Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԱՄՕ-ն լուրջ ներդրումներ կատարեց, բայց ՄՀՀ-ի շահութաբերություն չկարողացավ ապահովել. «Ազգ»

Օգոստոս 21,2015 12:19

Կարեն Դեմիրճյանի անվան մարզա-համերգային համալիրը ԲԱՄՕ-ն գնեց 5,7 մլն դոլարով եւ պարտավորվեց երեք տարվա ընթացքում 9,5 մլն դոլարի ներդրումներ կատարել, հիմնովին նորոգել կառույցը` ճարտարապետական լուծումները նույնը թողնելով։ Պետք է ամբողջությամբ փոխվեին եւ ժամանակակից պահանջներին համապատասխանեցնեին ձայնային, լուսային սարքավորումները, դահլիճների գույքը, օդափոխման համակարգը, կոմունիկացիաները եւ այլն։ Կառույցը շարունակելու էր կրել Կարեն Դեմիրճյանի անունը, ուղղվածությունը մնալու էր նույնըՙ այնտեղ անց էին կացվելու մարզական եւ մշակութային միջոցառումներ։ Տարեկան ընկերությունը պարտավորվել էր անվճար սպասարկել 5 պետական նշանակության միջոցառումներ, ապահովել դեպի Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշարձան երթի ճանապարհը։ ԲԱՄՕ-ն պարտավորվում էր նաեւ պահպանել ներկայումս գրանցված 99 աշխատակիցներին եւ նրանց վճարել միջինը 50 հազար դրամ աշխատավարձ։

Վերոնշյալ պարտավորություններից ներդրումների գումարային չափի մասին չենք կարող ոչինչ ասել, բայց ԲԱՄՕ-ն իսկապես լուրջ գումարներ ներդրեց եւ ամբողջովին նորոգեց համալիրը, որն ուղղակի փլուզվում էր: Լուսավորման, ջրամատակարարման եւ ջրահեռացման կոմունիկացիաների, ջեռուցման, ջերմամեկուսացման, օդափոխման եւ այլ համակարգերը հիմնանորոգվեցին: Նոր ձայնալուսային եւ այլ սարքավորումներով հագեցվեցին համերգային դահլիճները, որոնք սակայն այնքան էլ համապատասխան չէին ժամանակակից պահանջներին: Վերանորոգվեց եւ վերագործարկվեց սահադաշտը: Համալիրում սկսեցին շատ ավելի հաճախ անցկացվել մարզական եւ մշակության միջոցառումներ, մասնավորապես համերգներ, քան մինչեւ նրա վաճառքն էր: Մի խոսքով, ԲԱՄՕ-ն իսկապես բավականին մեծ փոփոխություններ կատարեց շենքում, բայց ընկերությանն այդպես էլ չհաջողվեց շահութաբեր գործունեություն ծավալել:

Մարզահամերգային համալիրի աշխատակիցները առնվազն 6-8 ամիս ուշացումով էին աշխատավարձերը ստանում, շենքը կուտակում էր պարտքեր, չկարողանալով վճարել իրեն մատուցված ծառայությունների համար: Համալիրի պահպանման ծախսերը հոգալու համար ֆինանսական մեծ հոսքեր էին անհրաժեշտ: Դա հնարավոր էր միայն, եթե ամեն օր այդտեղ քիչ թե շատ նշանակալի եւ մարդաշատ միջոցառում տեղի ունենար: Ի վերջո, քանի որ այդ ամենը սեփականատեր ընկերությանը չհաջողվեց կատարել, շենքը նախ դրվեց աճուրդով վաճառքի, որը մի քանի անգամ չկայացավ գնորդ չլինելու պատճառով, ապա կառավարության որոշմամբ տրվեց պաշտպանության նախարարությանը: Մի քանի ամիս անց էլ կայացվեց համալիրի նոր վաճառքի մասին որոշումը:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31