Արցախի ամեն մի շենում, ամեն մի բնակավայրում, ամեն մի հուշարձանի մոտ կլինեն եռասերունդ երկրապահական պատվիրակությունները 2 շաբաթ շարունակ:
Երկրապահական ուխտագնացության հիմքը դեռ ընթացող դաժան պատերազմի պայմաններում դրել է Նազիկ մայրիկը՝ Զորավար Մանվել Գրիգորյանի մայրը: Դեռ 1993-ին էր, որ Նազիկ մայրիկը, մի քանի զոհված քաջերի մայրերի եւ այրիների ուղեկցությամբ, այցելեց պատերազմական առաջնագիծ: Մայրերի, քույրերի, այրիների այս նախաձեռնությունը նենգ ոսոխի դեմ պատերազմող քաջերի համար առաջնագիծ էր հասցրել իրենց իսկ ձեռքերով գործած գուլպաներ, սննդամթերք, հիգիենայի պարագաներ, իսկ ամենակարեւորը՝ օրհնություն, մայրական, քույրական օրհնություն:
Ուխտագնացությունը նվիրվում է Գիտելիքի օրվան, Արցախի անկախության օրվան: Ուխտագնացության շրջանակներում երկրապահներն այցելում են զոհված մարտընկերների պատվին կանգնեցված հուշարձաններին, հանդիպում են սահմանամերձ տարածքների բնակչությանը, ոգեւորում, վստահեցնում, որ վտանգի պահին սահմանաբնակը կզգա Երկրապահի աջակցությունն, ինչպես 1989-94 թվականների պատերազմում է զգացել:
Ուխտագնացները նաեւ սոցիալական աջակցություն են ցուցաբերում Արցախի բոլոր տարածքների բուժկետերին, տեխնիկա են նվիրում գյուղապետարաններին, վարչական կենտրոններին: Սակայն, մի առանձնահատուկ նշանակություն ունի Արցախի բոլոր առաջին դասարանցիներին գրենական պիտույքներով լի պայուսակների նվիրումը: Արցախում արդեն գիտեն, որ բոլոր առաջին դասարանցիներն առաջին անգամ դպրոց ոտք են դնելու ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս Մանվել Գրիգորյանի նվիրած պայուսակներով, որում բացի գրենական պիտույքներից նաեւ կա Զորավարի շնորհավորական ուղերձն ու բարեմաղթանքը արցախցի դպրոցականներին: Այս տարի, ի դեպ, Արցախում առաջին դասարան հաճախողների թիվը կտրուկ աճել է եւ կազմում է 2747 երեխա:
Կարդացեք նաև
Երկրապահ ուխտագնացները Արցախի ճանապարհին արդեն այցելել են Գորիսի տարածաշրջանի հուշարձաններ, տարբեր երգչախմբերի, պարախմբերի մասնակցությամբ համերգային ծրագիր են ներկայացրել Գորիսի զորամասում եւ Գորիս քաղաքում։ Օգոստոսի 22-ին միջոցառումները կշարունակվեն Բերձորում, Ասկերանում, Մարտունիում։
Օգոստոսի 23-ին Քարվաճառի տարածքում կլինեն ուխտագնացները, 24-ին՝ Մարտակերտի բոլոր բնակավայրերում, բոլոր հուշարձանների մոտ, օգոստոսի 25-ին այց հուշարձաններին, նոր հուշարձանի բացում, հանդիպում բնակչության հետ կլինի Հադրութ շրջկենտրոնում եւ Ուխտաձորի բոլոր շեներում, օգոստոսի 26-ին ուխտագնացները կլինեն Տողաձորակում։
Օգոստոսի 27-ին հիմնական մեծ միջոցառումն է, որին, ավանդույթի համաձայն մասնակցում են Արցախի նախագահը, բոլոր վարչական շրջանների ղեկավարները, հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչներ, Հայաստանի բոլոր տարածքներից ազատամարտիկ, երիտասարդ եւ պատանի երկրապահներ, զոհվածների, անհայտ կորածների հարազատներ։ Մայր միջոցառմամբ, սակայն, ուխտագնացություը չի ավարտվում։ Այն շարունակվում է մինչեւ սեպտեմբերի 2-ը՝ Ստեփանակերտում, Շուշիում, մնացյալ տարածքներում։
Իսկ սեպտեմբերի 2-ին ԵԿՄ պատվիրակությունը կմասնակցի Արցախի անկախության օրվա տոնական միջոցառումներին։
Այս տարվա ուխտագնացության առանձնահատկությունն այն է, որ նվիրված է նաեւ Մեծ եղեռնի սրբադասված զոհերի հիշատակին։ Այս առիթով Արցախի բոլոր տարածքներում ընդհանուր թվով 10 խաչքար է տեղադրվել, որոնց բացումները կկատարվեն ուխտագնացության ծրագրի շրջանակներում։ Ընդ որում՝ տեղադրվել են Ջուղայի խաչքարերի կրկնօրինակները։ Երկրապահն այս կերպ արձանագրում է, որ հայ մշակույթը, հայի արարչաստեղծ ոգին, հայ հավատքն անպարտելի են։
ԵԿՄ