Լրահոս
Օրվա լրահոսը

Թե ինչու «խրտնեցրեց» Անուշ Ալբերտի «Մերկ տղամարդը»

Օգոստոս 22,2015 14:00

Երիտասարդ գեղանկարիչ Անուշ Ալբերտն առաջին անգամ արվեստասերներին ներկայացավ 2010թ.՝ ՆՓԱԿ-ում, «Լրտեսվող Հայաստան» խորագիրը կրող ցուցահանդեսում, որտեղ ցուցադրված էին նաեւ շուրջ 20 այլ նկարիչների աշխատանքներ: Այդ ժամանակ սկսվեց տարաբնույթ խոսակցությունների տարափ հենց Անուշի անվան շուրջ, որի առանցքում գեղանկարչուհու «Մերկ տղամարդ» գործն էր: Տարիների ընթացքում ոչ միայն խոսակցությունները լռեցին, այլեւ կարծես «լռեց» ինքը՝ արվեստագետը:

Օրերս Անուշ Ալբերտի հետ հանդիպման ժամանակ խնդրեցինք ի վերջո պարզաբանել, թե ո՞րն էր շրջանառվող խոսակցությունների իրական պատճառը:

«Ցուցադրության համակարգողը արվեստաբան Սեդա Շեկոյանն էր, որին հաջողվել էր համախմբել երիտասարդ նկարիչների, որոնց գործերը համահունչ էին այդ ժամանակահատվածի հետ: Օրինակ, իմ աշխատանքներից նշեմ միայն մեկը՝ «Կեղտոտ քաղաքը»: Իսկապես, մեր Երեւանը շատ կեղտոտ էր, հիմա, շուրջ 5 տարի անց, փոքր-ինչ վիճակը փոխվել է, բայց, համաձայնեք, որ մեր մայրաքաղաքը էլի «մաքրվելու» տեղ ունի»,- հայտնեց արվեստագետը: Ինչ վերաբերում է իր «Մերկ տղամարդ» աշխատանքին, ասաց. «Ճիշտ է, այդ գործը տղամարդիկ չէին հավանում, մինչդեռ կանայք, հատկապես պարսկուհիները, լուսանկարվում էին աշխատանքիս հետ: Իսկ թե ինչու եմ կտավին հանձնել մերկ տղամարդ, դրա պատասխանը մեկն է՝ Լուվրում ցուցադրվող նկարների մեծ մասը մերկ կանայք են: Այն ժամանակ ես էլ որոշեցի կանանց համար նկարել տղամարդու մարմինը: Իմիջիայլոց, տղամարդու մերկությունը, ինչպես գիտեք, անտիկ ժամանակներում դիտվում էր իբրեւ գեղեցկության չափանիշ»:

Anush_Albert

«Մերկ տղամարդ»

Մեր զրուցակիցը հայտնեց, որ իր առաջին ցուցադրությունից հետո՝ 2013թ. եւս մեկ խմբակային ցուցահանդեսի է մասնակցել, այս անգամ՝ Ժամանակակից արվեստի թանգարանում: «Այդ ցուցահանդեսի համակարգողը ես էի եւ ներկայացրել էի տարբեր ուղղությունների 8 նկարիչների աշխատանքներ, այդ թվում՝ բեմանկարիչ Ժենյա Հակոբյանի, գրաֆիկ Զառա Կրոյանի, գեղանկարիչ Արմեն Անտոնյանի: Ցուցահանդեսը, որը տեւեց 10 օր, տարբեր արձագանքներ լսվեցին: Այցելուների համար նախատեսված մատյանում հիացական խոսքերի ու արտահայտությունների հեղինակները հիմնականում արտասահմանցիներ էին, իսկ մեր ավագ սերնդի արվեստագետների տպավորությունները, կարճ ասած՝ շատ սառն էին: Օրինակ, մի ճանաչված գեղանկարիչ թողել էր հետեւյալ գրառումը. «Երիտասարդ սերնդի արվեստի մեջ լույս չկա: Բայց չէ՞ որ մենք մի ամբողջ կյանք այսօրվա համար ենք պայքարել, ստեղծելով ու ստեղծագործելով լուսավոր ժամանակներ հենց ձեզ համար»:

Դիտարկմանը՝ փաստորեն հիասթափվել է եւ մի կողմ դրել վրձինն ու կտավը, դրա համար էլ չի՞ երեւում վերջին շրջանում, Անուշ Ալբերտը պատասխանեց. «Իհարկե, եղել են հիասթափության պահեր, բայց ես եւ համախոհներս ողբերգություն չենք ապրում: Այո, պետք է լինեն նաեւ քննադատություններ: Իսկ ինչու չեմ ցուցադրվում, որովհետեւ Նկարիչների միության անդամ չեմ եւ եթե ուզենամ երեւանյան ցուցասրահներից որեւէ մեկում ունենալ ցուցահանդես, ասենք՝ 10 օր, ապա դա արժե մի քանի հարյուր դոլար»: Մեր զրուցակիցն ասաց, որ, բնականաբար, ստեղծագործում է, առանց որի չի պատկերացնում իրեն, բայց, իր խոսքերով՝ այսօր մեր հասարակությունը պահանջ ունի «վերնիսաժային» աշխատանքների: Հավելեց, թե անկախ ամեն ինչից, որոշում է ընդունել աշնանը ներկայանալ անհատական ցուցահանդեսով, ավելին՝ ներկայանալ արտերկրում (չնշեց երկիրը):

Anush_Albert-3

«Ծխող կինը»

Հարցին, թե իսկ ապրուստի այլ միջոց ունի՞, քանի որ, եթե չի ցուցադրվում, երեւի նաեւ չի էլ վաճառվում, մեր զրուցակիցը պատասխանեց. «Հետաքրքիր է, որ Գեղարվեստի ակադեմիայում սովորելու տարիներին աշխատանքներս մեկը մյուսի հետեւից վաճառվում էր, նույնիսկ բնորդներն էին գնում իրենց դիմանկարները: Ի դեպ, վերջին շրջանում կտավին եմ հանձնում միայն դիմանկարներ՝ ինձ համար գոնե պարզ պատճառով. դրանք «խոսում» են ամեն ինչի մասին, ներկայացնում մարդու տարբեր հոգեվիճակներ: Ինչ վերաբերում է ապրուստիս միջոցներին, 2013-14թթ. թատերաշրջանում հրավիրվեցի ծննդավայրիս՝ Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան դրամատիկական թատրոն: Իրականացրի «Բրեմենյան երաժիշտները» ներկայացման դեկորների էսքիզները: Բայց վերջում ի՞նչ պարզվեց… Պարզվեց, որ գումար չկա եւ այդ պատճառով էլ «Բրեմենյան երաժիշտների» իմ աշխատանքը ջուրն ընկավ, եւ մարդիկ օգտագործեցին «Գիքորի» դեկորները: Կարծում եմ՝ այստեղ մեկնաբանություններն ավելորդ են: Ես էլ վրդովված վերադարձա Երեւան»:

Անուշ Ալբերտն ասաց, որ այս պահին աշխատում է սրբապատկերի վրա, որը պատվիրել է Նորագավիթում գտնվող ռուսական ուղղափառ եկեղեցին:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
21.08..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31