Հանգուցյալի քույրը հանրությանը ներկայացրեց իր եւ մեղադրողի՝ գլխավոր դատախազության ՀԿԳ դատախազ Արթուր Երիցյանի միջեւ խոսակցությունը՝ մեղադրանքի կողմի միջնորդություններով իրականացված երեք դատաբժշկական փորձաքննություններից հետո, դիակի արտաշիրիմման վերաբերյալ իր համաձայնությունն ստանալու՝ «մի կոտրվածք, մի բան անելու» եւ մեղադրանքը պնդելու համար, ինչին ինքը չի համաձայնել:
Փաստաբան Սամվել Շարբաթյանի սպանության գործով խմբակային սպանության եւ խմբակային խուլիգանության հոդվածներով երեք ամբաստանյալներից Արեն Վերանյանի նկատմամբ դատախազության կողմից Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում մեղադրանքից հրաժարվելուց հետո, տուժողի իրավահաջորդ՝ հանգուցյալ փաստաբանի քույրը պահանջեց արդարացնել նաեւ մյուս մեղադրյալին՝ Սամվել Դիլոյանին, որն ի սկզբանե Արեն Վերանյանի հետ միասին մեղավոր չի ճանաչել իրեն մեղսագրվող արարքում եւ պայքարում է իր արդարացման համար:
Գործի դատաքննության փուլում արդեն հաստատվել է, որ հանգուցյալ փաստաբանի հետ վիճաբանողը երեք մեղադրյալներից միայն Արտակ Վերանյանն է եղել, որն էլ դեպքի հաջորդ օրը ներկայանալով իրավապահներին, խոստովանել է, որ ինքն է հարվածել տուժողին՝ քաշքշուկի ընթացքում: Այս հանգամանքը հաստատվել է ինչպես առաջին դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ, այնպես էլ երրորդ՝ լրացուցիչ հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննությունն իրականացրած անկախ հանձնաժողովի կողմից:
Տուժողի իրավահաջորդը մի քանի դատական նիստերում պնդեց Սամվել Դիլոյանի նկատմամբ եւս մեղադրանքից հրաժարվելու իր պահանջը, քանի որ նրա մեղավորությունը հիմնավորող որեւէ ապացույց չի տեսել, հակառակը՝ առկա են արդարացնող հիմքեր: Հանգուցյալի քույրը հանրությանը ներկայացրեց իր եւ մեղադրող՝ գլխավոր դատախազության ՀԿԳ դատախազ Արթուր Երիցյանի միջեւ խոսակցությունը՝ դատաքննության ավարտին՝ ապօրինի կարգով (քննության այս փուլում օրենքով նման գործողություն նախատեսված չէ): Դատախազ Ա. Երիցյանը հերքեց, որ «հանցավոր համաձայնության է կանչել» տուժող կողմին՝ ասելով, թե «Դատախազությունը ոչ մեկի հետ հանցավոր համաձայնության մեջ մտնելու անհրաժեշտություն չունի, առավել եւս՝ տուժող կողմի հետ բացարձակ կարիք չկա»: Բայց հանգուցյալի քույրը քանիցս պնդեց ու բառ առ բառ ներկայացրեց խոսակցության բովանդակությունը:
«Հարգելի պետություն ներկայացնող պաշտոնյա պարոն Երիցյան, ես երբեք սուտ չեմ խոսում, մանավանդ, երբ որ խոսքը վերաբերում է եղբորս: Ես մոտեցա Ձեզ, կրկնում եմ իմ բառերը, ասի՝ պարոն Երիցյան, եթե ես չհրաժարվեի արտաշիրիմումից, Դուք էլի՞ կարդալու էիք այս որոշումը (ամբաստանյալներից մեկի նկատմամբ մեղադրանքից հրաժարվելու,- Ռ. Մ): Դուք ասեցիք՝ Դուք կոտրեցիք իմ վերջին շանսը, այսինքն՝ եթե դուք գնայիք արտաշիրիմումի: Ես էլ ասեցի՝ պարոն Երիցյան, ընդհատեցի էդտեղ, Դուք բժշկությունից չեք հասկանում, արդեն ընդեղ չկա հյուսվածք, ընդեղ չկա արյունահավաք, ի՞նչ արտաշիրիմում: Ու Դուք ասեցիք՝ ինձ դրանք պետք չեն, ես կհիմնվեի կոտրվածքի վրա, կգտնեի մի կոտրվածք, եւ դա կլիներ իմ հիմնավոր պատճառը՝ դատավարությունը շարունակելու եւ մեղադրանքը շարունակելու համար: Հատ-հատ կրկնում եմ: Էստեղ դահլիճում արդեն, երբ որ ես նորից Ձեզ ասեցի, հիշո՞ւմ եք ինչ ասեցիք՝ տիկին, Դուք տառապում եք հանրության առաջ ելույթ ունենալու մոլուցքից: Ուրեմն ասեմ՝ ես տառապում եմ արդեն իսկ ձեր կեղծիքների մուլուցքից: Մինչեւ էդ դատը ես նենց վստահել եմ Ձեզ, հենց Դուք եկել եք, ասել եմ՝ էսօրվա դատը հանգիստ կլինի, արդար կլինի, բայց ես արդեն ատում եմ Ձեր օրենքները, ես չեմ հավատում Ձեզ: Արդեն պարզ են ձեր կեղծիքները: Այն, որ մինչեւ հիմա վստահել եմ, հիմա էլ չեմ վստահում Ձեզ: Մեր մեջ կատարված զրույցը Դուք ասում եք՝ սուտ ես ասում: Ոչ, ես չեմ ստում, եղել է էդ խոսակցությունը: Էն, որ ես պետք է գնայի արտաշիրիմումի, Դուք մի հատ էլ հարված ավել տայիք իմ եղբոր գլխին, որպեսզի հանրությանը ներկայացնեիք՝ եղել է կոտրվածք, դա ես ժխտեցի: Չեմ գնում արտաշիրիմումի»,-դատարանում հայտարարեց տուժողի իրավահաջորդ Հասմիկ Մանուչարյանը:
Վերջինս երկու դատական նիստերում նախ բանավոր, ապա գրավոր կարգով բացարկ էր հայտնել մեղադրող Արթուր Երիցյանին, քանի որ, նրա խոսքով, հատկապես դատախազի վերջին՝ իրեն արված արտաշիրիմման առաջարկությունից եւ Սամվել Դիլոյանի նկատմամբ մեղադրանքը պնդելուց հետո, այլեւս չի վստահում պետության շահը ներկայացնող պաշտոնյային. «Ես բացարկը պնդում եմ, հայտարարում եմ իմ ամբողջ երկրի առաջ՝ ես սուտ չեմ խոսում: Թույլ չեմ տա, որ իմ եղբոր գերեզմանի անունի տակ ինչ-որ մի դրսում մեծավոր կամ գողական մուռ ունենա ու օգտագործի գերեզմանը՝ էս տղաներին իմ շողքի տակ պահելու էստեղ: Ես չէի գնա արտաշիրիմումի, որ մի տասը ամիս նորից երկարեր: Բացառում եմ ու կրկնում եմ՝ լավ եմ արել, հրաժարվել եմ, թույլ չեմ տա կեղտոտել իմ գերեզմանը եւ թույլ էլ չեմ տա այլեւս ախպորս անունը էստեղ շոշափվի, փակեք էս դատը: Չհասնի վերաքննիչ դատարան: Գտեք այս 5 հատոր գրքերի մեջ մի հատ վկայի ցուցմունք կամ բերեք դատարանի դահլիճ մեկին եւ հիմնվեք այդ ցուցմունքի վրա, գտեք մի հատ ճիշտ տող ու պնդեք այս մեղադրանքի որոշումը: Ուզում եմ անդրադառնամ Սամվել Դիլոյանի որոշումին, որ մեղադրողը ներկայացրել է, օրենքին, որը որ կիրառել է էստեղ, ափսոս էլ է էս թուղթը, որ պետությանը վնաս են տվել, էսքան շարադրել մտքեր, որը որ կապ չունի էս դատավարության հետ: Ես երեք դատ առաջ համոզվեցի եւ գոհ եմ Աստծուց, որ մոտեցա դրսում մեղադրողին: Չնայած էլի չեմ հավատում, որ էն տղեն, որ իր վրա է վերցրել, նա է արել, դուք էլ ինձանից լավ գիտեք ով է կազմակերպողը եւ կատարողը:
Ինձ համար անհայտ էլ մնաց, հայտարարում եմ՝ ով է սպանել իմ եղբորը: Փաստը մնում է փաստ, որ սպանվել է եղբայրս, բայց ո՞ւմ կողմից: Վախենում էլ եմ էստեղ հայտարարեմ, դրսում է անողը, դրսում է կատարողը, ով որ սպանել է: Ինչի ժամուկես իմ եղբայրը կենդանի է եղել, շտապօգնություն չի կանչվել: Այսինքն, միտումնավոր, ինչ-որ մեկի հրահանգով սպասել են մահանա, որ էս տղաներին չգիտեմ ինչ անեն: Մինչեւ հիմա վստահել եմ, հիմա էլ չեմ վստահում, ես պահանջում եմ՝ թող չոտնահարեն իմ վիշտը, մոլուցք չի, մոլուցքը դուք ունեք, ձեր օրենքը, որ բերում եք անմեղ մարդկանց բռնում, իսկ մեղավորին դրսում թողնում»:
Պաշտպանական կողմը միացավ դատախազ Արթուր Երիցյանի դեմ բացարկի միջնորդությանը, հիշեցնելով, որ իր դիրքորոշումը դեռեւս դատաքննության սկզբնական՝ նախապատրաստական փուլում էր հայտնել՝ բացարկի ձեւով, բայց ոչ թե անձնավորված որեւէ դատախազի, այլ առհասարակ դատախազության վերաբերյալ, քանի որ վերջինս չի դրսեւորել օբյեկտիվություն, բազմակողմանիություն, չի արձանագրել մինչդատական վարույթում հետաքննական եւ քրեական հետապնդման մարմինների թերություններն ու խախտումները, ավելին, ինքն է կատարել խախտումներ: Դատական նիստի սկզբում դատարանը մերժեց պաշտպանական կողմի բացարկը, որն էլ բողոքարկման ընթացակարգ չունենալու պատճառով չբողոքարկվեց, սակայն, ինչպես պաշտպանական կողմն է նշում, երկու տարուց ավելի շարունակվող դատաքննության ընթացքում բազմաթիվ նոր առիթներ են եղել բացարկներ հայտնելու թե մեղադրանքի կողմին, թե կոնկրետ դատախազների՝ կապված կոնկրետ հայտարարությունների ու միջնորդությունների հետ, ինչը չեն արել ոչ թե այն պատճառով, որ չեն նկատել այդ թերությունները, խախտումները, այլ, որ նոր դատախազի ներգրավումը գործում կարող էր դատական նիստերի նոր երկարաձգումների հանգեցնել:
Դատարանը մերժեց դատախազ Արթուր Երիցյանի դեմ բացարկի միջնորդությունը՝ օրենքով սահմանված հիմքերի բացակայության պատճառաբանությամբ:
Դատավարության կողմերն այլ միջնորդություններ չներկայացրին: Միայն նախքան դատական վիճաբանությունների փուլին անցնելը պաշտպանները հիշեցրին մեղադրող կողմին, որ ճառով անգամ կարող են հրաժարվել մեղադրանքից, եւ կոչ արեցին, հորդորեցին ճիշտ վերջաբանով ավարտել այն՝ Սամվել Դիլոյանին առաջադրված մեղադրանքից հրաժարվելու միջնորդությամբ:
Փաստաբանի սպանության գործով դատաքննությունն ավարտված է: Դատավարությունը դատական վիճաբանությունների փուլում է: Դատական ճառերը դատավոր Նարինե Հովակիմյանը նշանակել է օգոստոսի 27-ին:
Սեփ. լր.
«Առավոտ» օրաթերթ
21.08..2015