Լրահոս
Օրվա լրահոսը

Հովհաննես Սահակյան. «Ես անում ու անելու եմ ամեն ինչ, որ ամուսնությունները լինեն կնոջ և տղամարդու միջև»

Օգոստոս 21,2015 16:15

Հաջորդ շաբաթվա սկզբին սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովին իր և իր ղեկավարած ԱԺ պետաիրավական մշտական հանձնաժողովի առաջարկները կներկայացնի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը: Aravot.am-ի հետ զրույցում պատգամավորն ասաց, որ ներկայացնելու են տարբեր առաջարկներ՝ սկսած նրանից, որ տղամարդն ու կինը հավասար են, վերջացրած ավելի խորքային հարցերով:

Մի շարք առաջարկներ ունեն ԱԺ-ի վերաբերող գլխի հետ կապված: Պարոն Սահակյանը մանրամասնեց. «Սահմանադրական օրենքների քվեարկության հետ կապված նախագծում, օրինակ, նշվում է, որ դրանք պետք է անցնեն ձայների այլ հարաբերակցությամբ՝ 3/5-ով: Բայց կան կարևոր օրենքներ, օրինակ՝ քրեական դատավարության օրենսգիրքը, որը կարևոր է և նմանատիպ օրենքները ըստ մեր առաջարկի՝ պետք է անցկացվեն ձայների ավելի մեծ հարաբերակցությամբ»:

Մեր հարցին՝ քաղաքացիության հետ կապված դրույթի վերաբերյա՞լ ինչ առաջարկներ ունեն, օրինակ՝ իրավաբանները մտահոգություն են հայտնում, որ այդ դրույթը թույլ է տալիս, որ օրինակ՝ Բիբինն ընտրվի համայնքի ղեկավար կամ ավագանու անդամ: Պարոն Սահակյանը պատասխանեց, որ դեռ այդ դրույթին չեն հասել:

Վենետիկի հանձնաժողովի առաջարկությունների՝ մասնավորապես նույնասեռ ամուսնությունների հետ կապված առաջարկի մասին Հովհաննես Սահակյանը փոխանցեց հետևյալը. «Մենք հայ ենք, ունենք մեր մենթալիտետն ու մոտեցումերը: Ես անում ու անելու եմ ամեն ինչ, որ ամուսնությունները լինեն կնոջ և տղամարդու միջև: Դա անձամբ ինձ և շատերի համար քննարկման առարկա էլ չէ: Նաև այդ հարցը օրակարգ է մտել մի փոքր արհեստականորեն»:

Դառնալով առավելագույն ձայներ հավաքած կուսակցությունների և դաշինքների՝ երկրորդ փուլի անցկացման մասին դրույթը հանելու առաջարկին՝ պարոն Սահակյանն ասաց. «Վենետիկի հանձնաժողովը նշել է, որ երկրորդ փուլի հետ կապված բոլոր հարցադրումները պետք է կարգավորվեն ընտրական օրենսգրքով»: Մեր հարցին՝ նոր նախագծի ամենաաբսուրդային և իր համար անընդունելի դրույթը ո՞րն է, Հովհաննես Սահակյանը պատասխանեց. «Խոսում ենք Սահմանադրության մասին, այն մեր օրենսդրության և իրավական համակարգի ու պետության ողնաշարն է: Ամենաաբսուրդային դրույթների մասին հարցադրումներն ինձ համար անընդունելի են»:

Մեր այն դիտարկմանը, թե իրավաբաններն են այդպիսի որակումներ տալիս, պարոն Սահակյանը պատասխանեց. «Կան դրույթներ, որոնք չպետք է գտնվեն Սահմանադրության մեջ: Օրինակ՝ այն դրույթը, որ ամուսնությունը տեղի է ունենում կնոջ և տղամարդու միջև: Կարող ենք չէ, մտածել, բա էլ ո՞ւմ միջև: Կամ ամրագրված է, որ կինը և տղամարդը հավասար են: Ի սկզբանե որպես մարդ երկուսն էլ հավասար են իրենց իրավունքներով և պարտականություններով: Առավել ևս Սահմանադրության մեջ մարդու իրավունքների և ազատությունների գլխում տարանջատում չկա նրանց իրավունքների մասին: Չեմ կարծում, որ դա առանձնապես պետք է շեշտել: Երկուսն էլ մարդ են, ունեն իրենց բնական իրավունքներն ու ազատությունները»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մ.Գրիգորյան says:

    Էդ քանի միասեռ զույգ է դիմել ձեզ ամուսնանալու համար, որ դուք էլ կատաղի պայքարում եք: Դա այդքան ակտուալ է Հայաստանում? Օրենքներ ընդունեք, որ բացառեք կոռուպցիան, թալանը, բարելավեք դատական համակարգը, պայքարեք անարդարության դեմ, հնարավոր դրձրեք մարդկանց նորմալ կյանքը:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31