Մոսկվայի Փարաջանովի անվան գեղարվեստական թատրոնը, որն արդեն 20 տարեկան է, առաջիկայում հյուրախաղերով հանդես կգա Հայաստանում:
«Սեպտեմբերի 22,23-ին մենք կներկայացնենք պրեմիերա Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով, ներկայացման մեջ ներգրավված են ռուս, ուկրաինացի եւ երկու հայ դերասաններ՝ Վլադիմիր եւ Լուիզա Գաբեները: Վլադիմիր Գաբեն մեր թատրոնի գեղարվեստական ղեկավարն է, ու ներկայացման հեղինակը, ինչ վերաբերում է Լուիզա Գաբեին, նա էլ թատրոնի տնօրենն է»,-Aravot.am-ի հետ զրույցում նշեց Մոսկվայի Փարաջանովի անվան գեղարվեստական թատրոնի փոխտնօրեն Ելենա Դավթյանը:
Տիկին Դավթյանը ներկայացնելով նախագիծը, ասաց, որ այն կոչվում է «Արմենիադա», այն ուղեկցվելու է կինոինստալյացիաներով:
Փոխտնօրենի խոսքով «Արմենիադան» առաջին անգամ հանդիսատեսի դատին է հանձնվել այս տարվա ապրիլի 13-ին՝ Մոսկվայի Երաժշտության միջազգային տան Մեծ դահլիճում, եւ շուրջ 2000-անոց դահլիճը 15-20 րոպե ներկայացման ավարտից հետո հոտնկայս ծափահարել է դերասաններին:
Այժմ հրավերք ունեն նաեւ Ֆրանսիայից:
Տիկին Դավթյանը ցավով փաստեց, որ որոշ գործարարներ նախընտրում են գումարներ դնել կարճ փեշերով աղջիկների պարի ու միջոցառումների վրա, քան լուրջ նախագծերի: Նա կոչ արեց ազգային թեմաներով ու մասնավորապես ցեղասպանության մասին ներկայացումների հանդեպ ավելի բարեհաճ գտնվել: «Մեծ ջանքեր է գործադրել Վլադիմիր Գաբեն մեր պապերի ցավը օտարին հասցնելու համար: Հայը կարող է իր պապերի ցավի, կորցրած աճյունների պատմությունը բեմում ներկայացնել, բայց երբ դա քեզ հետ ռուսն ու ուկրաինացին են անում, ուրեմն ջանքերդ իզուր չեն»,-հավելեց մեր զրուցակիցը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ