Regal Entertainment Group-ը ԱՄՆ-ում ամենախոշոր կինոցանցերից մեկն է, այն 7300 կինոդահլիճ ունի ողջ երկրով մեկ: Վերջերս Regal Entertainment Group-ը իր հաճախորդ կինոսիրողներին հայտարարել է, որ անվտանգության նկատառումներից ելնելով՝ կինոսրահների այցելուները ստիպված են լինելու բախվել որոշ անհարմարությունների հետ, մասնավորապես՝ մանրազնին ստուգվելու են նրանց իրերը եւ պայուսակները:
Ընկերության՝ USA Today -ում հրապարակված հաղորդագրության մեջ նշվում է, որ այդ ամենի նպատակը իրենց հաճախորդների հարմարավետությունն ու անվտանգ կինոդիտումներն են: Նման միջոցառումներ ԱՄՆ-ում վաղուց են անցկացվում ժամանցի վայրերում, սպորտային համալիրներում եւ մարդաշատ հաստատություններում:
Հիշեցնենք, որ օգոստոսի սկզբին Թենեսիի ոստիկանությունը ստիպված գնդակահարեց մի տղամարդու, որն անակնկալ կրակ էր բացել կինոդահլիճում նստածների վրա եւ արցունքաբեր գազ բաց թողել: Նման մեկ այլ միջադեպ էլ Լուիզիանայում է գրանցվել, դարձյալ ինչ-որ քաղաքացի կրակ էր բաց արել կինոհանդիսատեսի վրա՝ արդյունքում սպանելով երկու, վիրավորելով 7 մարդու: Regal Entertainment Group-ը կոչ է արել ըմբռնումով մոտենալ իրենց այդ քայլին:
«Առավոտ» օրաթերթ
21.08..2015