«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը մնում է տարածաշրջանի ամենակարեւոր հարցերից մեկ: Այն չարորակ ուռուցք է, ստեղծում է անկայուն վիճակ տարածաշրջանում եւ խոչընդոտում է տարածաշրջանի տնտեսական համագործակցությանը»,- Apa.az-ին տված հարցազրույցում այս կարծիքը հայտնել է Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի դեսպան Իրֆան Միդիգը:
Ըստ նրա՝ հակամարտության լուծումը պետք է առաջնային լինի տարածաշրջանի բոլոր շահագրգիռ կողմերի համար: Դեսպանը նաեւ իր ակնկալիքներն է ներկայացրել հակամարտության վերաբերյալ. «Ցավոք, այս տարվա երկրորդ կեսին ես ավելի շատ հույսեր ունեմ, քան ակնկալիքներ: Հուսով եմ, որ նախագահների հերթական հանդիպման ժամանակ խաղաղ բանակցություններն ավելի լուրջ հունի մեջ կմտնեն»:
Իրֆան Միդիգը հավելել է, որ աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների խաղաղ բանակցությունների համապարփակ գործընթացի վերաբերյալ առաջարկին: «Կոչ եմ անում կողմերին դրական վերաբերել այդ առաջարկին»։
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ