Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում ընթացող հեծանվավազքի (տրեկ) աշխարհի երիտասարդական առաջնությունում, որին մասնակցում է 32 երկիր, այս տարիքային խմբում վերջերս Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճած Էդգար Ստեփանյանը (նկարում) իր մեդալների հավաքածուն ավելացրեց աշխարհի փոխչեմպիոնի արծաթով: Նա 25 կմ (100 շրջան) խմբային մրցաձեւում բարձրացավ պատվո պատվանդանի երկրորդ աստիճան:
Հայաստանի հեծանվային մարզաձեւերի ֆեդերացիայի նորընտիր նախագահ Արման Սահակյանը, որն ընդամենը երկու ամիս է գլխավորում մարզական ՀԿ-ն, լուրջ ուշադրություն է դարձնում կարեւոր մեկնարկներին մարզիկների ճիշտ նախապատրաստության վրա ու արդյունքները, ինչպես տեսնում ենք, իրենց երկար սպասել չեն տալիս:
Առաջնության ավարտին դեռ երկու օր կա: Էդգարը, ինչպես նաեւ նրա թիմակից Պավել Ստեփանյանը դեռ մի քանի մեկնարկ էլ ունեն:
Մեր պատվիրակությունը գլխավորում է հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյոզալյանը: Թիմի հետ են նաեւ մեխանիկ Արսեն Բորյանը եւ բժիշկ-մերսող Արթուր Ղազարյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Արմեն Գյոզալյանի