Քիչ առաջ Հանրապետության հրապարակ եկավ «Ոտքի Հայաստան» նախաձեռնության անդամ Անդրիաս Ղուկասյանը: Ինչպես արդեն տեղեկացրել էինք, մոտ 2 ժամ առաջ նրան բերման էին ենթարկել:
Նա դժվարացավ նշել, թե ոստիկանության բաժանմունքում քանի ակտիվիստ կար: Անդրիաս Ղուկասյանը ներկաներին տեղեկացրեց, որ «Ոտքի Հայաստանը» շարունակելու է իր հավաքը:
«Գտնում ենք, որ անօրինական են ոստիկանության գործողությունները: Բնականաբար ոստիկանությունը չկարողացավ ներկայացնել, որ օրենքի որ հոդվածն ենք խախտել եւ ինչով են թելադրված եղել իրենց գործողությունները: Մեր գնահատականը այս պահի դրությամբ այն է, որ ոստիկանության պաշտոնատար անձինք, որոնք հրահանգել են միջամտել, ըստ էության ջղաձգություն են ցուցաբերել: Մենք բերել էինք անվադողեր, նրա համար, որ այստեղ կառուցենք ժամանակավոր բեմ եւ նրա համար, որ հետագայում, եթե հասնի նրան, որ առաջանա ինքնապաշտպանության խնդիր, օգտագործենք այդ որպես բարիկադի համար նյութ»,- ասաց Անդրիաս Ղուկասյանը:
Նա հավելեց, որ ոստիկանության արձագանքը չէր համապատասխանում օրենքին եւ չէր համապատասխանում իրավիճակին: 3 անվադողերը հիմք եւ պատճառ չէին նման միջամտության: Անդրիաս Ղուկասյանը ներկաներից խնդրեց 10-15 րոպե հանրահավաքին պատրաստվելու համար:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ