրահոսը

Ավիաշուկայում՝ ինչպես շաքարավազի շուկայում

Օգոստոս 22,2015 15:00

PR-ի մասնագետ Հայկ Կիրակոսյանը մեկնաբանում է, թե ինչ բացասական ազդեցություն կունենա Արսեն Ավետիսյանի եւ Ռուբեն Հայրապետյանի միջեւ տեղի ունեցած միջադեպը հայկական ավիաշուկայի վրա:

«Էյր Արմենիա» ավիաընկերության 51%-ի բաժնետեր Արսեն Ավետիսյանը, որն արդեն մի քանի օր է՝ ծեծված, «ջարդված», հիվանդանոցում էր, երեկ հայտարարեց, որ պատրաստ է հաշտվել Ֆուտբոլի Ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի հետ, որին Արսեն Ավետիսյանի կինը՝ Իզաբելա Մելքումյանը, մեղադրում էր ամուսնու նկատմամբ իրականացրած բռնության մեջ: Ավետիսյանն իր այս քայլը բացատրեց ընկերության շահերն ու հեղինակությունը փրկելու հանգամանքով, որպեսզի միջադեպի հետեւանքով չվտանգվեն ընկերությունում կատարվող ներդրումները:

Գուցեեւ «Էյր Արմենիա»-ի մնացած 49 տոկոսի բաժնետերերը, հանուն իրենց բիզնեսի, աչք փակեն եւ նրանց համար անցնի-գնա այս միջադեպը, սակայն, որ կատարվածն իր բացասական հետքը կթողնի առանց այդ էլ խոցելի վիճակում գտնվող ավիաոլորտի հեղինակության վրա, մասնագետների կարծիքով՝ միանշանակ է:

«Առավոտը» PR-ի զարգացման հայկական կենտրոնի նախագահ Հայկ Կիրակոսյանից հետաքրքրվեց, թե իրականում կենցաղային հողի վրա տեղի ունեցած միջադեպն ինչպիսի ազդեցություն կունենա ոլորտի հեղինակության վրա, որն առանց այդ էլ, մեղմ ասած, լավ վիճակում չէ եւ, անկախ այն բանից, որ ՀՀ կառավարությունը երկնքի դռները 2-3 տարի առաջ բացեց ավիաընկերությունների առաջ, ոչ միայն նոր եկած ընկերությունները չդիմացան, այլեւ շուկայում տարիներ ի վեր գործող ավիաընկերություններն էլ կամաց-կամաց հեռացան: Մեր այն հարցին, թե ո՞ր ավիաընկերությունը կցանկանա աշխատել այստեղ՝ մտածելով, որ եթե ինչ-որ կառույցի պարտք լինի, ապա ոչ թե քաղաքակիրթ, օրինական ճանապարհով նրանից կստանան այդ պարտքը, այլ՝ ծեծուջարդով, Հայկ Կիրակոսյանն այն կարծիքին է, որ գլոբալ առումով այդպիսի իմիջ Հայաստանն արդեն ունի, որ «բիրտ ուժի միջոցով է լուծվում այն խնդիրները, որոնք պետք է լուծվեին օրենքի կամ ավելի քաղաքակիրթ մեխանիզմների կիրառմամբ»:

Նա ավիաոլորտը համեմատում է շաքարավազի շուկայի հետ, որտեղ ներկրողն ամեն ինչ անում է, որպեսզի մենաշնորհ ունենա. «Այստեղ էլ մենաշնորհի հոտ է գալիս, սա մոտավորապես համարժեք է շաքարավազ ներկրելու փորձերին, բայց խաղացողները, կարծես թե, ուրիշ ուժեր են, որոնք փորձում են ոլորտը մենաշնորհ դարձնել: Սա արդեն, ինչ-որ առումով, օրինաչափ է, որովհետեւ մեր երկրում ընդունված որոշ մեխանիզմներով պետք է ինչ-որ խոշոր խաղացող լինի:

Փորձում են «Էյր Արմենիա»-ին թույլ չտալ դաշտում իր տեղը գրավել: Ձեռքը դնել նաեւ այդ ոլորտի վրա՝ «օրթախ» գործընկերոջ սկզբունքով: 50 տոկոս փայ մտնելը մտել է ժողովրդական ֆոլկլորի մեջ: Ես տասնյակ անեկդոտներ գիտեմ այդ մասին: Երբեմն այդ իմիջն ի նպաստ է այդ ուժերին եւ որոշ ուժերի համար բացասական իմիջը հենց այն իմիջն է, որը հարկավոր է: Շատ սփյուռքահայեր, որոնք միլիոններ են պատրաստվում ներդնել կամ արդեն ներդրել են, պիտի հասկանան, որ կամ այդ ուժերի ուզած երաժշտության տակ պետք է պարեն, կամ պիտի ուղղակի չխաղան»: PR-ի մասնագետը, խոսելով երկրի հեղինակությունը վտանգի տակ դնող անձանց մասին, որոնք իրենց գործելակերպով խոչընդոտում են ներդրումների հոսքին դեպի մեր երկիր, ասաց, որ «այդ նվագի տակ» չցանկացավ պարել հայազգի մեծահարուստ Քըրք Քըրքորյանը, որը Հայաստանում տարեկան 200 միլիոնի ներդրում էր կատարում. «Բայց որոշ մարդիկ պարզապես թքած ունեին այդ 200 միլիոն ներդրումների վրա, քանի որ Քըրք Քըրքորյանը չէր պատրաստվում նրանց հետ կիսել: Եվ այստեղ գործում է հետեւյալ մեխանիզմը՝ կամ մեր անունով, կամ պետք չի ներդրում անել»:

Ինչ վերաբերում է մեր ավիաոլորտի միջազգային հեղինակությանը, ապա Հայկ Կիրակոսյանն այն կարծիքին է, որ չարժե նման միջադեպերն այդքան մեծ լուսաբանման արժանացնել եւ միշտ չէ, որ այդ լուսաբանումն օգնում է, որպեսզի մարդը դադարի այդպես գործել. «Սկզբում թիկնապահներն են որդեգրում այդ գործելաոճը եւ մարդ ծեծում, սպանում, հետո՝ թիկնապահների տերերը:

«Էյր Արմենիա»-ի դեպքը կարելի է չեզոքացնել, դրա համար պետք է բարձր որակի ծառայություններ մատուցել: «Էյր Արմենիա»-ի սեփականատիրոջը ձեռք չի տալիս, որ այս միջադեպը տարածվի իր բիզնեսի վրա: Նա պետք է պարզաբանում տա, որ այդ տգեղ միջադեպը եղել է անձնական հողի վրա»:

Հայկ Կիրակոսյանը գտնում է, որ ցանկացած ռազմավարական օբյեկտ պարտադիր պետք է պետականացվի, կամ, ծայրագույն դեպքում, դրանք ունենան հայազգի սեփականատերեր եւ ներդրումներ անեն հայազգի ներդրողները:

Հայկ Կիրակոսյանը բիզնեսի համար ապահով երկիր, որպես օրինակ, մատնացույց արեց հարեւան Վրաստանը, որը ոչ միայն օր օրի զարգանում է, այլեւ «իրեն կոտորում, նորանոր ներդրումներ» է բերում իր երկիր. «Վրաստանն արտոնյալ պայմաններ է տալիս նաեւ հայաստանաբանակ հայ գործարարներին»:

Այդուհանդերձ, Հայկ Կիրակոսյանը կարծում է, որ, ցանկության դեպքում, ցանկացած ուժի կարելի է հակաուժ բերել. «Լավ գործ անելու ճանապարհին երբեմն, ուզես թե չուզես, պետք է կարողանաս դեւերի հետ էլ գործ լուծես: Անգամ մեր հեքիաթներում, որոնք ամբողջը ժողովրդական իմաստություն են պարունակում, հերոսը մինչեւ կռվելը, գլուխը կտրելը, դեւերի հետ բանակցում է, հետը հաց է ուտում: Լինում է, որ դեւն ասում է՝ արի էս գիշեր քնենք, լույսը կբացվի՝ հետո իրար հետ կկռվենք: Եվ հիմա էլ մենք այստեղ գործ ունենք նոր օրինակի հետ, երբ հերոսը բախվել է դեւերի, որ հերոսները, որ թույլ են, պատրաստված չեն, անպայման իրենց գլուխն է թռնում ուսերից: Որոնք պատրաստված են՝ թռցնում են:

Նաեւ պատահական չէ, որ հեքիաթներում դեւերը շատ գլուխներ են ունենում, սա խորհրդանշում է իշխանական համակարգը, դեւին գլխատում են, բայց էլի գլուխներ են աճում կամ ինքն էլի մի քանի գլուխներ է ունենում»:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
21.08..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Արմէն says:

    այսքան գրելուց ու ասելուց հետո իշ խան ական համակարգը չի ամաչում…

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31