«Սահմանադրական փոփոխությունների հիմնական իմաստը Սերժ Սարգսյանի իշխանությունը շարունակելու խնդիրն է»,- օգոստոսի 21-ին «Հայացք» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանը:
Նրա կարծիքով՝ բոլոր նրանք, ովքեր կողմ են սահմանադրական բարեփոխումներին եւ բոլոր նրանք, ովքեր չեզոք են սահմանադրական փոփոխությունների նկատմամբ, նրանք պարզապես Սերժ Սարգսյանի իշխանությանը կողմնակիցներն են. «Մենք գտնում ենք, որ այս սահմանադրական փոփոխությունների չանցնելը ազգային արժանապատվության խնդիր է: Եվ յուրաքանչյուր հայ, յուրաքանչյուր քաղաքական եւ հասարակական խումբ պետք է մտածի, որ ինքը նպաստելո՞ւ է արդյոք Սերժ Սարգսյանի իշխանության հավերժացմանը, նպաստելո՞ւ է արդյոք այս դիկտատուրական դրսեւորումների շարունակությանը եւ Հանրապետական գորշ մեծամասնության շարունակությանը: Սա է հիմնական խնդիրը եւ առաջիկա քաղաքական գործընթացների ընթացքում մենք մեզ պահելու ենք այս դիրքորոշումից»:
Արամ Մանուկյանի խոսքերով՝ այս գործընթացը եւ ներկայացված նախագիծը հակասահմանադրական են. «Գործող սահմանադրությունը ունի 1-ին, 2-րդ եւ 114-րդ հոդվածներ, որեւէ մեկը երբեւէ անգամ հանրաքվեով փոփոխելու իրավունք չունի: Ներկայացված նախագծով 114-րդ հոդվածը չկա, այսինքն՝ այս նախագծով իրենք խախտել են գործող Սահմանադրությունը, դրա համար ես անվանում եմ հակասահմանադրական, այս ամբողջ գործընթացը հակասահմանադրական է: Որեւէ մեկը իրավունք չունի անվանել սա սահմանադրական փոփոխություններ, որովհետեւ սա նոր Սահմանադրություն է, փոխված է ամբողջ կոնցեպտը, փոխված է ամբողջ համակարգը, 60 էջը դարձել է 200 էջ, 115 հոդվածը դարձել է երկու հարյուր չգիտեմ քանի հոդված եւ փոխվել է պետական համակարգը, փոխվել է Սահմանադրության անձեռնմխելիության սկզբունքը»:
Արամ Մանուկյանը հավելեց, որ ՀԱԿ-ի համար խիստ սկզբունքային է թույլ չտալ փաստաթղթի ընդունումը, իրենք պատրաստ են համագործակցել քաղաքական ուժերի հետ. «Այս չարիքը հակասահմանադրական է, հակաազգային է, հակապետական է եւ վնասելու է Հայաստանի անկախությանը»:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ