Այսօր Բաքվի ծանր հանցագործություններին դատարան տեղի է ունեցել «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության լրագրող Խադիջա Իսմայիլովայի գործով հերթական դատական նիստը:
Ադրբեջանական «Apa» գործակալության փոխանցմամբ՝ դատախազ Ռամզան Գադիեւն իր ելույթում ասել է, թե քննության ընթացքում Իսմայիլովայի մեղքն ապացուցվել է: Նա դատարանի պահանջել է Խադիջա Իսմայիլովային դատապարտել 9 տարվա ազատազրկման:
Այս առնչությամբ հայտարարությամբ հանդես է «Լրագրողներ առանց սահմանների կազմակերպությունը»: Կազմակերպության գլխավոր քարտուղար Քրիստոֆ Դելորը, մասնավորապես, ասել է. «Դա այնքան վրդովեցուցիչ ու անհեթեթ է, որ տվյալ ակնհայտ քաղաքական գործընթացը դառնում է անկախ ԶԼՄ-ների դեմ մեկ տարի առաջ սկսված հալածանքների ալիքի խորհրդանիշ»:
Նա կարծիք է հայտնել է, որ փակ գործընթացի անցկացումը դարձել է բաց թշնամանքի ցուցաբերում, ինչի հստակ նպատակն արդարությունը մերժել է։ «Որպեսզի Իսմայիլովային ավելի շուտ ուղարկեն վանդակաճաղերից այն կողմ, դատավորները մերժում են նրա փաստաբանների գրեթե բոլոր միջնորդությունները, կանխում են ապացույցներ ներկայացնելու բոլոր փորձերը, որոնք ի ցույց են դնում մեղադրանքների անհեթեթ բնույթը»,- ասել է նա։
Կարդացեք նաև
Իսմայիլովայի գործին Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է նաեւ Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիեքսը: Նա նշել է, որ դա տխուր, սակայն սպասելի տեղեկություն էր. «Իսմայիլովան լրագրողների ու ակտիվիստների երկար ցուցակում ընդգրկված հերթական զոհն է, որոնք քրեական հետապնդման են ենթարկվում հնարովի մեղադրանքներով»։
Նա նաեւ դատական մարմիններին կոչ է արել մերժել դատախազի առաջարկը եւ պահպանել միջազգային նորմերը, ինչը կարող է ճանապարհ հարթել Ադրբեջանի արդարադատության համակարգի նկատմամբ վստահության վերականգնման համար։
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ