Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի առաջնորդ, գերաշնորհ Տ. Հովնան արք. Տերտերյանի ջանքերով հոգևոր ու ազգային ծրագրերին զուգահեռ, զարթոնք է ապրում նաև թեմապատկան շաբաթօրյա դպրոցները: Վերջիներիս կրթական մակարդակի միօրինականացման ու զարգացման նպատակով առաջնորդարանի գիտակրթական հանձնախումբը՝ գլխավորությամբ համայնքի երախտավոր մանկավարժ, դոկտոր Էլլի Անդրեասյանի համակարգում է հաստատությունների ուսումնական, գիտական ծրագրերը, կազմակերպում և իրականացնում է ուսուցիչների վերապատրաստման դասընթացները:
2015թ.-ի օգոստոսի 15-ին, Առաջնորդանիստ Ս. Ղևոնդյանց Մայր Տաճարում տեղի ունեցավ ամենամյա, հերթական աշխատանիստը: Բացման և օրհնության խոսքում, առաջնորդ, բարձրաշնորհ Տ. Հովնան արք. Տերտերյանը շնորհակալություն հայտնեց կազմակերպիչ մարմնին, որոնք սիրով և նվիրումով համախմբում են մայրենի լեզվի ջատագովներին: Ի նշան գնահատության Սրբազան հայրը, խորհրդանշական հուշանվեր հանձնեց դոկտոր Էլլի Անդրեասյանին, ապա տեղեկացրեց, որ առաջիկա տարիներին նմանատիպ դասընթացներ ծրագրվում են կազմակերպել նաև Հայրենիքում՝ Մայր Աթոռի հովանու ներքո:
Օրվա առաջին բանախոսն էր ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արտեմ Սարգսյանը, որն արևմտահայերենի և արևելահայերենի գեղեցիկ համադրությամբ ներկայացրեց «Լեզվական մշակույթը և նորագույն մեթոդները հայագիտության մեջ» նյութը:
Երուսաղեմի Ս. Հակոբյանց Միաբանության Ընծայարանի դասախոս, դոկտոր Մինաս Գոճայանը, հիմնվելով տարբեր երկրներում երիտասարդների հետ աշխատելու իր հարուստ ճանաչողությունից, խոսեց «Մշակույթի դերը նոր սերնդի ազգային ինքնության գիտակցության մեջ» թեմայով:
Ներկաներին գեղեցիկ անակնկալ էր պատրաստել Փասադենայի «Ս. Գրիգոր Լուսավորիչ» շաբաթօրյա դպրոցի տնօրեն Նորայր Տատուրյանը, որը յուրովի կամրջելով անցյալն ու ներկան, ցուցադրեց աշխարհում գոյություն ունեցող Հայոց Ցեղասպանության կոթողներին նվիրված տեսաֆիլմ՝ հագեցած մշակութային, պատմական ու ճարտարապետական անդրադարձնելով:
Օրվա վերջին դասախոսությունը՝ «Ինչպե՞ս ծրագրել դասը՝ ըստ մանկավարժական նոր մոտեցումների» իր մեջ ներառում էր բազմաթիվ արդիական հարցերի պատասխաններ, որոնց հաճախ առնչվում են ուսուցիչները: Փասադենայի «Վաչե և Թամար Մանուկյան» վարժարանի շնորհալի տնօրեն, դոկտոր Արմինե Մովսիսյանի վերոհիշյալ նյութը տալիս էր դրանց պատասխանները՝ հիմնված համաշխարհային մանկավարժության և սեփական փորձառության վրա:
Հրակ է նշել, որ նմանատիպ հանդիպումները ոչ միայն նորոգում են մանկավարժների գիտելիքները, ծանոթացնում ժամանակակից կրթության, գիտության նվաճումներին, այլև առիթ են ստեղծում առաջնորդարանի ջերմ մթնոլորտում միմյանց հետ կիսելու սեփական փորձառությունը:
Օրը հատկանշական էր նաև, որ աշխատաժողովին հյուրաբար ներկա էր գտնվում Վանաձորի Հովհաննես Թումանյանի անվան մանկավարժական համալսարանի օտար լեզուների ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Սոֆի Սարգսյանը, որի հետ տեղի ունեցան մտքերի ջերմ փոխանակություն:
Օգոստոս ամիսն է….. շաբաթօրյա վարժարաններում սկսվում է նոր ուսումնական տարին: Ժամանակակից դասագրքերով ու ծրագրերով թարմացած դպրոցները բացում են իրենց հյուրընկալ դռները, այն հաստատ համոզմամբ, որ իրենց առաքելությունը պսակվելու է նորանոր հաջողություններով:
Հովհաննես սարկավագ Գումրույան