Լրահոս
Օրվա լրահոսը

Խոսրով Հարությունյան. «Միայն թե իշխանությանը դեմ լինի, ընդդիմությունը «պեռնո» կանգնած է»

Օգոստոս 21,2015 12:38

«Ես չեմ զբաղվում քաղաքական կոնսուլտացիաների կազմակերպմամբ, բայց քաղաքական բանական կամքը ենթադրում է, որ այս կարեւոր հարցի շուրջ քննարկումներին բոլորն էլ պետք է մասնակցեն`ձեւավորելով իրենց նաեւ բացասական մոտեցումը»,- այսօր «Փաստարկ» մամուլի ակումբում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը`պատասխանելով հարցին`ո՞ր կուսակցություններն են համաձայնություն տվել հանդիպել նախագահ Սերժ Սարգսյանի հետ`սահմանադրական բարեփոխումների վերջնական փաստաթղթի շուրջ կարծիք հայտնելու համար:

Հիշեցնենք, որ սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Գեւորգ Դանիելյանն «Ազատություն» ռադիոկայանին ասել էր, որ մասնագիտական հանձնաժողովն այսօր արդեն նախագծի վերջնական տարբերակը կներկայացնի նախագահին:

Լրագրողները հետաքրքրվեցին`արդյոք նախագծի վերջնական տարբերակում հաշվի առնվե՞լ են կայուն մեծամասնության եւ երկրորդ փուլի ընտրությունների վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի դիտարկումները`դրանք սահմանադրության նախագծից հանելու եւ օրենքով կարգավորելու մասին: Խոսրով Հարությունյանը պարզաբանեց, որ նախագծում, իր կարծիքով, Հայաստանի համար լավագույն լուծումն է գտնված, քանզի Հայաստանն իրեն չի կարող թույլ տալ Իտալիայի շռայլությունը և երկու տարին մեկ կառավարություն ձևավորել: Ի՞նչ վերաբերմունք կդրսեւորի Վենետիկի հանձնաժողովի առաջարկների նկատմամբ մասնագիտական հանձնաժողովը, պատգամավորը չգիտի, բայց իր մեկնաբանությունները կառուցված են սահմանադրական հանձնաժողովի դատողությունների վրա:

Լրագրողներից մեկը նկատեց, որ ի հեճուկս իր այն համոզման, թե ընդդիմության տարիներ շարունակ ձեւավորած տեսակետն է դարձել Հայաստանում սահմանադրական բարեփոխումների եւ կառավարման համակարգի փոփոխության առիթ, այդ թվում նաեւ իշխող կուսակցությանը քաղաքական մենաշնորհից զրկելու պատրվակով, այս գործընթացը ընդդիմությունը դիտում է ոչ թե ՀՀԿ-ից ազատվելու այլ նրա վերարտադրվելու հնարավորություն: «Ընդդիմությունը ձեւակերպում էր, որ կա քաղաքական մենաշնորհ, որը պատկանում է ՀՀԿ-ին: Ես դա չեմ ընդունել, բայց իրենք ասում էին: 2013-ի ընտրությունների արդյունքում Րաֆֆի Հովհաննիսյանին առաջարկվեց, բայց նա հրաժարվեց գլխավորել այդ հանձնաժողովը եւ իր պատկերացումներով սահմանադրական բարեփոխումներ իրականացնել: Հիմա, պարզ է, որ մասնագիտական հանձնաժողովը ներկայացրել է մի բան, որը կարող է նաեւ վիճելի լինել: Եթե դուք ազնիվ եք, մտահոգ եք հանրային կյանքի վերաբերյալ, պիտի ի սկզբանե կամ այս փուլում մասնակցեք այս փաստաթղթի ձեւավորմանը: Մնացածը`պարապ զրույց է»,- ասաց նա:

Խոսելով արդեն սահմանադրական բարեփոխումների գործընթացի շուրջ ընդդիմության համախմբման եւ համատեղ պայքարի մասին, բանախոսն ասաց. «Նույն ընդդիմության ջանքերով այս բարեփոխման գործընթացը վարկաբեկվեց հանրության աչքում, հիմա մի քիչ դժվար եմ պատկերացնում իրենց իսկ կողմից վարկաբեկված հարցի շուրջ համախմբում: Բայց ոչինչ բացառել հնարավոր չէ, քանի որ լոտոյի տերմինով ասած, միայն թե իշխանությանը դեմ լինի, ընդդիմությունը «պեռնո» կանգնած է»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31