Հայաստանի նկարիչների միությունում այսօր բացվեց երիտասարդ նկարչուհի Էմմա Թումանյանի առաջին անհատական ցուցահանդեսը, որտեղ ներկայացված է մոտ երեսուն գեղանկար:
Նկարիչներից ոմանք Էմմայի գործերն անվանում են փոքր բեմադրություններ, որոնցում կարելի է տեսնել մեր այսօրվա կյանքի արտացոլանքը:
Երիտասարդ ստեղծագործողի կրթությունը սահմանափակվում է Կոջոյանի անվան գեղարվեստի դպրոցով. «Բժիշկների սխալ միջամտության հետևանքով Էմման լսողության հետ կապված խնդիրներ ունի: Այդ պատճառով էլ չկարողացավ ուսումը շարունակել: Անչափ շնորհակալ եմ Կոջոյանի անվան գեղարվեստի դպրոցին, որտեղ շատ լավ մթնոլորտ են ստեղծում նաև սահմանափակ հնարավորություններով երեխաների համար: Գուցե դրա շնորհիվ է, որ Էմման որոշակի համարձակություն ձեռք բերեց մասնագիտանալու»,- ասաց նկարչուհու հորաքույրը՝ Կարինե Թումանյանը:
Էմմային համարձակություն են տալիս նաև մյուս նկարիչների կարծիքները. «Ասում են՝ շատ ինքնատիպ ու բովանդակալից են նրա նկարները: Շատ նկարիչներ կան, չէ՞, որոնք լավ տեխնիկա ունեն, կարողանում են լավ ներկայացնել, բայց միտքը բացակայում է: Էմմայի գործերում բարձր են գնահատում նաև գույների համադրությունը, նրա գունազգացողությունն ու գունամտածողությունը»,- ասում է Էմմա Թումանյանի հորաքույրը:
Կարդացեք նաև
«Մարդն իր սիրտը հանել դրել է կտավների վրա»,- ասում է նկարիչ Խաչատուր Ազիզյանը:
Նրա խոսքով՝ նկարներին նայելիս ու դրանց վերնագրերը կարդալիս անմիջապես զգում ես՝ ինչ է ցանկացել ասել հեղինակը. վերնագրերը շատ դիպուկ են:
«Անտերները», «Լուսային քաոս», «Աղվեսապար», «Օտարվածը», «Մեղանչում», «Երկկենցաղը», «Իրարանցում», «Արցախյան լուսաբաց», «Վագրախումներ»… այսպիսի վերնագրերով ստեղծագործություններ ունի Էմմա Թումանյանը, որոնցում իր մտորումներն ու ապրումներն է խտացրել: Ստեղծագործություններից մեկում նա հույս ունի, որ թուրքերը մի օր կգան ու ներողություն կխնդրեն հայերից, մյուսում մարդիկ են, որոնք ձկան պես լուռ են, բայց կան նաև խոսողներ, երրորդում երեխաներ են, որոնց պետք է ընդամենը մի փոքր հնարավորություն տալ, որպեսզի առաջ գնան և այլն:
Ընդհանրապես, նկարչուհու ստեղծագործություններում մեծ տեղ է հատկացված սոցիալական թեմային: Ասում է, որ չի կարողանում անտարբեր լինել ժողովրդին հուզող խնդիրների նկատմամբ. «Ամեն քայլափոխի հանդիպում ես սոցիալական ողբերգության, իսկ դա չի կարող նստվածք չթողնել»:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ