ԱԺ պատգամավոր, ՀԱԿ քարտուղար Արամ Մանուկյանը օգոստոսի 21-ին «Հայացք» մամուլի ակումբում ներկայացրեց գլխավոր դատախազի պատասխանը, որին ուղարկել էին գազի սակագնի հետ կապված իրենց ուսումնասիրության արդյունքը՝ քրեական գործ հարուցելու համար:
«Գազամատակարարման համակարգի գործունեության վերաբերյալ եզրակացությունում առկա տվյալները ոչ թե հանցագործության, այլ գազի սակագնի փոփոխումը տնտեսապես հիմնավորված չլինելու վերաբերյալ տվյալներ են պարունակում, այլ կերպ՝ այս համակարգի գործունեության մասին եզրակացությունում առկա տվյալները չեն կարող դիտվել որպես հանցագործություն եւ քրեական վարույթ սկսելու անհրաժեշտություն չկա»,- ընթերցեց Արամ Մանուկյանը:
Նա հավելեց, որ իրենք սպասում էին նման պատասխանի. «Մենք չէինք սպասում, որ դատախազը թեւքերը քշտած պետք է քրեական գործ հարուցի եւ «Գազպրոմի» եւ Հայաստանի էներգետիկայի նախարարության վրա վարույթ հարուցի: Բնականաբար, սպասելի էր այս պատասխանը, որ Հայաստանի իշխանությունները համաձայն են կամ այլ կերպ չեն կարող վարվել «Գազպրոմում» իրականացված գործողությունների հետ, թանկացումների հետ, եւ որեւէ մեկին իրավունք տրված չէ քրեական գործ սկսել գազի համակարգում տեղի ունեցած բազմաթիվ հանցագործությունների հետ կապված»:
Արամ Մանուկյանը հայտարարեց, որ ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը պետք է պաշտոնապես թանկացնի գազի գինը. «Գազի գինը սահմանվում է 5-6 բաղադրիչներից՝ գազի գինը սահմանի վրա, ԱԱՀ, կորուստներ, ծախսեր եւ վերջնական գինը դառնում է սակագին: Եթե այս բաղադրիչներից որեւէ մեկն ավելանում է կամ պակասում է, սակագինը պետք է փոխվի: Սակագնի 189 դոլարը սահմանի վրա փոխվել է 165-ի, Ռոբերտ Նազարյանը պարտավոր է օրենքի համաձայն այս 165-ը ֆիքսել բազային գին, որից հետո փոփոխություններ կատարել: Եթե իրենք 189-ը պահպանում են որպես բազային գինը, ինքը ֆորմալ, ձեւական, բայց պարտադիր պետք է գազի գնի թանկացման որոշում կայացի»:
Կարդացեք նաև
Ըստ նրա՝ բլեֆ է, կեղծարարություն է, եթե հայտարարում են, որ գազի գինը մնում է նույնը ռուբլի-դրամ հարաբերությունների համար, դա պարզապես խախտում է:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ