Երիտասարդների աշխարհի չեմպիոնուհին եզրափակչում չեմպիոնի կոչումը կվիճարկի գերմանացի մրցակցի հետ:
Բուլղարիայում ավարտված բռնցքամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունից մի քանի օր հետո Հունգարիայում մեկնարկել է աղջիկների բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը:
Հայաստանը ներկայացնում են այս տարիքային խմբի աշխարհի չեմպիոն, 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանը եւ հուլիսին Բուլղարիայում անցկացված «Ոսկե ձեռնոց» միջազգային մրցաշարի ոսկե մեդալակիր, 60 կգ քաշային Անի Հովսեփյանը: Հիշեցնենք, որ Անուշը նույնպես այդ մրցաշարում բարձրացել էր պատվո պատվանդանի առաջին աստիճան:
Անին, որ վերջերս է դուրս եկել միջազգային ռինգ եւ նրա համար ամեն բան դեռ առջեւում է, առաջին մենամարտում պարտություն է կրել եւ դուրս է մնացել հետագա պայքարից: Դրա փոխարեն Անուշ Գրիգորյանն ապացուցում է իր բարձր կարգը: Մեկնարկային մենամարտում Անուշը մրցավարների միաձայն որոշմամբ առավելության է հասել Մոլդովան ներկայացնող Եկատերինա Կարպի նկատմամբ, այնուհետեւ, արդեն քառորդ եզրափակչում պարտության մատնել ռինգի տիրուհիներից Ալեքսանդրա Վիգլասին ու մտել կիսաեզրափակիչ՝ իր համար ապահովելով առնվազն բրոնզե մեդալ: Եզրափակչի ճանապարհին նախավերջին մենամարտում Անուշ Գրիգորյանի մրցակիցը մեծբրիտանացի Ալիս Ջոնսն էր, որի արգելքը մեր մարզուհին նույնպես հաղթահարեց ու վճռորոշ մենամարտում չեմպիոնական ոսկին վիճարկելու է գերմանացու հետ:
Այս օրերին Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականի վեց թեկնածուներ, որոնք չէին մասնակցում օրերս Բուլղարիայի Սամոկով քաղաքում անցկացված Եվրոպայի մեծահասակների առաջնությանը, Գրոզնիում հանդես են գալիս Ռամզան Կադիրովի անվան միջազգային մրցաշարում: Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայության փոխանցմամբ, երեկվա դրությամբ մեր տղաներից ռինգ մտել էին երկուսը՝ 64 կգ քաշային Արա Պուլուզյանը, որը պարտություն է կրել, եւ 69 կգ քաշային Արման Դարչինյանը: Վերջինն իր մեկնարկային մենամարտում առավելության է հասել Ղազախստանը ներկայացնող մրցակցի նկատմամբ:
Կարդացեք նաև
«Առավոտ» օրաթերթ
21.08..2015