Լրահոս
Օրվա լրահոսը

Անդրիաս Ղուկասյան. «Եղավ մարդաշատ հանրահավաք, մտնելու ենք հրապարակը փակենք»

Օգոստոս 21,2015 23:00

«Մենք պնդում ենք, որ մեր համբերության բաժակը լցվել է»,- օգոստոսի 21-ին Հանրապետության հրապարակում հանրահավաքի ընթացքում ասաց «Ոտքի, Հայաստանի» նախաձեռնության անդամ Անդրիաս Ղուկասյանը:

Նրա խոսքերով՝ ինչքան էլ մարդիկ հանդուրժեն գալու է մի պահ, երբ պետք է քայլեր ձեռնարկել, որպեսզի փոխեն այդ իրադրությունը. «Կառավարությունը չի ծառայում ժողովրդի շահերին, կառավարությունը հարկադրում է բոլորին ապրել անկախության շեմին կամ դրանից ոչ տարբեր վիճակում: Մենք տեսնում ենք այդ աղքատությունը ամեն տեղ, տարիներ շարունակ, մարդիկ հույսը կորցրել են, ապագան չեն տեսնում, գնում են մեր երկրից: Այդ  ելույթները, որ հնչում են արտագաղթի մասին, արդեն բոլորը հոգնել են, որեւէ բան չի փոխվում: Մենք գտնում ենք, որ եկել է այն ժամանակը, որ պետք է հեռացնել ՀՀԿ-ն գործադիր եւ օրենսդիր իշխանությունից:

Մենք գտնում ենք, որ այդ կուսակցությունը Հայաստանի ապագայի հետ որեւէ կապ չունի, մենք տեսնում ենք, որ այդ մարդիկ տարիներ շարունակ յուրացնում են իշխանությունը մեր երկրի: Իրենք առնում են քաղաքացիներից այդ պաշտոնները պատգամավորների եւ նախագահի, որովհետեւ թքած ունեն ժողովրդի վրա, իրենց հասկացողությամբ դա իսկապես այդպես է, եթե առել ես պաշտոնը, ապա ինչ պատասխանատվություն ունես ժողովրդի առջեւ, ոչ մի: Մենք գտնում ենք, որ այդ կուսակցությունը չի կարող վերաձեւակերպվել,  վերաձեւավորվել, ինչքան այդ կուսակցությունը կա Հայաստանը զարգացում չի ունենա, ոչ ոք Հայաստանում չի ունենա նորմալ բարեկեցիկ կյանք եւ ապագա, ոչ մեկի սեփականությունը, ոչ մեկի անվտանգությունը չի լինի ապահովված, որովհետեւ չի կարող լինել պետություն առանց արդարադատության»:

Ըստ նրա՝ ոստիկանների դեմ մեկ բան կա. «Բոլոր ոստիկանները մի բան են ասում, եթե ժողովուրդը եղավ մարդաշատ որեւէ գործողություն ոստիկանությունը չի անի: Այս ոստիկանները շարքային ոստիկաններ են, իրենք ժողովրդի մասն են, իրենց ղեկավարությունն  է արձակում անօրինական հրամաններ, որոնք նրանք ստիպված են կատարել: Նրանք այդ հրամանները կատարում են, որովհետեւ այստեղ քիչ մարդ կա»:

Անդրիաս Ղուկասյանը համարում է, որ պահին ժողովուրդը դուրս եկավ ե՛ւ ոստիկանությունը, ե՛ւ  բանակը կանցնի ժողովրդի կողմը. «Մենք գտնում ենք, որ պետք է շարունակենք գործողությունները, որոնք կբերեն կառավարության եւ մյուս նախարարությունների արգելափակման: Դրա համար այս վայրը, այս հարթակը ամենահարմար վայրն է, դրա համար մնալու ենք այստեղ եւ հավաքագրելու ենք մարդկանց: Մեր նպատակը ոչ մեկից չենք թաքցնում, եղավ մարդաշատ հանրահավաք, մտնելու ենք հրապարակը փակենք: Փակելու ենք հրապարակը եւ մնալու ենք այնքան ժամանակ, մինչեւ իրենք ստիպված չլինեն երկրից փախնել»:

Նա նաեւ դիմեց ընդդիմությանը. «Հայ ազգային կոնգրես, Ժառանգություն, Հիմնադիր խորհրդարան, դուք այն ուժերն եք, որ սկսած 2008 թվականից մեկդ մյուսին փոխելով ձեռնոց նետեցիք այս իշխանություններին 2008 թվականին, 2013 թվականին, 2015 թվականին դուք ցույց տվեցիք մեզ բոլորիս, որ ձեր համար իշխանափոխությունը գլխավոր քաղաքական խնդիրներից մեկն է: Մենք դիմում ենք ձեզ, ձեւավորեք ժողովրդի վստահության կառավարություն, նախաձեռնեք այս գործընթացը, սկսեք այդ գործընթացը: Մենք չենք խնդրում, որ դուք միանաք մեր հարթակին, որ դուք ձեր կուսակցության համախոհներին բերեք այստեղ, դա ժողովուրդը պետք է անի, բայց դուք արեք այդ գործառույթը, որը դուք որպես քաղաքական ուժեր, որպես կուսակցություններ պարտավոր եք անել, ձեւավորե՛ք ժողովրդի վստահության կուսակցություն»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31