Զուգահեռներ անցկացնելով անցյալ և այս տարվա օգոստոսյան իրադարձությունների միջև՝ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ասաց. «Այս տարվա սկզբին նույն լարվածությունը շարունակվում էր: Այն դանդաղեց եվրոպական առաջին խաղերի իրականացման ժամանակահատվածում: Խաղերից հետո ակնկալում էինք, որ սրացումներ կլինեն: Այս տարի հակառակորդը փորձում էր հեռահար տարբեր տրամաչափի ականանետերից կրակել: Կրակում են՝ 60, 80, 120 մմ տրամաչափի ականանետերից»:
Դառնալով ղարաբաղյան հարցի կարգավորմանը՝ նախարարն ասաց. «Մեկ անգամ գտնվել ենք պարտադրանքի իրավիճակում և դրանից պատերազմը հաղթանակած ենք լուծել»: Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքին՝ պարոն Օհանյանն ասաց. «Ես Մինսկի խմբի համանախագահների աշխատանքը դրական եմ գնահատում՝ հասկանալով, որ հակամարտությունները կարճ ժամանակում չեն լուծվում: Մինսկի խմբի համանախագահների գործունեությունն այս տարիների ընթացքում հարաբերական խաղաղություն է ապահովել: Սակայն համանախագահների մեջ էլ տարբեր տիպի քաղաքական ու տնտեսական տարաձայնություններ կան»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ