Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Անվանի մարդիկ՝ առանց պաթետիզմի

Օգոստոս 22,2015 13:30

Մերուժանի հուշագրությունը՝ «Ասք հիշատակաց»

Բանաստեղծ, խորհրդային շրջանի այլախոհ Մերուժանի հերթական արձակ ժողովածուներից մեկը, որ կրում է «Ասք հիշատակաց» վերնագիրը, սիրելի անունների մեծարման գիրք է, հյութեղ լեզվով հուշագրություն: «Ասք հիշատակացում» ներկայացվող լուսավոր կերպարներից յուրաքանչյուրը իր ժամանակի մեծություններից է եղել: Տասը հուշ եւ մեկ ակնարկ ներառող ինքնատիպ ժողովածուն բացվում է Եզնիկ եպիսկոպոս Ազնավուրյանի մասին հուշով: Պատկառազդու եւ իմաստուն հոգեւորականի հետ ամեն հանդիպումը յուրատեսակ դաս է եղել հեղինակի համար, իսկ ամեն նախադասությունը՝ պատգամ: «Երիտասարդությունը մարդու հպարտությունն է, գեղեցկության լույսը: Մարդը պետք է գեղեցկությամբ հպարտանա, սակայն չդառնա փառամոլ, քանզի Աստծո որդին փառամոլության պատճառով կարող է զրկվել Հոր բարեհաճությունից, փառքը չի սիրում փառատոչոր մարդկանց… Փառքը սիրում է իմաստուններին ու հեզերին…»,-սա սրբազանի վերջին պատգամն էր:

Տպավորիչ է պատմվում մեծանուն դերասան Վահրամ Փափազյանի՝ թատրոնի շղթայակրի հետ հանդիպումը. առաջին անգամ հեղինակը 1963-ին է բախել Փափազյանի բնակարանի դուռը: Մերուժանը գրում է, թե ինչ փառահեղ ընթերցող ու հետաքրքիր զրուցակից էր Փափազյանը: Օրինակ, մի առիթով ասել է, որ ինքը ապաքաղաքական մարդ է, որովհետեւ, ըստ Փափազյանի, «Երբ արվեստագետը զբաղվում է քաղաքականությամբ, հեռանում է Աստծուց եւ կորցնում իր բարոյական նկարագիրը»:

«1963 թվականի դեկտեմբերի 26-ին ես ձերբակալվեցի եւ դատապարտվեցի հինգ տարվա ազատազրկման՝ հայրենասիրական քարոզչության համար: Տաժանակրության մեջ ինձ պաշարում էր այն մտավախությունը, որ վերադարձիս Փափազյանին այլեւս չեմ գտնելու… Այդպես էլ եղավ: Եվ այժմ ինձ մնում է իբրեւ վերջին մխիթարություն վայելել նրա թողած գրական ժառանգությունը՝ սերունդներին ի պահ տված ընդհավետ»,- գրում է Մերուժանը:
Նա Տիգրան Լեւոնյանի, Գոհար Գասպարյանի, այլոց մասին էլ հուշեր ունի: Մերուժանի ներկայացրած Գոհարն անչափ կոլորիտով է, երեխայի պես միամիտ, բայց նաեւ իմաստուն: Նա անդրադառնում է հատկապես Հայոց սոխակի վերջին օրերին: Ասում է՝ զրույցները հաճախ տեղի էին ունենում երգչուհու ննջասենյակում, որի պատերը զարդարված էին տարբեր մեծադիր լուսանկարներով: Ըստ Մերուժանի, Գոհար Գասպարյանը, ի թիվս այլ արժանավորների, հաճախ էր առանձնացնում իր նախկին ամուսնուն՝ Հայկ Գասպարյանին, ասում էր. «Գեղեցիկ արտաքին ուներ Հայկը եւ զարգացած մարդ էր: Քիչ կգտնեիր նրա գիտելիքներն ունեցող տղամարդ: Ափսոս, որ վերին աստիճանի կնամեծար էր, անգլիական դաստիարակություն էր ստացած: Աչքը դուրս էր, բայց ինձ ալ կսիրեր»: Նաեւ հիմնավորում էր, թե ինչու ազգանունը չի փոխել եւ մնացել է Գոհար Գասպարյան. «Ես չեմ սիրում ուրացողությունը, մարդը իմ ամուսինն է եղել»:

Այս ժողովածուում, որի յուրաքանչյուր հուշը այնքան թեթեւ, հյութալի պատումով է մատուցված, որ կարդացվում է մի շնչով, կարելի է առանձնացնել Նոբելյան մրցանակակիր, բժիշկ, աստվածաբան, երաժիշտ, երաժշտագետ, փիլիսոփա եւ բարեգործ Ալբերտ Շվեյցերի մասին ինքնակենսագրական ակնարկը: Մարդ, որի ստեղծագործությունը նպատակամղված է մարդու բարոյական կատարելագործմանը, առանց որի՝ քաղաքականությունը կարող է կործանել մարդկային քաղաքակրթությունը: Շվեյցերի մասին ակնարկը հեղինակն ավարտում է հետեւյալ պարբերությամբ. «Հռոմեացի մեծահանճար փիլիսոփա Մարկոս Տուլիոս Ցիցերոնը գտնում է, որ կյանքը ժամանակավոր է, իսկ փառքը հավիտենական, եւ փառքի բանալին երկրի վրա ապրող մարդու գործում երկնային կյանքի նախադրյալներ ստեղծելու գաղափարն է: Այս միտքն առավել մարգարեական ու հաստատուն է դառնում այսօր, երբ առկա է Աստծո նվիրակ ու ավետարանիչ Ալբերտ Շվեյցերի անհատականության պարագան»:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
21.08..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31