Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Փաստաբանների պալատի նախագահի նամակը ՀՀ քննչական կոմիտեի նախագահին

Օգոստոս 21,2015 16:47

Հարգելի պարոն Հովսեփյան,

27.05.2015թ. ՀՀ ՀՔԾ ՀԿԳ քննիչ Խ. Մեջլումյանը քրեական գործ հարուցելու և վարույթ ընդունելու մասին թիվ 18-350կգ-15 որոշմամբ՝ թիվ 62228314 քրեական գործով տուժողի ներկայացուցիչ փաստաբանի կողմից արդարադատության իրականացմանը և քննությանը խոչընդոտելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 2-րդ մասով քրեական գործ է հարուցել:

Որոշման մեջ նշված է, որ 2015 թվականի մայիսի 21-ին` ժամը 15:30-ի սահմաններում, «Նորք» հոգեբուժական կենտրոնում փաստաբանը մասնակցելով ամբուլատոր դատահոգեբուժական փորձաքննությունների հանձնաժողովի հերթական նիստին, հանձնաժողովի կազմում ընդգրկված փորձագետներին վիրավորել է` նրանց սադրիչ հարցեր ուղղելով, վերջիններիս կողմնակալության մեջ անհիմն մեղադրելով և այլ դիտավորյալ գործողություններով, վիճաբանել հանձնաժողովի անդամների հետ, խաթարել հանձնաժողովի բնականոն աշխատանքը և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 79-րդ հոդվածի 5-րդ մասի 5-րդ կետի պահանջի խախտմամբ չի ենթարկվել ապօրինի վարքագիծը դադարեցնելու քննիչի օրինական կարգադրություններին, ինչի արդյունքում փորձաքննությունը հերթական անգամ չի կայացել, հետաձգվել է, որպիսի դիտավորյալ գործողություններով փաստաբանը միջամտել է գործով բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն կատարելու նրա գործունեությանը:

Նշվածի վկայակոչմամբ քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով:

Թիվ 62228314 քրեական գործով տուժողի ներկայացուցիչ է հանդես եկել փաստաբան Տիգրան Հայրապետյանը (արտոնագիր N 159)։

ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով քրեական գործ հարուցելու փաստը, քննադատվել է փաստաբանների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի Փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովի կողմից, ինչպես նաև հասարակական գործունեություն իրականացնող այլ անձանց կողմից։

 

Գտնում ենք, որ ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի վարույթն ենթակա է կարճման, հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությանը խոչընդոտելու նպատակով դատախազի, քննիչի կամ հետաքննություն կատարող անձի գործունեությանը ցանկացած ձևով միջամտելը՝ պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհարյուր ապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` մեկից երեք տարի ժամկետով։

Նշված հանցագործության օբյեկտիվ կողմը դրսևորվում է քննիչի գործունեությանը ցանկացած ձևով միջամտելու մեջ։

Սուբյեկտիվ կողմը բնութագրվում է ուղղակի դիտավորությամբ, ընդ որում նշված հանցակազմի պարտադիր հատկանիշ է հանդիսանում գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությանը խոչընդոտելու նպատակը։

Այս գործով, արդարադատության համակարգը, այդ թվում՝ արդարադատության իրականացմանը նպաստող մարմիններն ու ինստիտուտները, մեկ իրավական հարցադրմանը պետք է պատասխանեն՝

–    Արդյո՞ք փաստաբանի մասնագիտական ազդեցությունը/միջամտությունը քննիչի գործունեությանը, կարող է համարվել ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործություն։

 

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 1-ին հոդվածով իրավական պետություն հռչակված Հայաստանի Հանրապետության պոզիտիվ պարտականությունն է ապահովել յուրաքանչյուր անձի՝ իրավունքների և ազատությունների դատական, ինչպես նաև պետական այլ մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունքը (18 հոդված), ինչպես նաև իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը (20 հոդված)։

Սահմանադրական այս նորմերն իրացվել են, մասնավորապես ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում և «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքում, որոնց համաձայն՝

– փաստաբանը՝ փաստաբանական գործունեություն իրականացնելիս ազատ է կատարելու այն, ինչն արգելված չէ օրենքով և չի խախտում այլ անձանց իրավունքները և ազատությունները (Փաստաբանության մասին ՀՀ օրենք, 18 հոդված).

– տուժողի ներկայացուցիչ փաստաբանը լիազորված է հարուցել միջնորդություններ, հայտնել բացարկներ (ՀՀ ՔԴՕ 59 հոդված)։

Փաստաբանների համար սահմանվել են նոր երաշխիքներ, ինչպես միջազգային պայմանագրերով, այնպես էլ՝ ներպետական օրենսդրությամբ։

ՄԱԿ-ի 8-րդ կոնգրեսի կողմից 1990թ-ին ընդունված` Իրավաբանների դերին վերաբերող հիմնարար սկզբունքների`

16-րդ սկզբունքի գ) կետի համաձայն` Կառավարություններն ապահովում են, որպեսզի իրավաբանները դատական հետապնդման և դատական, վարչական, տնտեսական կամ այլ պատժամիջոցների չենթարկվեն` ընդունված մասնագիտական պարտականություններին, նորմերին ու բարոյականությանը համապատասխան ցանկացած գործողության համար, ինչպես նաև չենթարկվեն նման հետապնդման և պատժամիջոցների սպառնալիքների:

20-րդ սկզբունքի համաձայն` Իրավաբանները օգտվում են քաղաքացիական և քրեական անձեռնմխելիությունից համապատասխան հայտարարությունների առնչությամբ, որոնք բարեխղճորեն արված են դատարանին` գրավոր միջնորդագրերի կամ դատարանում բանավոր ելույթների ձևով կամ դատարանում, տրիբունալում կամ իրավաբանական կամ վարչական այլ մարմնում իրենց մասնագիտական պարտականությունները կատարելու ընթացքում:

«Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի համաձայն՝

– Արգելվում է պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց պաշտոնատար անձանց,ֆիզիկական և իրավաբանական անձանց (ներառյալ` զանգվածային լրատվության միջոցների) միջամտությունը փաստաբանական գործունեությանը (2-րդ մաս):

– Փաստաբանը չի կարող հետապնդվել, պատասխանատվության և բերման ենթարկվել, ձերբակալվել, կալանավորվել կամ ենթարկվել իրավունքների այլ սահմանափակման իր մասնագիտական պարտականությունների կատարման կապակցությամբ, ներառյալ` վարույթն իրականացնող և այլ մարմիններում հայտնած կարծիքի կամ դիրքորոշման համար (4-րդ մաս):

Վերը նշված նորմերից հետևում է, որ օրենքը փաստաբանական գործունեությունը սահմանում է իրավապաշտպան գործունեություն, որն ուղղված է վստահորդին իրավաբանական օգնություն ցույց տալուն, և փաստաբանին արտոնում է առնչվել դատավարության մասնակիցների հետ ու միջամտել նրանց դատավարական գործողություններին։ Այդ միջամտությունը կարող է դրսևորվել միջնորդություններով, բացարկներով, բողոքներով և օրենքով չարգելված այլ ձևերով։

Եթե փաստաբանը միջնորդում է հարցաքննությունը հետաձգել, քանի որ այլ գործով դատական նիստի է մասնակցելու, ապա քննիչի գործունեությանը նա միջամտեց, քանի որ քննիչը ստիպված է լինելու հետաձգել հարցաքննությունը։

Փաստաբանի այս միջամտությունը չի կարող երբեք որակվել որպես ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործություն։

Նույն տրամաբանությամբ, կարելի է քննիչին վերահսկող դատախազի օրինական ցուցումները կամ որոշումները նույնպես «տեղավորել» ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 2-րդ մասի տիրույթում, այն պարզ պատճառով, որ դատախազն ուղղակիորեն միջամտում է քննիչի գործունեությանը։

Դատավարության պրոֆեսիոնալ մասնակիցների և դրանց օրենքով տրված լիազորությունների իրականացման առնչությամբ ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 2-րդ մասը չի կարող կիրառվել։

Քննիչի օրինական կարգադրություններին փաստաբանի չենթարկվելը, նույնպես չի կարող հանցագործություն համարվել։ Այս մոտեցումը հիմնավորվում է հետևյալ փաստարկով.

ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Արդարադատության իրականացմանը խոչընդոտելու նպատակով դատարանի գործունեությանը ցանկացած ձևով միջամտելը՝ պատժվում է …..։

Ինչպես տեսնում ենք, դատարանի գործունեությանը միջամտելն էլ համարվում է հանցագործություն, սակայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 314.1 հոդվածը դատավորի օրինական կարգադրությունները չկատարելու …դեպքում դատարանին իրավունք է վերապահել քրեական դատավարությանը մասնակցող անձանց և դատական նիստին ներկա գտնվող այլ անձանց նկատմամբ կիրառելու հետևյալ սանկցիաները.

1) նախազգուշացում.

2) նիստերի դահլիճից հեռացնելը.

3) դատական տուգանք.

4) պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ դիմումով համապատասխանաբար գլխավոր դատախազին կամ Փաստաբանական պալատ դիմելը:

Ընդ որում, գործի քննությանը մասնակցող դատախազի և գործի քննությանը որպես կողմի ներկայացուցիչ կամ պաշտպան մասնակցող փաստաբանի նկատմամբ կարող են կիրառվել սույն հոդվածի առաջին մասի 1-ին և 4-րդ կետերով նախատեսված սանկցիաները:

Ստացվում է, որ ավելի բարձր իրավական կարգավիճակ ունեցող պաշտոնատար անձի՝ դատավորի, օրինական կարգադրությունների չենթարկվելը հանցագործություն չի համարվում, մինչդեռ, ըստ քննիչի՝ քննիչի օրինական կարգադրությանը չենթարկվելը համարվում է հանցագործություն։

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե` բացակայում է հանցագործության դեպքը։

«Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ փաստաբանների պալատի խնդիրներից է պաշտպանել իր անդամների իրավունքները և օրինական շահերը պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և կազմակերպությունների հետ փոխհարաբերություններում, ինչպես նաև դատարանում։

Ելնելով վերոգրյալից,

հաշվի առնելով այն, որ ՀՀ ՀՔԾ ՀԿԳ քննիչ Խ. Մեջլումյանի կողմից քրեական գործ հարուցելու փաստն ինքնին ոտնձգություն է փաստաբանական ինստիտուտի նկատմամբ,

Խնդրում ենք՝

–    Ձեր միջամտությունը՝ ՀՀ ՀՔԾ ՀԿԳ քննիչ Խ. Մեջլումյանի կողմից հարուցված քրեական գործի վարույթը կարճելու կապակցությամբ։

 

Հարգանքով՝

 Հայաստանի Հանրապետության

փաստաբանների պալատի

նախագահ՝ Արա Զոհրաբյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31