«ՀԷՑ-ի հետ կապված բազմածավալ աշխատանքներ ենք կատարել, որոնք կներկայացնենք աշնանը»,- օգոստոսի 21-ին «Հայացք» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց ԱԺ պատգամավոր, ՀԱԿ քարտուղար Արամ Մանուկյանը:
Նրա խոսքերով՝ Որոտանի կողմից ՀԷՑ-ի առած հոսանքի գինը եղել է 0.48-0.49 դրամ, հետո 16 անգամ թանկացել է. «Պարզել ենք մեկ ուրիշ ստվերային խոհանոցային աշխարհ՝ բացի սակագինը, ՀԷՑ-ը յուրաքանչյուր հոսանք արտադրողի հետ ունեցել է այլ պարտավորություններ՝ հզորության համար գումար վճարելով: Եվ իրենք մշտապես խաղացել են սակագնի եւ վճարելի գումարների համար, որն ավելի շատ եղել է սուբյեկտիվ: ՀԷՑ-ն է որոշել, թե ում ինչքան գումար տալ ոչ թե սակագնի համար, այլ հզորության համար»:
Արամ Մանուկյանը անդրադարձավ նաեւ վարչապետի հայտարարությանը, թե կառավարությունը վճարելու է միայն ազգաբնակչության էլեկտրաէներգիայի թանկացման տարբերության գումարները. «Սա խաբեություն է, սա սովորական ժուլիկություն է: Եվ եթե աուդիտ ես տալիս դու, աուդիտի խնդիրը ո՞րն է: Իշխանությունները ներկայացրին, որ աուդիտը տրվում է հիմնավորելու, թե ինչպես է թանկացել, ինչու է թանկացել, խախտումներ կա՞ն, թե՞ ոչ, եթե դու ստուգումների ես գնացել, թե ինչո՞ւ է թանկացել, որտե՞ղ են խախտումները, ապա ի՞նչ է նշանակում բնակչության համար ստուգում եմ անում գնի, արդյունաբերության համար ստուգում չեմ անում: Հոսանքի գինը նույնն է: Մենք բողոքարկել ենք ընդհանուր գինը, ոչ թե իրեն ինչո՞ւ ես էժան տալիս, նրանը՝ ոչ: Սա խաբեություն է, մենք տեղեկություն ունենք, որ իշխանությունը փորձել է որոշ մաֆիոզներից գումարներ վերցնել, որպեսզի այդ փոխհատուցումն արվի, սուբսիդավորվի, կարծես թե չի ստացվել, դրա համար էլ գնացել են այս տարբերակին, այսինքն՝ կեսը թանկացնենք, կեսը՝ արդյունաբերողները ձայն չեն կարող հանել, որովհետեւ հարկայիններով կճնշենք: Կամ էլ իրենք տեսան, որ ճնշումները քչացան, այս մի բանը բաց թողեցին»:
Իսկ «Որոտան» ՀԷԿ-ի վաճառքը Արամ Մանուկյանը որակեց որպես խայտառակ եւ հայտարարեց, որ այն դեռեւս ամբողջությամբ բացահայտված չէ. «Շատ խիստ կասկածներ ունենք եւ փաստեր, որ Հայաստանի բանկերից վարկեր են վերցնում բարձր տկոսով այդ գնորդները, որպեսզի գնեն Հայաստանի ապրանքը՝ «Որոտանի» մասին է խոսքը»:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ